Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 88

ՕՐՀՆԵՐԳ ԵՒ ԱՂՕԹՔ ՀԱՒԱՏԱՐԻՄ ԱՍՏԾՈՒՆ
   
1․ Եման Եզրայելացու իմաստութիւնը
2․ Քո ողորմութիւնները, Տէ՛ր, յաւիտեան պիտի օրհնեմ, սերնդից սերունդ պիտի պատմեմ իմ բերանով:
3․ Ասացիր՝ «Աշխարհս ողորմութեամբ պիտի շինուի». Տեր, քո ճշմարտութիւնը երկնքում պիտի հաստատուի:
4․ [Ասացիր՝] «Ուխտ կնքեցի իմ ընտրեալների հետ, երդուեցի իմ Դաւիթ ծառային՝
5․ որ իր սերունդը յաւիտեան պիտի հաստատեմ եւ նրա աթոռը դարէդար պիտի կառուցեմ»:
6․ Երկինքը պիտի պատմի քո հրաշագործութիւնը, Տէ՛ր, եւ քո ճշմարտութիւնը՝ սրբերի ժողովում:
7․ Ամպերի մէջ ո՞վ է քեզ հաւասար, կամ Աստծու որդիների մէջ ո՞վ է Տիրոջը նման:
8․ Աստուած փառաւորուած է իր սրբերի խորհրդում, մեծ եւ ահաւոր է նա իր շուրջը եղողների համար:
9․ Զօրութիւնների՛ Տէր Աստուած, ո՞վ է քեզ նման. հզօր ես դու, Տէ՛ր, եւ ճշմարտութիւնդ քո շուրջն է:
10․ Դու տիրում ես ծովի զօրութիւններին, եւ նրա ալիքների խռովքը դու ես հանդարտեցնում:
11․ Դու վիրաւորների պէս խոնարհեցրիր ամբարտաւաններին եւ բազկիդ ուժով ցրեցիր քո թշնամիներին:
12․ Քոնն է երկինքը եւ քոնն է երկիրը, աշխարհն իր մէջ եղածով դո՛ւ հաստատեցիր:
13․ Հիւսիսն ու Հարաւը դո՛ւ ստեղծեցիր, Թաբորն ու Հերմոնը քո անուամբ պիտի ցնծան:
14․ Քոնն է բազուկը եւ քոնն է կարողութիւնը, թող զօրանայ քո աջը, եւ բարձր լինի քո ձեռքը:
15․ Քո աթոռը հաստատուած է արդարութեան ու իրաւունքի վրայ, ողորմութիւնն ու ճշմարտութիւնը քո առաջից պիտի ընթանան:
16․ Երանի այն ժողովրդին, որը գիտակցում է քո օրհնութիւնը, Տէ՛ր, նա քո երեսի լոյսով պիտի ընթանայ:
17․ Նա քո անուամբ պիտի ցնծայ գիշեր-ցերեկ, ու քո արդարութեամբ բարձր պիտի լինի:
18․ Դու ես պարծանքը մեր զօրութեան, եւ մեր եղջիւրը քո կամքով պիտի բարձրանայ:
19․ Տիրոջից է Իսրայէլի սրբի՝ մեր թագաւորի օգնութիւնը:
   
ԴԱՒԹԻՆ ԱՐՈՒԱԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
   
20․ Այնժամ դու տեսիլքի մէջ խօսեցիր որդիներիդ հետ՝ ասելով. «Օգնութի՛ւն ցոյց կը տամ հզօրին, եւ կը բարձրացնեմ ժողովրդիս ընտրեալին:
21․ Գտայ իմ Դաւիթ ծառային, սուրբ իւղովս օծեցի նրան:
22․ Ձեռքս կ՚ընդունի նրան, եւ բազուկս նրան կը զօրացնի:
23․ Թշնամին չի վնասի նրան, եւ անօրէնութեան որդին նրան չի չարչարի:
24․ Նրա թշնամիներին կը հարուածեմ նրա առաջ, եւ նրան ատողներին պարտութեան կը մատնեմ:
25․ Իմ ճշմարտութիւնն ու ողորմութիւնը նրա հետ են, եւ նրա եղջիւրն իմ անուամբ բարձր կը լինի:
26․ Նրա ձեռքը կը հաստատեմ ծովի վրայ, եւ նրա աջը՝ գետերի վրայ:
27․ Նա ձայն կը տայ ինձ. «Իմ հայրն ես դու, Աստուա՛ծ, հաճեցնողն իմ փրկութեան»:
28․ Ես իմ անդրանիկ որդին կը դարձնեմ նրան, եւ բարձր՝ քան երկրի բոլոր թագաւորները:
29․ Յաւիտեան կը պահեմ նրա համար իմ ողորմութիւնը, եւ ուխտս նրա հանդէպ հաւատարիմ կը մնայ:
30․ Նրա սերունդը կը հաստատեմ յաւիտեանս յաւիտենից, եւ նրա գահն՝ ինչպէս օրերը երկնքի:
31․ Եթէ նրա որդիները լքեն իմ օրէնքը եւ իմ դատաստանով չկամենան ընթանալ,
32․ եթէ անարգեն իմ արդարութիւնը եւ իմ պատուիրանները չպահեն,
33․ գաւազանով կը հարուածեմ նրանց անօրէնութիւններին, եւ տանջանքներով՝ նրանց անիրաւութիւններին:
34․ Բայց իմ ողորմութիւնից չեմ զրկի նրանց, եւ ճշմարտութեանս չեմ դաւաճանի:
35․ Ոչ էլ իմ ուխտը կ՚անարգեմ, կամ կ՚արհամարհեմ այն, ինչ դուրս է գալիս իմ շրթունքներից:
36․ Մէկ անգամ ընդմիշտ ես երդուեցի իմ սրբութեամբ, որ Դաւթին չեմ խաբի:
37․ Նրա սերունդը յաւիտեան կը մնայ, եւ ինչպէս արեւ,
38․ ինչպէս լուսին, նրա աթոռն իմ առջեւ յաւերժ հաստատուած կը մնայ երկնքում, որպէս հաւատարիմ վկայ»:
   
ՈՂԲ ԹԱԳԱՒՈՐԻ ՊԱՐՏՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ
   
39․ Բայց արդ, դու մերժեցիր, անարգեցիր ու գետին տապալեցիր քո օծեալին:
40․ Հրաժարուեցիր քո ծառայի ուխտից, նրա սրբութիւնը հողին հաւասարեցրիր:
41․ Քանդեցիր նրա բոլոր պարիսպները, եւ նրա բերդերը խարխլեցիր:
42․ Ճանապարհի անցորդները կողոպտեցին նրան, եւ նա իր հարեւանների նախատինքը դարձաւ:
43․ Բարձրացրիր նրա նեղողների աջը, ուրախացրիր նրա բոլոր թշնամիներին:
44․ Նրա սրից ետ դարձրիր քո օգնութիւնը, եւ պատերազմի մէջ նրան չհովանաւորեցիր:
45․ Անարգեցիր նրա սրբութիւնը, եւ նրա գահը գետին տապալեցիր:
46․ Նրա կեանքի օրերը նուազեցրիր, եւ նրան ամօթով ծածկեցիր:
   
ԱՂՕԹՔ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
   
47․ Մինչեւ ե՞րբ պիտի երեսդ շրջես իսպառ, եւ բարկութիւնդ պիտի բորբոքուի՞ հրի պէս:
48․ Իսկ արդ, յիշի՛ր ու տե՛ս, թէ ո՛րն է իմ հանգիստը. միթէ իզո՞ւր ստեղծեցիր մարդկանց բոլոր որդիներին:
49․ Ո՞վ է այն մարդը, որ պիտի ապրի ու մահ չտեսնի, կամ իր հոգին պիտի փրկի դժոխքից:
50․ Ո՞ւր են քո նախկին ողորմութիւնները, Տէ՛ր, որոնք քո ճշմարտութեամբ խոստացար Դաւթին:
51․ Յիշի՛ր ծառայիդ նախատինքները, որ ծոցումս կրեցի բազում ազգերից:
52․ Տէ՛ր, քո թշնամիները նախատեցին նրան, նախատելով հատուցեցին քո օծեալին:
53․ Օրհնեալ է Տէր Աստուածը յաւիտեանս յաւիտենից. թող լինի, թող լինի: