Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:6

Հովհաննես Ծործորեցի

Եւ երբ Հերովդէսի ծննդեան տարեդարձը հասաւ, Հերովդիայի դուստրը հրաւիրեալների առաջ պարեց. եւ հաճելի թուաց Հերովդէսին.
   
   Եվ երբ Հերովդեսի ծննդյան [տոնն էր] նշվում, Հերովդիադայի դուստրը պարեց բազմության առաջ, և Հերովդեսը հավանեց [այն]:
   Հնում սովորություն ունեին իրենց ծննդյան օրը պատվել: Այդպես էլ սա [վարվեց], բայց սրա խնջույքը բազում անօրինություններով ու դիվային պարով ուղեկցվեց, որովհետև [Հերովդեսը] խորամանկ մտքով կազմակերպեց այն: Քանի որ ժողովրդից վախենում էր՝ Հովհաննեսին առանց պատճառի սպանելու, [հնար մտածեց], որ Հերովդիադայի դուստրը պարի, ինքն էլ հավանի, երդում տա և սպանի Հովհաննեսին: Բայց դու տես, թե որքան չարիքներ միատեղվեցին: Նախ՝ որ [աղջիկը] պարեց, և դա հաճելի եղավ [Հերովդեսին], մինչ վայել էր զզվել դրանից: Երկրորդ՝ որ իր անօրեն գործի դիմաց [աղջիկն] իբրև վարձատրություն ու պարգև խնդրեց մարգարեի մահը՝ այդ անօրեն սպանությունը: Երրորդ՝ որ հանդիսատեսները ևս անմիտ էին: Չորրորդ՝ խրախճանքի տերը բոլորից ավելի չար էր: Հինգերորդ՝ ժամը ուշ էր, վայրն ու պարը՝ լկտի: Եվ վեցերորդ [չարիք էր] պոռնիկի լրբությունը, որ փոխարեն անօրեն հարսանիքի և մոր նախատինքի պատճառով թաքնվեր, հանգիստ սրտով պարում էր, և փոխարեն սենյակից դուրս չգար, բազմության առաջ անառակի պես ճեմում էր:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

6-12. Եւ երբ Հերովդէսի ծննդեան տարեդարձը հասաւ, Հերովդիայի դուստրը հրաւիրեալների առաջ պարեց. եւ հաճելի թուաց Հերովդէսին. ուստի եւ՝ նա երդումով խոստացաւ նրան տալ, ինչ էլ որ ուզի: Եւ նա, առաջուց խրատուած լինելով իր մօրից, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ, սկուտեղի վրայ, Յովհաննէս Մկրտչի գլուխը»: Եւ թագաւորը տխրեց, բայց երդման եւ սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ: Եւ մարդ ուղարկեց, գլխատել տուեց Յովհաննէսին բանտի մէջ: Եւ նրա գլուխը բերուեց սկուտեղով ու տրուեց աղջկան: Եւ սա տարաւ այն իր մօրը: Իսկ Յովհաննէսի աշակերտները եկան վերցրին մարմինը եւ թաղեցին. եւ եկան պատմեցին Յիսուսին:
   
   Երբ առաքյալները ցրվեցին, Հիսուսն էլ էր շարունակում շրջել և քարոզել, անշուշտ, ոչ միայնակ ու առանձին, այլ Տասներկուսից բացի կրտսերագույն աշակերտներից ոմանց իր հետ ունենալով: Այդ ընթացքում էր, որ Հիսուսին տեղեկություն բերվեց Հովհաննես Մկրտչի մահվան մասին:
   Հովհաննես Մկրտչի գործունեությունը երկարատև չէր եղել, որովհետև իր քարոզության երկրորդ տարում բանտարկվեց (Մատթ. 14:3-5) և դրանից հետո նրան մեկ անգան ևս հիշեցինք Հիսուսի մոտ ուղարկած պատգամավորության կապակցությամբ (Մատթ. 11:2-6), որ Հիսուսին առիթ տվեց մեծամեծ գովեստներ անելու նրա հասցեին (Մատթ. 11:7-19): Կարճ գործունեությամբ միայն հռչակված և տարուց ի վեր բանտարկված ու անգործության բռնադատված Հովհաննեսը այդ վիճակի մեջ անգամ չէր հեռանում նախանձոտ և վրեժխնդիր Հերովդիադիայի մտապատկերից: Որքան Հովհաննեսը ողջ էր, այդ կինը պիտի հանդարտ չլիներ, ուստի ամեն միջոց հնարում էր` վրեժխնդիր լինելու, պարկեշտությունն ու ամուսնական սրբությունն աննկուն պաշտպանող և իր անառակությունը հանդիմանող Հովհաննեսից: Հերովդես Անտիպասը, որքան էլ Հերովդիադայի մեղսակիցն էր, սակայն երկչոտ ու վարանոտ, ավելի առաջ չէր անցնում, բայց կնոջ կամքը չկոտրելու աստիճան էլ զգույշ էր լինում, ու Հովհաննեսը մնում էր բանտարկված, մինչ Հերովդիադան ջանում էր առիթներից օգտվել` իր վրեժխնդրությունն ի կատար ածելու համար:
   Հերովդես Անտիպասն իր ծննդյան տարեդարձի առիթվ խնջույք և ուրախության հանդես էր կատարում իր ապարանքում: Այնտեղ հրավիրված էին իր իշխանության մեծամեծները, որոնք հարբել ու գինովցել էին: Հերովդիադան ուզեց իր հոմանու հաճույքին ևս մեկն ավելացնել: Փիլիպպոսից ունեցած իր Սողոմե դստերը, որ մոր նման թեթև բարքի տեր մի աղջիկ էր, զարդարեց ու շպարեց և հրավիրյալների սրահն ուղարկեց` պարելու համար: Սողոմեի պարն ամենքին հիացմունք պատճառեց: Հերովդեսն էլ իր կողմից ուզեց վարձատրել պարող աղջկան, բայց նրան թողնելով որոշելու վարձատրության տեսակն ու քանակը և խոստացավ ու երդվեց, որ ուզածը պիտի տա, մինչև իսկ եթե իր իշխանության և իր ունեցվածքի կեսը
ցանկանա:
   Սողոմեն չկարողացավ որոշել: Ուղղակի մոր մոտ վազեց ու հարցրեց, թե ինչ պահանջի: Հերովդիադայի հաճույքը չէր պակասում, որպեսզի նորը ցանկանար, քանզի ինչ որ բաղձար, Հերովդեսին գործադրել էր տալիս: Հովհաննեսի խնդիրն էր միայն, որում Հերովդեսը իրեն կատարելապես չէր գոհացնում: Հերովդիադայի մտքում սրանից զատ ուրիշ մտածմունք չկար: Առիթը հարմար էր: Նա դստերը սովորեցրեց, որ գնա ու ասի, թե ուզածը մարմնից բաժանված և սկուտեղի վրա դրված բանտարկված Հովհաննեսի գլուխն է: Աղջիկն էլ սովորածի համաձայն եկավ ու նույնը կրկնեց:
   Հերովդեսն այլայլվեց: Ամեն բան սպասում էր, բայց այսպիսի խուժդուժ պարգևի առաջարկ չէր սպասում: Կարծում էր, թե պարող աղջիկը, զարդարանքից բացի, այլ բան չպիտի կարողանար ցանկանալ: Խոսքը ետ վերցնելն ամոթ էր, մտածում էր երդումը չգործադրել, բայց շատ դժվար էր այնքան հանդիսավոր կերպով և այդքան մեծամեծերի առջև տրված խոսքը չկարողանալ գործադրել կամ գործադրելուց ետ կանգնել: Զգաց, որ Հերովդիադային վերջապես հաջողվեց իր նկատմամբ հաղթանակ տանել: Բայց խղճի խայթից ավելի զորեղ եղավ Հերովդիադայի հաճույքը, ուղղամտությունից ավելի հզոր գտնվեց անխորհուրդ խոստման ոչ ճիշտ գործադրությունը և, թեպետ ակամայից, բայց վերջապես հրամանը արձակեց, որպեսզի աղջկա խնդրանքը կատարվի:
   Հերովդիադան կասկածում էր, որ տրված հրամանը կարող է ետ վերցվել կամ որոշ ժամանակ անցնելուց կարող է փոփոխություն կրել, այդ պատճառով Սողոմեին սովորեցրել էր անմիջապես գործադրություն պահանջել: Հետևաբար, իսկույն հրաման տրվեց դահճապետին: Նա էլ նույն պահին մի դահիճ ուղարկեց բանտ, որպեսզի Հովհաննեսի գլուխը կտրի ու բերի, ինչը որ գործադրվեց, և դեռևս արյունաշաղախ գլուխը սկուտեղի վրա Հերովդեսին ներկայացվեց, որը աղջկան հանձնեց, իսկ նա էլ իր մորը տարավ: Եվ այսպես, որպես զվարճությունների լրում, կամ որպես խրախճանքի մի կատակ, կատարվեց անօրեն դավաճանության գործը: Հերոնիմոս վարդապետը, որ երկար ժամանակ Պաղեստինում ապրեց, տեղական ավանդություններից օգտվելով, նշում է, թե Հերովդիադան կատարյալ գոհունակությամբ ձեռքն առավ Հովհաննեսի գլուխը և կանացի վրեժխնդրության բորբոքմամբ ասեղով ծակծկեց նրա լեզուն, որ իր անառակությունները հանդիմանելու սուրբ նախանձահուզությունն է ունեցել:
   Նրանք, որ Հովսեփոսի պատմությանը հետևելով պնդում են, թե Հովհաննեսը բանտարկված էր Մեռյալ ծովի եզերքին գտնվող Մաքերոնի ամրոցում, ավետարանի պատմության մեջ տեսնելով, որ Հերովդեսի խնջույքը, Սողոմեի խնդրածը և Հովհաննեսի գլխատումն իրար կցված և նույն պահին կատարված գործեր են, ստիպված են ասել, թե Հերովդեսը այդ օրը ոչ թե Տիբերիա քաղաքի իր արքունիքում, այլ Մաքերոնի ամրոցում էր գտնվում: Բայց սա Ավետարանի պատմության պարագաներին չի համապատասխանում, որը կատարյալ շքեղությամբ ու բոլոր պալատականների ու մեծամեծների ներկայությամբ մի պաշտոնական հանդիսություն է ներկայացնում, որը մայրաքաղաքից ու արքունիքից բացի, այլ տեղում չէր կարող տեղի ունենալ: Հետևաբար, մենք չենք կարող մեծ արժեք ընծայել Հովսեփոսից հիշված Մաքերոն անվանը և հավանական ենք համարում ասել, թե Հովհաննեսը Տիբերիա քաղաքում էր բանտարկված: Նույնը հաստատվում է նաև Հովհաննես Մկրտչի պատգամավորության պատմությամբ (Մատթ. 11:7-19), քանզի շատ դժվար էր, որ Մաքերոնից Գալիլիա լուրեր տրվեին և ստացվեին, մինչ այդ շատ դյուրին էր կատարել Գալիլիայի սահմաններում:
   Ավետարանը պատմում է, թե Հովհաննեսի մահվան լուրը անմիջապես տարածվեց և իր աշակերտներին հասավ, որոնք բանտ գնացին` ստուգելու և իմանալու: Ավանդական մի պատմություն ասում է, թե Հովհաննեսի անգլուխ մարմինը բանտից անարգաբար դուրս նետվեց: Մեկ այլ պատմություն էլ ասում է, թե Հովհաննեսականները այն աղաչանքով ու պարգևով ստացան և, վերջապես, Ավետարանը պատմում է, թե նրանք ինչ-որ ձևով կարողացան այն ձեռք գցել և նրա օրինական թաղումը կատարել:
   Հովհաննեսի աշակերտները, թեպետև թվով քչացած և նրա բանտարկության պատճառով գործունեություններն ու ազդեցությունները նվազած, սակայն շարունակում էին դեռևս հատուկ մի աշակերտություն լինել: Հովհաննեսի մահվամբ առավել շփոթվեցին: Ուստի իրենց ուրիշ ճանապարհ չմնաց, բայց միայն Հիսուսին դիմել, Նրա աշակերտությանը հարել և Նրա հովանու ներքո մտնել: Եվ այս նպատակով Հիսուսի մոտ եկան, եղելությունը պատմեցին և իրենց մտադրությունը հայտնեցին: Այսուհանդերձ, Հովհաննեսականները իսպառ չվերացան, բավական տարիներ հետո Պետրոս Առաքյալը Եփեսոսում Հովհաննեսյաններ գտավ Գործ. 19:3, և ուրիշ առիթներով էլ է հիշված Հովհաննեսյանների գործունեությունը, թեպետ հույժ նվազ և աննշան թվով: