Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 20:21

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

21-24․ «Հիսուս նրան հարցրեց. «Ի՞նչ ես դու ուզում»։ Կինը Նրան ասաց. «Ասա՛, որ իմ այս երկու որդիները Քո Արքայության մեջ նստեն. մեկը՝ քո աջ կողմում, իսկ մյուսը՝ ձախ կողմում»»։ «Հիսուս պատասխանեց ու ասաց. «Չգիտեք, թե ի՛նչ եք խնդրում։ Կարո՞ղ եք խմել այն բաժակը, որը Ես եմ խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով Ես եմ մկրտվելու»։ Նրանք ասացին Նրան. «Կարող ենք»»։ «Եվ Հիսուս ասաց նրանց. «Իմ բաժակը խմելու եք և այն մկրտությամբ, որով Ես պիտի մկրտվեմ, մկրտվելու եք, բայց Իմ աջ ու ձախ կողմերում նստեցնելը Ե՛ս չեմ տալիս, այլ դա կտրվի նրանց, որոնց համար պատրաստված է Իմ Հոր կողմից»»։ «Երբ մյուս տասը լսեցին, զայրացան երկու եղբայրների վրա»։
   
   Բայց նախ իմանանք, թե ինչ են խնդրում, ինչ մտադրությամբ և ինչ մղումով։ Այսպիսով, որտեղի՞ց այսպիսի միտք առաջացավ նրանց մեջ։ Նրանք իրենց մյուսներից ավելի մեծ պատվի մեջ էին տեսնում, և դրա էլ համար հույս ունեին, որ Տերը կկատարի նաև նրանց այս խնդրանքը։ Բայց ինչի՞ մասին են խնդրում․ լսի՛ր մյուս ավետարանչին, որը մանրամասն պատմում է այս մասին։ Նրանք գտնվում էին Երուսաղեմի մերձակայքում, - ասում է ավետարանիչը, - և կարծում էին, թե Աստծու արքայությունն արդեն իսկ բացվում է. ահա՛ թե ինչու նրանք առաջադրեցին իրենց այս խնդրանքը։ Նրանք կարծում էին, թե այն (Արքայությունը) մոտ է, թե այն զգայական է, և թե, եթե ստանան այն, ինչ խնդրում են, ապա ոչ մի տրտմության չեն ենթարկվի։ Նրանք փնտրում էին Աստծու արքայությունը՝ ո՛չ միայն այն ստանալու, այլև վշտերից խուսափելու համար։ Դրա համար էլ Քրիստոս ամենից առաջ նրանց հեռացնում է այսպիսի մտածումներից՝ հրամայելով սպասել մահվան, վտանգների ու ամենադաժան փորձանքների։ «Կարո՞ղ եք, - ասում է Նա, - խմել այն բաժակը, որը Ես եմ խմելու» (Մատթ. 20:22)։ Ի դեպ, ոչ ոք թող չխռովվի՝ առաքյալներին այսպիսի անկատար վիճակում տեսնելով. չէ՞ որ խաչելությունը դեռևս չէր կատարվել, Սուրբ Հոգու շնորհը դեռ նրանց չէր տրվել։ Իսկ եթե ցանկանում ես ճանաչել առաքյալների առաքինությունը, ապա նայի՛ր նրանց հետագա կյանքին և կտեսնես, որ նրանք ամեն մի կրքից էլ ավելի վեր էին։ Տերը դրա համար էլ բացահայտում է նրանց թերությունները, որպեսզի դու հետագայում գիտենաս, թե որքան մեծ դարձան նրանք շնորհ ստանալուց հետո։ Այսպիսով, այստեղից երևում է, որ նրանք հոգևոր ոչինչ չէին խնդրում, նույնիսկ գաղափար չունեին ամենավերին Արքայության մասին։ Այժմ տեսնենք, թե այս երկու առաքյալներն ինչպես են գալիս և ինչ են ասում։ «Կամենում ենք, - ասում են նրանք, -որ անես մեզ համար, ինչ որ Քեզնից պիտի խնդրենք» (Մարկ. 10:35)։ Իսկ սրան ի պատասխան Քրիստոս հարցնում է նրանց. «Ի՞նչ եք կամենում»։ Հարցնում է ո՛չ թե որովհետև չգիտի, այլ որպեսզի ստիպի նրանց, որ իրենք իսկ գտնեն պատասխանը, Հիսուս կամենում է բացել վերքը, և ապա տալ համապատասխան դեղամիջոցը։ Իսկ նրանք, ամաչելով ու կարմրելով, քանի որ մարդկային կրքից էին մղված, Հիսուսին մյուս աշակերտներից հեռու տանելով են մատուցում իրենց խնդրանքը։ Ավետարանիչն ասում է, որ նրանք առաջ անցան, այսինքն՝ այդպես վարվեցին, որպեսզի մյուսների առջև չբացահայտեն իրենց, և այդպիսո՛վ բացահայտեցին իրենց ցանկությունը։ Իսկ նրանց ցանկությունը, ինչպես ես եմ կարծում, ա՛յն էր, որ իրենք զբաղեցնեին առաջին գահերը, քանի որ Քրիստոս ասել էր նրանց. «Դուք էլ կնստեք տասներկու աթոռների վրա» (Մատթ. 19:28)։ Այս երկու առաքյալները գիտակցում էին իրենց առավելությունը մյուսների հանդեպ. վախենում էին միայն Պետրոսից, և դրա համար էլ Հիսուսին ասում են. «Ասա՛․․․որ նստեն մեկը՝ քո աջ կողմում, իսկ մյուսը՝ ձախ կողմում․․․» (Մատթ. 20:21), և «ասա» («շնո՛րհ արա» - Մարկ. 10:37) բառով կարծես ստիպում են Վարդապետին։ Իսկ ի՞նչ է պատասխանում Քրիստոս։ Ցույց տալով, որ նրանք ոչ հոգևոր մի բան են խնդրում, և որ եթե իմանային, թե իրականում ի՛նչ են խնդրում, ապա նույնիսկ չէին էլ համարձակվի դա խնդրել, Հիսուս պատասխանում է. «Չեք իմանում, թե ինչ եք խնդրում» (Մարկ. 10:38), - այսինքն՝ չգիտեք, թե ձեր պահանջածը որքա՜ն մեծ, որքա՜ն սքանչելի ու որքա՜ն անհասանելի է հենց երկնայի՛ն ուժերի համար։ Ապա ավելացնում է. «Կարո՞ղ եք խմել այն բաժակը, որ Ես խմելու եմ, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով Ես մկրտվելու եմ» (Մարկ. 10:38)։ Տե՛ս, թե Հիսուս ինչպես է նրանց անմիջապես հեռացնում այս մտքից՝ սկսելով նրանց հետ խոսել հակառակ իրողության մասին։ Դուք Ինձ պատվի ու պսակների մասին եք հիշեցնում, - կարծես ասում էր Նա, - իսկ Ես խոսում եմ ձեզնից ակնկալվող սխրագործությունների ու ջանքերի մասին։ Դեռ չի եկել պարգևների ժամանակը, և հիմա չի բացվելու Իմ այդ փառքը. ներկա ժամանակը մահվան, կռիվների ու վտանգների ժամանակն է․․․

   Ու տե՛ս, թե Քրիստոս ինչպես է հենց հարցով և՛ հորդորում նրանց, և՛ դեպի Իրեն ձգում։ Նա չասաց՝ կարո՞ղ եք մահվան մատնել ձեր անձերը, կարո՞ղ եք հեղել ձեր արյունը։ Այլ ի՞նչ է ասում. «Կարո՞ղ եք խմել բաժակը»։ Ապա, նրանց դեպի Իրեն գրավելու համար, ավելացնում է՝ «որը Ես խմելու եմ», - որպեսզի այսպիսով Իր հետ ունեցած հաղորդակցությամբ նրանց մեջ ավելի մեծ ջանասիրություն արթնացնի։ Քրիստոս սա էլ է անվանում «մկրտություն»՝ դրանով ցույց տալով, որ այժմ կատարվելիք իրողությունը ծառայելու է համայն տիեզերքի մեծազնիվ մաքրագործմանը։

   Այնուհետև աշակերտները պատասխանում են Հիսուսին. «Կարող ենք» (Մարկ. 10:39)։ Ջանասեր ջերմեռանդությամբ նրանք անմիջապես համաձայնություն հայտնեցին՝ հստակ չիմանալով նույնիսկ, թե ինչ են ասում, բայց հուսալով հավանություն ստանալ իրենց խնդրանքին։ Իսկ Տե՞րն ինչ է ասում նրանց։ «Այն բաժակը, որ Ես խմելու եմ, կխմեք, և այն մկրտությունը, որով Ես մկրտվելու եմ, նրանով կմկրտվեք» (Մարկ. 10:39)։ Քրիստոս այս երկու եղբայրներին մեծամեծ բարիքներ կանխագուշակեց՝ ասելով, թե՝ դուք նահատակության կարժանանաք, Ինձ նման կտառապեք, ձեր կյանքը բռնավոր մահով կավարտվի, և այդպիսով մասնակից կդառնաք Իմ Արքայությանը, «բայց Իմ աջ ու ձախ կողմերում նստեցնելը Ե՛ս չեմ տալիս, այլ դա կտրվի նրանց, որոնց համար պատրաստված է Իմ Հոր կողմից» (Մատթ. 20:23

   Իրեն այդ խնդրանքով դիմողների հոգիները դեպի վեր բարձրացնելով, նրանց դեպի երկնայինն ուղղորդելով և նրանց անհաղթահարելի դարձնելով տրտմության դեմ պայքարում՝ այնուհետև Տերը շտկում է նաև նրանց խնդրանքը։ Բայց ուրեմն ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Շատերն այստեղ առաջարկում են երկու հարցադրում. առաջին՝ արդյո՞ք ոմանց համար իսկապես սահմանված է Քրիստոսի աջ կողմում նստելը։ Երկրորդ՝ մի՞թե Տերն ընդհանրապես իշխանություն չունի դա շնորհելու նրանց, ում համար սահմանված է դա։ Այսպիսով, ուրեմն ի՞նչ է նշանակում ասվածը։ Եթե մենք լուծում տանք առաջին հարցադրմանը, ապա երկրորդն էլ ինքնին պարզ կլինի հարցնողների համար։ Եվ ի՞նչ է նշանակում ասվածը։ Ա՛յն, որ ոչ ոք ո՛չ Քրիստոսի աջ, ո՛չ էլ ձախ կողմում չի նստելու։ Այդ գահն անհասանելի է ամենքի համար՝ ո՛չ միայն մարդկանց, ինչպիսիք են՝ սրբերն ու առաքյալները, այլև հրեշտակների, հրեշտակապետերի ու վերնային բոլոր ուժերի։ Պողոսը սա վերապահում է Միածին Որդու առանձնահատուկ գերազանցությանը՝ ասելով. «Հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Նստի՛ր Իմ աջ կողմում։ Իսկ հրեշտակների մասին էլ ասում է. «Նա Իր հրեշտակներին հոգիներ դարձրեց․․․Իսկ Որդու մասին ասում է. «Աստվա՛ծ, Քո աթոռը» (Եբր. 1:13, 7-8)։ Այդ դեպքում Հիսուս ինչպե՞ս է ասում. «Իմ աջ ու ձախ կողմերում նստեցնելը Ե՛ս չեմ տալիս» (Մատթ. 20:23)։ Մի՞թե սա ցույց չի տալիս, թե ոմանք, այնուամենայնիվ, պիտի բազմեն այդ գահերին։ Ո՛չ։ Նա միայն պատասխան է տալիս հարցնողների ըմբռնողությանը համապատասխան՝ ներողամտություն ցուցաբերելով նրանց տկարության հանդեպ։ Նրանք չէին հասկանում, թե այդ բարձր գահն իրենից ինչ էր ներկայացնում, կամ ինչ էր նշանակում Հոր աջ կողմում նստելը։ Նրանք չէին պատկերացնում անգամ այն, ինչն ավելի ցածր էր՝ ա՛յն, ինչը նրանց ամեն օր էր ասվում։ Այս երկուսը միայն առաջնություն էին փնտրում, որպեսզի ավելի բարձր լինեն մյուսներից և Քրիստոսի առաջ իրենցից բարձր ոչ ոք չլինի։ Այս մասին ես էլ ավելի վաղ արդեն իսկ հիշատակել եմ՝ ասելով, թե, քանի որ նրանք լսել էին տասներկու գահերի մասին, ուստի, չհասկանալով, թե ինչ են նշանակում այդ խոսքերը, փափագում էին առաջին տեղը զբաղեցնել։ Այսպիսով, Քրիստոսի խոսքերի իմաստը հետևյալն է. «Թեև դուք կմեռնեք Ինձ համար, ու կսպանվեք քարոզչություն անելու պատճառով, և մասնակից կդառնաք Իմ տառապանքներին, սակայն դա ձեզ բավական չի լինի առաջին տեղին ու պատվին արժանանալու համար։ Եվ եթե գա ինչ-որ մեկը, ով, նահատակի մահ կրած լինելով, ձեզնից ավելի բարձր հոգևոր աստիճանում լինի՝ զարդարված ամեն տեսակի առաքինություններով, ապա այդժամ, չնայած որ Ես այժմ ձեզ սիրում եմ և նախապատվում եմ մյուսներից, սակայն չեմ համաձայնի մերժել վերջինիս, ով գործերով է վկայել իր հավատքը, և ձե՛զ տալ առաջնությունը»։ Ճիշտ է, Տերն ուղղակիորեն այսպես չպատասխանեց առաքյալներին, որպեսզի չտրտմեցնի նրանց, սակայն ծածկագրված եղանակով Նա հենց այս միտքն էր արտահայտում՝ ասելով. «Իմ բաժակը խմելու եք և այն մկրտությամբ, որով Ես պիտի մկրտվեմ, մկրտվելու եք, բայց Իմ աջ ու ձախ կողմերում նստեցնելը Ե՛ս չեմ տալիս, այլ դա կտրվի նրանց, որոնց համար պատրաստված է Իմ Հոր կողմից» (Մատթ. 20:23)։ Իսկ ո՞ւմ համար է դա պատրաստված։ Նրա՛նց համար, ովքեր կփառավորվեն իրենց գործերով։ Դրա համար էլ Հիսուս չասաց՝ «Իմ իշխանության մեջ չէ տալը», այլ՝ «դա Իմ Հո՛ր իշխանության ներքո է», - որպեսզի որևէ մեկը չհանդգնի Փրկչին թույլ ու հատուցման արժանացնելու իշխանություն չունեցող համարել։ Բայց ինչպե՞ս ասաց Հիսուս։ «Ե՛ս չեմ տալիս, այլ դա կտրվի նրանց, որոնց համար պատրաստված է»։ Ասածս ավելի պարզ ներկայացնելու համար սա նաև օրինակով բացատրենք։ Պատկերացնենք մրցարշավարանի ղեկավարին. եկեք պատկերացնենք, որ մրցարշավարան մտած բազմաթիվ գերազանց մարզիկներից երկուսը, այդ ղեկավարին շատ մտերիմ լինելով և հուսալով նրա՝ իրենց հանդեպ բարեհաճությանն ու սիրուն, մոտենում են ղեկավարին ու ասում. «Այնպե՛ս արա, որ մենք պսակների արժանանանք ու հաղթող հռչակվենք»։ Իսկ ղեկավարը նրանց ասեր. «Իմ իշխանության շրջանակում չէ դա անելը. պարգևը պատկանում է նրանց, ում համար այն պատրաստված է՝ որպես վարձատրություն ջանասիրության ու սխրանքների համար»։ Մի՞թե մենք այս պատճառով այդ ղեկավարին տկար կանվանենք։ Ամենևին ոչ։ Ընդհակառակը, մենք կգովաբանենք նրան արդարության ու անկողմնակալության համար։ Այսպիսով, ինչպես որ մրցարշավարանի ղեկավարի մասին իրավացիորեն կասվեր, թե նա պսակների չարժանացրեց ո՛չ թե այն պատճառով, որ չէր կարող, այլ քանի որ չէր ցանկանում խախտել մրցության օրենքը և խեղաթյուրել արդարության կարգը, ճիշտ այդպես էլ Քրիստոսի մասին ես կարող եմ ասել, որ Նա այդպիսի պատասխան տվեց՝ այդպիսով կամենալով Իր աշակերտներին ամեն կերպ մղել իրենց փրկության ու փառավորման հույսը, Աստծու շնորհից զատ, դնեն սեփական բարի գործերի վրա։ Ահա թե ինչու է Հիսուս ասում. «․․․որոնց համար պատրաստված է» (Մատթ. 20:23)։ Իսկ ի՞նչ, եթե, - ասես ասում է Քրիստոս, - ուրիշներն ավելի լավը դառնան ձեզնից, եթե նրանք ձեզնից ավելի շատ ջանքեր գործադրեն։ Մի՞թե դուք միայն ա՛յն բանի համար, որ Իմ աշակերտներն եք, պիտի ստանաք առաջնությունը, թեկուզ և ինքներդ այդպիսի առավելության արժանի չդառնաք։

   Իսկ որ Քրիստոս իշխանություն ունի ամեն ինչի վրա, սա երևում է նրանից, որ Նրա ձեռքում իսկ է ողջ դատաստանը։ Եվ Պետրոսին էլ Հիսուս այսպես է ասում. «Քեզ պիտի տամ Երկնքի արքայության բանալիները» (Մատթ. 16:19)։ Եվ Պողոսն էլ, հենց սա հաստատելով, ասաց. «Հիմա ինձ է սպասում արդարության պսակը, որը, որպես հատուցում, ինձ պիտի տա Տերը՝ արդար Դատավորը, այն օրը» (Բ Տիմ. 4:8). Այստեղ Քրիստոսի հայտնության ներքո նկատի է առնվում Նրա առաջին՝ արդեն իսկ եղած գալուստը։ Իսկ որ Պողոսին դժվար թե որևէ մեկը գերազանցի, սա ամենքին է հայտնի։ Եվ եթե Տերն այս մասին հստակորեն չասաց, դրանից դու մի՛ զարմացիր։ Վարպետորեն երկու առաքյալներին հեռացնելով իրենց մտածումից, որպեսզի նրանք անմտածված ու ապարդյուն չձանձրացնեն Իրեն առաջնության հետապնդմամբ, - քանի որ նրանք դրան էին մղված մարդկային կրքով, - և միևնույն ժամանակ չցանկանալով տրտմեցնել նրանց, Քրիստոս այսպիսի նրբանկատությամբ հասնում է և՛ մեկին, և՛ մյուսին։

   Այն ժամանակ, «երբ մյուս տասը լսեցին, զայրացան երկու եղբայրների վրա» (Մատթ. 20:24, Մարկ. 10:41)։ Ուրեմն ե՞րբ է «այդ ժամանակ»-ը։ Ե՞րբ Տերը հանդիմանեց գերակայություն փնտրողներին։ Քանի դեռ Քրիստոս արտաբերում էր այս երկուսի հանդեպ Իր դատաստանը, մյուսները չէին վրդովվում, այլ, տեսնելով, որ Քրիստոս նախընտրում է զրուցել նրանց հետ, մնում էին հանդարտ ու լռում՝ ամոթից ու Վարդապետի հանդեպ հարգանքից դրդված։ Իսկ եթե նույնիսկ ներքուստ տրտմում էլ էին, այդուհանդերձ, սակայն, չէին համարձակվում դա բացահայտել։ Նմանապես նաև Պետրոսի պարագայում, երբ նա տվեց երկու երկդրամյանը, մյուս առաքյալները թեև մարդկայնորեն էին նայում այդ հարցին, սակայն չէին վրդովվում, այլ միայն հարցրին. «Ո՞վ է մեծ Երկնքի արքայության մեջ» (Մատթ. 18:1)։ Բայց այստեղ, քանի որ հենց առաքյալներից էին խնդրողները, մյուս առաքյալները վրդովվում են այդ երկուսի դեմ։ Ի դեպ, այստեղ նույնպես նրանք անմիջապես չբացահայտեցին իրենց վրդովմունքը, երբ երկու եղբայրները սկսեցին մատուցել իրենց խնդրել։ Այլ ա՛յն ժամանակ միայն, երբ Քրիստոս հանդիմանեց նրանց և ասաց, թե նրանք առաջնություն չեն ստանալու, եթե իրենց արժանի չդարձնեն դրան։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ նա նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում»: Կինն ասաց նրան. «Ասա՛, որ սրանք՝ իմ այս երկու որդիները, նստեն քո արքայութեան մէջ, մէկը՝ քո աջ կողմում եւ միւսը՝ ձախ կողմում»:
   
   Եվ Նա ասաց. «Ի՞նչ ես կամենում»:

   Ոչ թե չգիտեր Նա, Ով նրանց խորհուրդները հայտնում էր հաճախ, այլ [հարցրեց], որպեսզի նրանց դրդեր ցույց տալու իրենց մտքի ախտը, և ապա դեղ դներ: Ինչպես երբ կույրերին [տեսողություն] էր կամենում շնորհել, հարցրեց. «Ի՞նչ եք կամենում, որ անեմ ձեզ» (Մատթ. 20:32), այդպես էլ այստեղ թեպետ չտվեց [այն, ինչ ցանկանում էին], սակայն հարցրեց խնդրանքի մասին, քանի որ տակավին ժամանակը չէր ամենքին ու ամեն տեղ Իրեն հայտնի դարձնելու: [Սրանով] նաև անձնագովությունն է արհամարհում:

   Ասաց Նրան. «Ասա՛, որ իմ այս երկու որդիները նստեն մեկը Քո աջ, մյուսը ձախ կողմում Քո արքայության մեջ»:

   Արժե պարզել, թե ինչ է նրանց այս խնդրանքը, կամ ինչպիսի մտքից հանգեցին սրան: Ակնկալում էին, որ Նրա արքայությունը հենց այստեղ էր հաստատվելու, և [մտածում էին], թե հասել էր Նրա թագավորությունը, ինչպես ասում է մյուս ավետարանիչը (Մարկ. 1։15), ուստի խնդրեցին, որ վայելեն այն առանց վշտերի` բոլորից ավելի փառավոր լինելով: Իսկ պատճառը, որ այս խնդրանքով դիմեցին, այն էր, որ իրենց ավելի պատվական էին տեսնում, քան մյուսներին (մինչդեռ վարձկանն է խնդրում, որ դրան ևս արժանի դառնա): Նաև քանի որ տեսան, որ Մովսեսն ու Եղիան փառքով երևացին Թաբորում, ցանկացան դա և մոտեցան ասելու` տո՛ւր մեզ նրանց նման նստել մեկս Քո աջ, մյուսս` ձախ կողմում Քո փառքի մեջ: Այլև քանի որ լսեցին. «Կնստեք տասներկու աթոռներին» (Մատթ. 19։28), կամեցան աթոռների գահագլուխն ունենալ. որ մյուսներից ավելի մեծ պատիվ ունեին, դա գիտեին, բայց Պետրոսի վերաբերյալ մի փոքր կասկածում էին:

   Այլաբանորեն` այդ կինը Քրիստոսի ամեն սուրբ մերձավորն է` անծախելի 1 Պատարագի` նրան ընծայվելու պատճառով, իսկ երկու որդիները` հրեաներն ու հեթանոսները, հոգին ու մարմինը, արդարն ու մեղավորը, կամ եկեղեցականն ու աշխարհականը, որոնց ծնում է սուրբ Եկեղեցին և փափագում, որ նրանք փառքի հասնեն երկնքի արքայությունում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ նա նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում»: Կինն ասաց նրան. «Ասա՛, որ սրանք՝ իմ այս երկու որդիները, նստեն քո արքայութեան մէջ, մէկը՝ քո աջ կողմում եւ միւսը՝ ձախ կողմում»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:20