Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
32-36. «Եվ, երբ նրանք նավ մտան, քամին հանդարտվեց»։ «Նավի վրա եղողները մոտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Իսկապես, Դու Աստծու Որդին ես»»։ «Եվ նրանք, լճի մյուս կողմն անցնելով, Գեննեսարեթի գավառ եկան»։ «Տեղաբնակները, Նրան ճանաչելով, մարդ ուղարկեցին ամբողջ գավառով մեկ, և բոլոր հիվանդներին Նրա մոտ բերեցին։ «Եվ աղաչում էին Նրան, որ գոնե Նրա հագուստի քղանցքին դիպչեն։ Եվ ովքեր դիպան, բժշկվեցին»։
«Եվ, երբ նրանք նավ մտան, քամին հանդարտվեց» (32-րդ համար) - Նախկինում տեղի ունեցած նմանատիպ դեպքում մարդիկ ասում էին. «Ո՞վ է այս մարդը, որ քամիներն ու ծովն էլ հնազանդվում են Նրան» (տե՛ս Մատթ. 8։27)։ Իսկ այժմ ուրիշ կերպ են ասում․ «Նավի վրա եղողները, — ասում է ավետարանիչը, — մոտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Իսկապես, Դու Աստծու Որդին ես» (33-րդ համար)։ Տեսնո՞ւմ ես, թե Տերն ինչպես է աստիճանաբար բոլորին դեպի վեր ու վերելք առաջնորդում։ Շնորհիվ այն բանի, որ Քրիստոս Ինքը ծովի վրայով քայլեց, մեկ ուրիշին էլ (Պետրոս առաքյալին) թույլատրեց նույնն անել և փրկեց նրան վտանգից, աշակերտների հավատքը մեծապես զորացավ։ Այն ժամանակ Նա հնազանդեցրեց ծովին, իսկ այժմ ոչ թե հնազանդեցնում, այլ մեկ ուրիշ՝ առավել վսեմաշուք եղանակով է ցույց տալիս Իր ամենազորությունը։ Հենց այդ պատճառով էլ առաքյալներն ասացին. «Իսկապես, Դու Աստծու Որդին ես»։ Իսկ ի՞նչ եղավ հետո։ Հիսուս նրանց արգելե՞ց այդպես խոսել։ Բոլորովին հակառակը, նույնիսկ հաստատե՛ց ասվածը նրանով, որ ավելի մեծ իշխանությամբ, և ոչ թե ինչպես նախկինում էր, սկսեց բժշկել Իրեն մոտեցողներին։
«Եվ նրանք, լճի մյուս կողմն անցնելով, — ասում է ավետարանիչը, —Գեննեսարեթի գավառ եկան» (34-րդ համար)։ «Տեղաբնակները, Նրան ճանաչելով, մարդ ուղարկեցին ամբողջ գավառով մեկ, և բոլոր հիվանդներին Նրա մոտ բերեցին» (35-րդ համար)։ «Եվ աղաչում էին Նրան, որ գոնե Նրա հագուստի քղանցքին դիպչեն։ Եվ ովքեր դիպան, բժշկվեցին» (36-րդ համար)։
Այժմ Փրկչին չեն մոտենում այնպիսի խնդրանքներով, ինչպես նախկինում էր. Նրան տուն չեն կանչում, չեն պահանջում, որ ձեռքով դիպչի կամ խոսքով հրամայի։ Ընդհակառակը, առավել վսեմ իմաստասիրությամբ և ավելի առատաբուխ հավատքով են բժշկություն խնդրում։ Արյունահոսող կի՛նը բոլորին սովորեցրեց այդ իմաստությունը։
Միևնույն ժամանակ, ավետարանիչը, ցանկանալով ցույց տալ, որ Հիսուս Քրիստոս վաղուց արդեն չէր եղել այդ երկրում, ասում է. «Տեղաբնակները, Նրան ճանաչելով, մարդ ուղարկեցին ամբողջ գավառով մեկ, և բոլոր հիվանդներին Նրա մոտ բերեցին»։ Սակայն ժամանակը ոչ միայն չվերացրեց [ժողովրդի] հավատքը, այլև նույնիսկ ավելացրեց այն և պահպանեց մեծ զորությամբ։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ երբ նրանք նաւակ բարձրացան, քամին հանդարտուեց:
Երբ նավ բարձրացան, քամին հանդարտվեց:
Որպեսզի մարգարեի ասածն իրականանար. «Դու ես տիրում ծովի զորություններին և Դու ես հանդարտեցնում նրա ալիքների խռովությունը» (Սաղմ. 88։10). «Ջրերը տեսան Քեզ ու վախեցան, և խորությունները խռովվեցին» (Սաղմ. 76։17), և՝ «Քո շավիղներն առատ ջրերում են, և Քո հետքերն այլևս չեն երևում» (Սաղմ. 76։20):
Իսկ այլաբանորեն՝ ծովն այս աշխարհն էր, որը հանդարտվելու էր առաքյալների քարոզությամբ, այն բանից հետո, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մտավ [այնտեղ] և ելավ: Եվ դադարելու էին քամիների հարձակումները՝ Բանսարկուի փորձություններն ու ուսմունքները:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ երբ նրանք նաւակ բարձրացան, քամին հանդարտուեց:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:24
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: