Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 17:19

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

19-20․ «Այդ ժամանակ աշակերտներն առանձին մոտեցան Հիսուսին և ասացին. «Ինչո՞ւ մենք չկարողացանք նրան հանել»»։ «Հիսուս նրանց ասաց. «Ձեր անհավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս սարին ասեք՝ «Այստեղից այնտե՛ղ փոխադրվիր», այն կփոխադրվի։ Եվ ձեզ համար անկարելի ոչինչ չի լինի»։
   
   «Այդ ժամանակ աշակերտներն առանձին մոտեցան Հիսուսին և ասացին. «Ինչո՞ւ մենք չկարողացանք նրան հանել»» (Մատթ. 17:19)։ Ինձ թվում է, որ աշակերտների մտավախությունն այն էր, թե միգուցե կորցրե՞լ են իրենց տրված շնորհը. նրանք իշխանություն էին ստացել ընդդեմ պիղծ ոգիների, դրա համար էլ հարցնում են Քրիստոսին՝ գաղտնաբար գնալով Նրա մոտ, ո՛չ թե այն պատճառով, որ ամաչում էին (քանի որ ամեն ինչ արդեն իսկ կատարվել էր, և նրանք հանդիմանված էին, հետևաբար բանավոր խոստովանության համար ամաչելու ոչինչ չկար), այլ որովհետև մտադիր էին Հիսուսին հարցնել հույժ կարևոր և գաղտնի այդ հարցի մասին։ Իսկ ի՞նչ ասում է Քրիստոս․ «Ձեր անհավատության պատճառով, - ասում է, - ... եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս սարին ասեք՝ «Այստեղից այնտե՛ղ փոխադրվիր», այն կփոխադրվի։ Եվ ձեզ համար անկարելի ոչինչ չի լինի» (Մատթ. 17:20)։ Գուցե դու ասես՝ որտե՞ղ է տեղի ունեցել այդ դեպքը, որ աշակերտները մի տեղից մյուս տեղն են տեղափոխել լեռը։ Իսկ ես կասեմ, որ նրանք արել են շատ ավելին՝ հազարավոր մեռածների հարություն տալով։ Իրապես, լեռը տեղափոխելու համար այնքան ուժ հարկավոր չէ, որքան մարմնից մահը վտարելո՛ւ համար։ Ասում են, սակայն, որ սրբերը, որոնք ապրել են Քրիստոսի առաքյալներից հետո և նրանցից շատ ավելի փոքր շնորհներ են ունեցել, կարողացել են նաև լեռներ տեղափոխել, երբ դրա անհրաժեշտությունը եղել է։ Այստեղից ակնհայտ է դառնում, որ առաքյալներն էլ կարող էին տեղափոխել լեռները, եթե միայն հարկավոր լիներ, բայց քանի որ տվյալ ժամանակում դրա անհրաժեշտությունը չկար, ուստի նրանց մեղադրել էլ պետք չէ։ Եվ Տերն էլ Իր խոսքում չասաց, թե՝ պարտադիր կտեղափոխեք, այլ՝ կարող եք տեղափոխել։ Իսկ եթե Հիսուսի աշակերտները լեռներ չտեղափոխեցին, ապա ոչ թե այն պատճառով, որ չէին կարող (այլապես ինչպե՞ս կարող կլինեին ավելի փառավոր հրաշքներ կատարել), այլ նրա՛ համար, որ չէին ցանկանում։ Իսկ չէին ցանկանում, որովհետև հարկավորություն չկար, և միգուցե դա էլ պատահել է, բայց ոչ մի տեղում չի հիշատակվում, քանի որ բոլոր հրաշքները չէ, որ նկարագրված են գրով։ Բացի այդ, նրանք այն ժամանակ դեռ այնքան էլ կատարյալ չէին։ Ինչո՞ւ։ Մի՞թե լիարժեք հավատ չունեին։ Չունեին. նրանք բոլորն էլ հավասարապես միշտ կատարյալ չէին։ Այսպես, Պետրոսը մեկ երանելի է կոչվում, մեկ էլ հանդիմանվում է. այդպես նաև մյուսներն էլ Քրիստոսից հանդիմանություն են ստանում իրենց անգիտության համար, երբ չէին հասկանում խմորի մասին ասված առակավոր խոսքը։ Միգուցե և տվյալ դեպքում էլ առաքյալները թուլություն դրսևորեցին իրենց հավատի մեջ, քանի որ Փրկչի Խաչելությունից առաջ նրանք ամբողջովին կատարյալ չէին։ Այստեղ հավատի մասին խոսելով՝ Քրիստոս նկատի ունի հրաշագործող հավատը և, ցանկանալով ցույց տալ դրա անպատում զորությունը, Նա մատնանշում է մանանեխի օրինակը, որը թեև տեսքով շատ փոքր է, բայց շատ մեծ ուժ ունի։ Այսպիսով, ապացուցելու համար, որ ամենափոքր անկեղծ հավատն էլ մեծ զորություն ունի, Հիսուս մատնանշում է մանանեխը, սակայն սրանով ևս չսահմանափակվելով՝ այնուհետև հիշատակում է նաև լեռների մասին և, ավելի հեռուն գնալով, ավելացնում է. «Ձեզ համար անկարելի ոչինչ չի լինի»։

   Այստեղ նույնպես հիացի՛ր նրանց իմաստասությամբ ու Հոգու զորությամբ. իմաստասությամբ, որովհետև չթաքցրին իրենց տկարությունը, և Հոգու զորությամբ, որովհետև Հիսուս Իր աշակերտներին, որոնք նույնիսկ մանանեխի հատիկի չափ հավատ չունեին, կարճ ժամանակում այնպե՜ս բարձրացրեց, որ նրանց մեջ սկսեցին հոսել հավատի գետեր ու աղբյուրներ։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեր թերահաւատութեան պատճառով. ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք, այս լերանը կ՚ասէք՝ տեղափոխուի՛ր այստեղից այնտեղ, եւ կը տեղափոխուի. եւ որեւէ բան ձեզ համար անհնարին չի լինի:
   
   Նա ասաց նրանց. «Ձեր թերահավատության պատճառով:

   Նրանց այնքան չի կշտամբում, որքան հրեա ազգին, որովհետև վերջինիս կոչեց «անհավատ» և «թյուր», իսկ սրանց՝ «թերահավատ» միայն, ինչպես որ մի անգամ Պետրոսին ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր» (Մատթ. 14:31): Արդ՝ նրանց «թերահավատ» է կոչում նրանց ծուլության պատճառով, ինչպես [արդեն] ասվել է, և տրտնջալու, որպեսզի ցույց տա, որ գործերի պակասից նաև հավատն է պակասում, որովհետև [մարդը] չի հավատում, որ ինչ որ ինքը գործում է, տեսնում է Աստված, ուստի նաև սխալներ է թույլ տալիս և դրա պատճառով զրկվում ոչ միայն իրեն վստահված բաներից, այլև իր ընդունած պարգևներից: Բայց [առաքյալները] հանցավոր էին ո՛չ ամեն ինչում, այլ մասնավորի մեջ, ուստիև [Տերը նրանց] «թերահավատ» կոչեց և ավելացրեց հետևյալը.

   Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լեռանը կասեք՝ փոխադրվի՛ր այստեղից այնտեղ, և կփոխադրվի:

   Այստեղ «հավատ» է կոչում միայն հրաշքների [համար պահանջվող հավատը] և ոչ թե դավանությունը, որը [Տերը] հրամայում է ամբողջական, կատարյալ ու անթերի կերպով ունենալ, և որը գործերի միջոցով է լինում. երբ [մարդ առաքինության] բոլոր գործերը կատարում է, հավատի մեջ էլ է անթերի լինում:

   [Կարելի է այս խոսքը մեկնել] նաև այլ կերպ: [Տերը] մանանեխով Իր անչափ զորությունն է հայտնում: Թեպետ մանանեխը չափով մի փոքրիկ բան է կարծվում, սակայն զորութամբ ամեն ինչից սաստիկ է: Այդպես էլ ճշմարիտ և անաղանդ հավատի մի փոքր մաս կարող է բազմաթիվ հրաշքներ գործել [Տիրոջ] զորությամբ, մինչև իսկ լեռներ տեղաշարժել, ինչպես [Տերն] ասաց: Բայց եթե մեկը հարցնի, թե ե՞րբ որևէ տեղում [առաքյալները] լեռներ տեղաշարժեցին, երբ պարզ է, որ այդպիսի [զորավոր] հավատ ունեին, կպատասխանենք, որ ուրիշ մեծամեծ գործեր կատարեցին, նաև բյուրավոր մե-ռելների հարություն տվեցին, բայց եթե սա չարեցին, ուրեմն կարիքը չեղավ, կամ էլ արել են, բայց չի գրառվել, ինչպես շատ ուրիշ հրաշքներ: Այլ կերպ ևս [կարելի է բացատրել]. [Տերը] չասաց. «Փոխադրե՛ք լեռները», այլ՝ «Եթե ասեք, կլինի», իսկ քանի որ [առաքյալները] չկամեցան, նաև չասացին:

   Այլև մանանեխը կծու համ ունի, իսկ երբ աղացվում-մանրացվում է, է՛լ ավելի կծու է դառնում: Այդպես էլ ամբողջական հավատը, թեպետ հույժ զորավոր է, բայց երբ [այն ունեցողը] փշրված սիրտ ու խոնարհ վարք է ունենում, գործում է ավելի շատ հրաշքներ: Ինչպես գրված է «Հարանց վարք»-ում 1, մի ծերի 2 մոտ մի դիվահար բերեցին, որ բժշկեր, և նա սաստեց [դևին]՝ ելնելու [դիվահարի] միջից: Դիվահարն ասաց ծերին. «Քեզ մի բան հարցնեմ Ավետարանից. եթե պատասխանես, դուրս կգամ». ովքե՞ր են ոչխարներն ու այծերը» (Մատթ. 25:32): Ծերն ասաց. «Այծը ես եմ, ոչխարները՝ չգիտեմ», և ծերի խոնարհ խոսքից [դևն] իսկույն փախավ: Նույնը Տերն այստեղ է պատվիրում. «Եթե հավատ ունենաք խոնարհությամբ հանդերձ, կասեք այս լեռանը...»: Ինձ թվում է՝ «լեռ» կոչեց լուսնական դևին, որին խոզերով հանդերձ Ինքը խեղդեց ծովում (Մատթ. 8:28-32)՝ ըստ այսմ. «Լեռները խռովվեցին Նրա զորությունից» (Սաղմ. 45:4): Ուստի առաքյալները շատ անգամ արեցին սա, ինչպես պատմվում է «Գործք առաքելոց»-ում:
   Եվ անհնարին ո չինչ չի լինի ձեզ համար: [Միտքն] ավելի է զարգացնում. եթե մարդկանցից վերածվեք աստվածների, ապա ինչպես որ մարդկանց համար անհնար բաներն Աստծո համար են հնարավոր, այդպես էլ ձեզ համար կլինեն: Տե՛ս այստեղ Հոգու զորությունը. ովքեր սկզբում մանանեխի հատիկի չափ հավատ չունեին, նրանց մեջ այնքան հորդացավ, որ հավատի աղբյուրներ ու գետեր բխեցին նրանցից՝ ըստ Տիրոջ. «Ով հավատում է Ինձ, ինչպես ասում է Գիրքը, նրա որովայնից գետեր կբխեն» (Հովհ. 7:38): Նրանք ոչ միայն հրաշքներ գործեցին իրենց հավատով, այլև տկար մարմնով հանձն առան մահվան զանազան կտտանքներ. սա՛ է «անհնարին»-ը, որը նրանք հնարավոր ցույց տվին:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեր թերահաւատութեան պատճառով. ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք, այս լերանը կ՚ասէք՝ տեղափոխուի՛ր այստեղից այնտեղ, եւ կը տեղափոխուի. եւ որեւէ բան ձեզ համար անհնարին չի լինի:
   
   «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լեռանը կասեք՝ տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ, կտեղափոխվի»:

   Քանզի երկնքի աքայությունը նմանվեց մանանեխի հատիկի, նաև գովելի հավատը նմանվեց մանանեխի հատիկի: Իսկ որոնք մի բանի են նման, ապա միմյանց նույնպես նման կլինեն, հետևաբար, գովելի հավատը նմանվում է երկնքի արքայությանը: Հավատը միանգամայն իրավացիորեն նմանվեց հատիկի, որը պետք է երկրագործել, որպեսզի աճելով մեծ ծառ դառնա:

   «Եվ ոչինչ անհնարին չի լինի ձեզ համար»:
   Ով ճշմարտությամբ հավատում է, նրան ոչինչ անհնարին չի լինի իր օգտի համար, այլ ամեն ինչ բարուն գործակից կլինի:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեր թերահաւատութեան պատճառով. ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք, այս լերանը կ՚ասէք՝ տեղափոխուի՛ր այստեղից այնտեղ, եւ կը տեղափոխուի. եւ որեւէ բան ձեզ համար անհնարին չի լինի:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:18