Ծննդոց գրքի մեկնություն 12:14

Ա. Լոպուխին

14-16. Երբ Աբրամը մտավ Եգիպտոս, եգիպտացիները տեսան, որ նրա կինը շատ գեղեցիկ է: [14] Տեսան նրան նաև փարավոնի իշխանները, գովեցին նրան փարավոնի առաջ ու նրան տարան փարավոնի պալատը: Սարայի շնորհիվ Աբրամի հետ լավ էին վերաբերվում, և նա հոտերի, նախիրների, էշերի, ծառաների ու աղախինների, ջորիների և ուղտերի տեր դարձավ: (Սինոդական թարգ․)

   
   Աբրամի ենթադրությունները չհապաղեցին մեծ ճշգրտությամբ իրականանալ, և փրկության նրա ծրագիրն առավել քան հաջողվեց:

   Տեսան նրան նաև փարավոնի պաշտոնյաները… Բնագրում «արքայազններ» (սարեյ) բառով է արտահայտված, ինչը լիովին համահունչ է պատմությանը և վկայում է եգիպտական պալատականների՝ երկրի ամենաբարձր խավին [ռուս.շարադրանքում՝ կաստա] պատկանելու մասին: «Փարավոն» բառը չի եղել եգիպտական որևէ թագավորի հատուկ անձնանունը, այլ իրենից ներկայացրել է հավաքական մի տիտղոս՝ հինեգիպտական բոլոր տիրակալների համար, ինչպես ժամանակակից «թագավոր, կայսր, միապետ» և այլ բառերը: Ինչ վերաբերում է «փարավոն» բառի ծագմանը, ապա լավագույն ստուգաբանությունը սեպագրերի հիման վրա կատարել են Ռուժեն, Բրուգշեն և Էբերսը. ըստ այդմ՝ «փարավոն» բառն առաջացել է հինեգիպտական «փերեա» կամ «փերաո» գոյականից, որ նշանակում է «մեծ տուն», միանգամայն համանման իմաստ ունի նաև Թուրքական կայսրությանը տրված «Մեծ պորտա» անվանումը:

   Եգիպտագետների կողմից առավել հավաստի համարվող վարկածի համաձայն՝ Աբրամի ուղևորությունը դեպի Եգիպտոս պետք է տեղի ունեցած լինի 12-րդ արքայատոհմի [դինաստիա] առաջին թագավորներից մեկի օրոք՝ մեր թվարկությունից 2000 տարի առաջ:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Երբ Աբրամը մտաւ Եգիպտոս, եգիպտացիները տեսան, որ նրա կինը շատ գեղեցիկ է:
(Արարատ թարգ․) Եվ երբ Աբրամը Եգիպտոս մտավ, եգիպտացիները տեսան, որ այդ կինը շատ գեղեցիկ է:
(Գրաբար) Եւ եղև իբրև եմուտ Աբրամ յԵգիպտոս, և տեսեալ Եգիպտացւոցն զկինն զի գեղեցի՛կ էր յոյժ։