Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
5-7. «Կամ չե՞ք կարդացել Օրենքում, որ շաբաթ օրերին քահանաները տաճարում պղծում են շաբաթը, սակայն անմեղ են»։ «Բայց Ես ասում եմ ձեզ, որ այստեղ կա Մեկը, Ով տաճարից ավելի մեծ է»։ «Եվ եթե դուք գիտենայիք, թե ի՛նչ է նշանակում․ «Ողորմություն եմ ուզում, այլ ոչ թե զոհ» (Ովս. 6։6), ապա չէիք դատապարտի անմեղներին»։
Այնուհետև Հիսուս շաբաթ օրվա պատվիրանի մասին նաև մեկ ուրիշ բացատրություն է տալիս։
Նախ՝ որպես օրինակ բերեց Դավթին, որպեսզի նրանց (փարիսեցիների) հպարտությունը խոնարհեցնի այդ անձի (Դավթի) արժանավորությամբ։ Երբ նրանց ամբարտավանությունն ամոթանքի արժանացրեց, այդ ժամանակ շաբաթ օրվա պատվիրանի հարցն ավելի վճռականորեն լուծեց։ Ինչպե՞ս։ «Կամ մի՞թե չգիտեք, որ շաբաթ օրերին քահանաները տաճարում պղծում են շաբաթը, սակայն անմեղ են» (հմմտ․ Մատթ. 12:5)։
Այնտեղ, - ինչպես ասում է Հիսուս, - մի որոշակի հանգամանքը դարձավ շաբաթի խախտման առիթ, իսկ այստեղ այն խախտվում է՝ անկախ հանգամանքներից։ Հիսուս այս եղանակով անմիջապես չի լուծում հարցը, այլ նախ ներկայացնում շաբաթ օրվա պատվիրանի խախտումը որպես թույլատրելի մի երևույթ, և հետո միայն՝ հաստատապես ցույց է տալիս նրա (Դավթի) արդարությունը։ Ամենազորավոր ապացույցը պետք էր ներկայացնել վերջում, թեև առաջինն էլ ուներ իր ուժը։
Ինձ մի՛ ասա, թե մեղք գործած մեկին որպես օրինակ բերելը չի նշանակում զերծ լինել նմանատիպ մեղքի մեղադրանքից։ Երբ որևէ սխալ գործածին չեն մեղադրում, այդ գործողությունն արդեն օրենքով ծառայում է որպես արդարացում։
Այդուամենայնիվ, Տերը դրանով չի բավականանում և էլ ավելի հզոր առարկություն է բերում՝ ասելով, որ Իր աշակերտների արածն ընդհանրապես մեղք չէ։ Հիսուս փարիսեցիների նկատմամբ հաղթանակ է տանում հատկապես նրանով, որ Ինքն իսկ, օրենքը վերացնողը լինելով, աշակերտներին երկակի (իսկ իրականում՝ եռակի) ձևով արդարացնում է՝ մատնանշելով և՛ վայրը, և՛ շաբաթը, և՛ քահանաների նկատմամբ գործող այլ կարգը, և, ինչը որ ամենակարևորն է, ա՛յն, որ դա նրանց անգամ մեղք չէր համարվում. «․․․անմեղ են» (Մատթ. 12:5)։
Տեսնո՞ւմ ես, թե քանի՜ հանգամանք է Հիսուս մեջբերում։ Վայրը, որովհետև դա տեղի էր ունենում տաճարում, - ասում է Նա։ Անձը, որովհետև դա անողները քահանաներն էին, ժամանակը, որովհետև դա շաբաթ օրն էր, արարքը, որովհետև նրանք «պղծում են» շաբաթը։ Ու ոչ թե ասում է՝ «խախտում են», այլ ավելի ուժգին բառ է գործածում՝ «պղծում են»։ Եվ, վերջապես, ավելացնում է, որ նրանք ո՛չ միայն պատիժ չեն կրում, այլև ազատ են մեղադրանքից. «․․․անմեղ են», - ասում է Նա։
Բայց մի՛ կարծեք, թե Դավթի արարքը հավասարազոր էր քահանաների գործողություններին. այն արվել է մեկ անգամ, այն էլ՝ ոչ քահանայի կողմից և ոչ էլ անհրաժեշտությունից դրդված, դրա համար էլ Դավիթն ու նրա հետ եղողներն արժանի էին ներողամտության։ Մինչդեռ այս դեպքում, ընդհակառակը, կատարվում է ամեն շաբաթ, քահանաների կողմից, տաճարում և օրենքով։ Դրա համար այս արարքը կատարողներն անմեղ են ո՛չ միայն հանդուրժողականության ուժով, այլև՝ օրենքի համաձայն։
«Եվ սա չեմ ասում նրանց մեղադրելու համար, — ասում է Տերը, — և ոչ էլ հանդուրժողականություն դրսևորելով եմ նրանց ազատում մեղքից, այլ դա անում եմ արդարության օրենքի համաձայն։ Թվում է՝ Հիսուս քահանաներին է արդարացնում, բայց, միաժամանակ, մեղադրանքներից ազատում է նաև Իր աշակերտներին։ Երբ Քրիստոս ասում է՝ «քահանաներն անմեղ են», մի՞թե աշակերտներն առավել ևս այդպիսին չեն։ Նրանք քահանաներ չե՞ն։ Բայց չէ՞ որ նրանք քահանաներից էլ ավելի մեծարժան են։ Այստեղ ներկա է Ինքը՝ սրբարանի Տերը, Ճշմարտությունը, ու ոչ թե ստվերը։ Դրա համար էլ Հիսուս ասում էր՝ «Բայց Ես ասում եմ ձեզ, որ այստեղ կա Մեկը, Ով տաճարից ավելի մեծ է» (Մատթ. 12:6)։
Իսկ փարիսեցիները, չնայած այսպիսի՜ կարևոր խոսքեր էին լսում, սակայն ոչինչ չպատասխանեցին, որովհետև այդ ուսմունքը մարդու փրկությանը չէր վերաբերում։ Այնուհետև, քանի որ այդ ուսմունքն ունկնդիրներին ծանր էր թվում, ուստի Տերն անմիջապես քողարկեց այն՝ Իր խոսքով կրկին արդարացնելով աշակերտներին և հանդիմանելով փարիսեցիներին ու ասելով. «Եթե դուք գիտենայիք, թե ի՛նչ է նշանակում․ «Ողորմություն եմ ուզում, այլ ոչ թե զոհ» (Ովս. 6։6), ապա չէիք դատապարտի անմեղներին» (Մատթ. 12:7)։
Տեսնո՞ւմ ես, թե Հիսուս ինչպես է Իր խոսքով դարձյալ պաշտպանում աշակերտներին և միաժամանակ ցույց տալիս, որ նրանք ընդհանրապես արդարացման կարիք չունեն։ «Չէիք դատապարտի անմեղներին․․․», — ասում է Նա։ Նախկինում Հիսուս այս խոսքը կիրառել էր քահանաների վերաբերությամբ՝ ասելով, որ նրանք «անմեղ են», իսկ այժմ նույնը կիրառում է Իր աշակերտների նկատմամբ։ Սակայն սա նույնպես Քրիստոս ասում է ոչ այնքան Ինքն Իրենից, որքան օրենքից վերցնելով, քանի որ Նա մեջբերում է մարգարեական խոսքը (տե՛ս Ովս. 6:6)։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Կամ թէ Օրէնքում չէ՞ք կարդացել, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները պղծում են շաբաթը եւ անմեղ են:
Կամ չե՞ք կարդացել Օրենքում, որ շաբաթ օրերը քահանաները Տաճարում պղծում են շաբաթը, բայց չեն մեղանչում։
Որքա՜ն մեծ է Տիրոջ իմաստությունը, ինչպե՛ս նրանց երկու հարցին էլ Օրենքի համաձայն երկու պատասխան տվեց. նախ՝ քահանաներին դեռ չմատուցված երախայրիքի վերաբերյալ, և երկրորդ՝ շաբաթի խախտման: Առաջինի համար Դավթի օրինակը բերեց, որից ըմբերանվելով լռեցին, իսկ երկրորդի համար օրինակ բերեց քահանաներին, քանի որ ոչ թե որևէ աշխարհական այն էլ Տաճարից դուրս էր խախտում շաբաթը, այլ քահանաները և Տաճարի ներսում, սակայն չէին մեղադրվում: Բայց ինչպե՞ս էին խախտում: Կամ թլփատություն էին անում շաբաթ օրը, քանի որ շաբաթ օրը ծնված մանուկներին ըստ Օրենքի ութերորդ օրը քահանաները թլփատում էին Տաճարում, և եթե [շաբաթ օրվա] ծնունդն իրենց կամքից անկախ էին համարում, ապա թլփատությունը կամովին էին կատարում, որովհետև թլփատությունը, Աբրահամից սկսած լինելով, խափանում էր Մովսեսի [միջոցով սահմանված] շաբաթվա [օրենքը], ինչպես և այլուր ասում է [Տերը]. «Մարդը թլփատվում է շաբաթ օրը, որպեսզի Մովսեսի օրենքը չխախտվի» (Հովհ. 7։23): Որովհետև դա ոչ թե Մովսեսից էր [սկսվել], այլ [նախկին] հայրերից, և թլփատությունն ավելի էին պատվում, քան շաբաթը՝ իբրև ավելի հին [օրենք] և մարդկանց կյանքի պատճառ, որովհետև ով չէր թլփատվում ութերորդ օրը, վերացվում էր ժողովրդի միջից: Ուրեմն քահանաները սա էին գործում ըստ Օրենքի և չէին մեղանչում: Կամ էլ՝ [Տերը] շաբաթի խախտում է համարում զոհերի մատուցումը, որովհետև թեպետ ժողովուրդը դադարում էր կենցաղային գործեր կատարելուց, բայց քահանաները փայտ էին կոտրում ու խարույկ վառում, ողջակեզներն այրում և ճարպն ու արյունը զոհասեղան հանում՝ որպես շաբաթ օրը կատարվող սովորական գործեր, բայց պատժի չէին արժանանում: Այդպես էլ սրանք են [շաբաթը խախտում], ասում է [Տերը], որովհետև [Հին ուխտի] թերաքամ ստվերը ներկա ճշմարտությունն է խորհրդանշում: Բայց որպեսզի չասեին, թե [աշակերտները] քահանա չեն, ավելացնում է.
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Կամ թէ Օրէնքում չէ՞ք կարդացել, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները պղծում են շաբաթը եւ անմեղ են:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: