Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
35-39. «Այդ ժամանակ Հիսուս ժողովրդին կարգադրեց, որ նստեն գետնին»։ «Եվ, վերցնելով այն յոթ հացն ու ձկները, գոհություն հայտնեց, մաս-մաս արեց և Իր աշակերտներին տվեց, աշակերտներն էլ՝ ժողովրդին»։ «Եվ բոլորը կերան ու կշտացան. և ավելացած կտորներով յոթ լիքը զամբյուղ լցրեցին»։ «Եվ ովքեր կերան, չորս հազար տղամարդիկ էին, կանանցից և երեխաներից բացի»։ «Եվ, արձակելով բազմությանը, Հիսուս նավ նստեց ու Մագդաղայի սահմանները եկավ»։
Բացի այդ՝ ճանաչիր նրանց իմաստությունը նաև մեկ այլ առումով, այն է՝ թե որքան քիչ էին հոգ տանում որովայնի մասին ու թե ինչպես էին սովորել քիչ խորհել սննդի մասին։ Անապատում գտնվելով և երեք օր այնտեղ մնալով՝ ունեին միայն յոթ հաց։ Ամեն ինչում Տերը գործում է նախկինի նման. Ժողովրդին նստեցնում է գետնին և այնպես է անում, որ աշակերտների ձեռքերում հացերը չպակասեն։ «Կարգադրեց, — ասվում է, — ժողովրդին նստել գետնին։ Եվ, վերցնելով այն յոթ հացն ու ձկները, գոհություն հայտնեց, մաս-մաս արեց և Իր աշակերտներին տվեց, աշակերտներն էլ՝ ժողովրդին» (Մատթ. 15։35-36)։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, նման չէր նախկինին։ «Եվ բոլորը կերան, — ասվում է, — ու կշտացան. և ավելացած կտորներով յոթ լիքը զամբյուղ լցրեցին, և ովքեր կերան, չորս հազար տղամարդիկ էին, կանանցից և երեխաներից բացի» (Մատթ. 15։37-38)։
Բայց ինչո՞ւ էր այն ժամանակ հինգ հազարից մնացել տասներկու զամբյուղ, իսկ այստեղ չորս հազարից՝ յոթ զամբյուղ։ Այսպիսով, ինչի՞ համար և ինչո՞ւ էր մնացորդն այստեղ պակաս, թեև ուտողներն էլ պակաս էին։ Կարելի է ասել, որ կա՛մ զամբյուղներն էին ավելի մեծ, քան նախորդ դեպքում էր, կա՛մ էլ, եթե այդպես չէր, ապա պետք է մտածել, որ Տերը թվային այդ տարբերությամբ դարձյալ կամենում էր վառ պահել նրանց հիշողությանը, որպեսզի այս մի հրաշքի՝ նախորդի հետ ունեցած նմանությունը չհանգեցներ մոռացության, այլ, որպեսզի հիշելով մեկ ուրիշ կերպ կատարված հացի բացմացումը, հիշեն թե՛ մեկ, և թե՛ մյուս հրաշագործությունները։ Հենց այդ պատճառով էլ առաջին դեպքում մնացորդների զամբյուղների թիվը հավասար էր աշակերտների թվին, իսկ այժմ զամբյուղների թիվը հավասար է հացերի թվին։ Եվ այդպիսով Քրիստոս բացահայտում է Իր աննկարագրելի զորությունն ու իշխանության ազատությունը՝ ցույց տալով, որ և՛ այսպես, և՛ այնպես կարող է հրաշագործել։ Իրոք որ, մեծ զորություն էր անհրաժեշտ այդպես վարվելու համար․ Հիսուս պահպանեց թվային խորհրդաբանույունը և՛ այն ժամանակ, և՛ այժմ. այն ժամանակ հինգ հազար էր, իսկ այժմ՝ չորս հազար, մնացորդներն էլ ոչ ավելի, ոչ պակաս՝ առաջին դեպքում առաքյալների թվով էին, իսկ երկրորդում՝ զամբյուղների թվով, թեև ուտողների թիվը տարբեր էր։
Իսկ այն, ինչ հաջորդում է այս հրաշքին, նման է նախորդին։ Ինչպես այն ժամանակ ժողովրդին արձակելով՝ Քրիստոս նավ մտավ, այդպես էլ վարվեց նաև այժմ։ Եվ Հովհաննեսն էլ նույնն է ասում (տե՛ս Հովհ. 6։17)։ Քանի որ ոչ մի հրաշք ժողովրդին այդքան չէր մղում հետևելու Փրկչին, որքան հացերի բազմացման հրաշքը (մարդիկ նույնիսկ ցանկանում էին ոչ միայն հետևել Հիսուսին, այլև այդ հրաշքի համար Նրան թագավոր դարձնել), ուստի Քրիստոս, խուսափելով մինչև իսկ իշխանատենչության տեսքից, այս հրաշքից հետո հեռանում է։ Ու ոչ թե ոտքով է գնում, այլ նավ է մտնում, որպեսզի ժողովուրդը չկարողանա հետևել Իրեն։ «Եվ, արձակելով բազմությանը, — ասում է ավետարանիչը, — Հիսուս նավ նստեց ու Մագդաղայի սահմանները եկավ» (Մատթ. 15։39)։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ նա հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնի վրայ:
Եվ հրամայեց ժողովրդին նստել գետնին:
Որպեսզի պատրաստվեին կերակուր ստանալու և հասկանային, որ Կերակողը կարող էր նախկին անգամվա պես կերակրել իրենց: Իսկ գետնին նստելը [ցույց է տալիս՝ նախ]՝ որ [այս դեպքը] տեղով ու ժամանակով տարբերվում է [հացի] առաջին [բազմացումից]. տեղը գետինն է, և ժամանակը՝ աշունը, իսկ այնտեղ խոտ էր և գարուն: Եվ երկրորդ՝ որպեսզի «ճանաչեն իրենց ստեղծված լինելը և հիշեն, որ հող ենք» (հմմտ. Սաղմ. 102։14):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ նա հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնի վրայ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:32
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: