Հովհաննես Ծործորեցի
32-33. Յիսուս տեղում կանգ առաւ, կանչեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք կամենում, որ ձեզ անեմ»: Նրան ասացին. «Որ մեր աչքերը բացուեն, Տէ՛ր»:
Հիսուսը կանգ առավ, կանչեց նրանց և ասաց. «Ի՞նչ եք կամենում, որ անեմ ձեզ»: Ասացին Նրան. «Տե՛ր, [այնպես արա], որ մեր աչքերը բացվեն»:
Երբ տեսավ նրանց թախանձելը, սրտի հոժարությամբ կանգ առավ, կանչեց ու հարցրեց.«Ի՞նչ եք կամենում»` որպես խրատ մեզ, որ խնդրողներից խույս չտանք, այլ նրանց ցանկությունները կատարենք: Բայց ինչո՞ւ էր [Հիսուսը] հարցնում: Որպեսզի ոչ ոք չկարծեր, թե նրանք մի բան էին խնդրում, իսկ Նա ուրիշ բան տվեց, և նաև որովհետև սովորություն ուներ նախ բժշկվողների առաքինությունը հայտնի դարձնել և ապա՛ բժշկություն շնորհել` մյուսների [բարի] նախանձը շարժելու համար, ինչպես վարվեց նաև քանանացի կնոջ և հարյուրապետի հետ 1065: Այլև որպեսզի ցույց տար, որ [կույրն] արժանի էր այդ պարգևին, քանի որ «ով խնդրում է, ստանում է», ինչպես ասաց (Մատթ. Է 8): Եվ նաև` [Տերն] Իրեն առաջ չգցեց հրաշք գործելու, որպեսզի չկարծեին, թե փառքի համար է գործում հրաշքը:
[Կույրերն] ասացին Նրան. «Տե՛ր, [այնպես արա], որ մեր աչքերը բացվեն»: Թեպետ շատ բանի կարիք ունեին, բայց մյուս բաները փոքրիշատե վայելում էին, իսկ լույս` բնավ: Ուստի առաջին պարգևը խնդրեցին` էակների գեղեցկությունը, նկատի ունեմ պանծալի լույսը, ինչպես որ [նաև] կենդանին է հրճվում նրա գալուստով: [Խնդրեցին] ոչ թե լույս պարգևել, քանի որ այն կար, այլ գործիք` լույսը վայելելու համար: Բայց որտեղի՞ց գիտեին, որ Նա աչքերը լուսավորող է: Կամ [Նրա մասին] համբավից էին լսել, որ շատ կույրերի է տեսողություն պարգևում, ինչպես նրան, ում ուղարկեց Սիլովամ 1066, կամ էլ հավատալու և դավանելու արդյունքում շնորհը ներշնչեց նրանց, որ Նա, Ով եկել է մարդկանց հոգիները պայծառացնելու, կարող է նաև մարմնի աչքերին լուսավորություն շնորհել:
Իսկ այլաբանորեն` Հիսուսի կանգ առնելը (տեղի առնուլ) կամ անդորրություն շնորհելն է արդարներին` փորձանքներից [ազատելով], որով [Հիսուսը] նրանց փափագն աճեցնում էր, կամ էլ ժամանակների լրմանը 1067 գալն ու մարմին առնելն է, որովհետև «տեղն» ուրիշ բան չէ, քան մարմնի պարագա, և առանց մարմնի տեղ չի լինում: Հետևաբար, [Հիսուսի] կանգ առնելը (տեղի առնուլ) մարմին առնելն է նշանակում, որով բոլորին փրկության կանչեց` ըստ Հիսուս բառի [նշանակության] 1068: Կամ էլ` երբ երկնքից իջավ, երեսուն տարի լռեց և ապա՛ կանչեց հրեաներին ու հեթանոսներին, որոնց էլ հարցրեց. Ի՞նչ եք կամենում»,և նրանք պատասխանեցին. «Որ բացվեն մեր աչքերը»: Այս փափագը նաև Դավիթն ուներ. «Բա՛ց աչքերս, և կնայեմ Քո օրենքի սքանչելիքներին» (Սաղմ. 118։18): Որովհետև մեր բնությունն ուռճացել էր մարմնական պարգևներով և միայն աստվածգիտություն էր տենչում, որպեսզի բացվեր մտքի առագաստը, հեռանային այս սին կյանքից և դառնային դեպի ճշմարիտ լույսի հայեցողությունը:
Մաղաքիա արք. Օրմանյան
Յիսուս տեղում կանգ առաւ, կանչեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք կամենում, որ ձեզ անեմ»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:29
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: