Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 20:22

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Հիսուս պատասխանեց ու ասաց. «Չգիտեք, թե ի՛նչ եք խնդրում։ Կարո՞ղ եք խմել այն բաժակը, որը Ես եմ խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով Ես եմ մկրտվելու»։ Նրանք ասացին Նրան. «Կարող ենք»»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:21
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Չէք իմանում՝ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որը ես խմելու եմ. կամ՝ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»: Նրան ասացին՝ կարող ենք:
   

   Հիսուսը պատասխանեց` ասելով. «Չգիտեք` ինչ եք խնդրում:

   Տես, որ չասաց. «Չգիտես` ինչ ես խնդրում», այլ թե` «Չգիտեք», որպեսզի ցույց տար, որ մայրը որդիների ցանկությունն էր արտահայ տում: Բայց «չգիտեք ինչ եք խնդրում» [խոսքը] երկակի է հասկացվում. կամ հույժ անպատշաճ է ձեր խնդրանքը, որովհետև մարմնավոր է և ոչ թե հոգևոր, կամ էլ` այն փառքը, որ խնդրում եք, չգիտեք, թե ինչ է` վերին զորությունից ավելի սքանչելի, մեծ ու գերազանց լինելով, որովհետև «ինչ որ աչքը չտեսավ, ականջը չլսեց և մարդու սրտի մեջ չընկավ, Աստված պատրաստեց Իրեն սիրողների համար» (Ա Կոր. 2։9): Ուրեմն ինչպե՞ս եք խնդրում այն, ինչ չգիտեք: Իսկ մի երրորդ [պատճառ] էլ Ինքն է ավելացնում.
   Կարո՞ղ եք խմել այն բաժակը, որ Ես խմելու եմ, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով Ես մկրտվելու եմ»:
   Նախ նրանց հպարտությունն է մարում. դուք, ասում է, պատիվներ ու պսակներ եք խնդրում, բայց Ես պատերազմներ ու չարչարանք կդնեմ [Ձեր] առաջ, որովհետև պսակի ժամանակը չէ, և ոչ էլ հիմա է հայտնվելու Իմ փառքը, այլ նախ չարչարանք ու մահեր` այստեղ, և ապա փառքի հայտնություն` այնտեղ: Երկրորդ` չասաց սոսկ բաժակից խմել, այլ ա՛յն բաժակը, «որ Ես եմ խմելու», որպեսզի դա կամովին, հոժարությամբ և ուրախությամբ լիներ և ոչ թե հարկադրաբար. այդ պատճառով էլ «բաժակ» է կոչում: Եվ չասաց. «Կարո՞ղ եք մորթվել» կամ «ձեր արյունը հեղել», այլ «բաժակ» ասաց, որպեսզի ավելի հոժար դարձներ Իր մահվանը հաղորդակից դառնալու` ըստ այսմ. «Փրկության բաժակը կընդունեմ» (Սաղմ. 115։13): Իսկ «մկրտություն» է կոչում մահվան հանգամանքները, որովհետև դա սովորական մահ չէր, այլ արյամբ լվացում: «Մկրտություն» ասելով` ցույց է տալիս նաև, որ քանի որ մեծ սրբություն էր լինելու Նրա չարչարանքներից, դուք և՛ս սրբությամբ մոտեցեք այն փառքին, որ առաջ է գալիս այդ չարչարանքներից, որովհետև ինչպես որ մկրտությունն է մաքրում մեղքերից, այդպես էլ չարչարանքն է հանցանքների քավիչ, ինչ պատճառով էլ [Տերն] այն նաև [«մկրտություն»] բառով է արտահայտում:
   Ասացին Նրան. «Կարո՛ղ ենք»:
Կամ այդ փառքի ցանկությունից իսկույն հանձն առան, կամ էլ Ուսուցչի սիրուց հոժարեցին չարչարվել:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Չէք իմանում՝ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որը ես խմելու եմ. կամ՝ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»: Նրան ասացին՝ կարող ենք:
   
   «Կարող եք խմել այն բաժակը, որը ես խմելու եմ»:
   Փրկության բաժակն [այն է], որ ասվեց. «Տիրոջ առաջ պատվական է իր սրբերի մահը» (Սաղմ.115։15):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Չէք իմանում՝ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որը ես խմելու եմ. կամ՝ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»: Նրան ասացին՝ կարող ենք:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:20