Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 2:19

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

19-22․ «Հերովդեսի մահից հետո, ահա, Տիրոջ հրեշտակը երազի մեջ հայտնվեց Հովսեփին` Եգիպտոսում»: «Ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ Մանկանը ու Նրա մորը և գնա՛ Իսրայելի երկիրը, որովհետև Մանկան հոգին փնտրողները մեռել են»»։ «Նա վեր կացավ, վերցրեց Մանկանը ու Նրա մորը և եկավ Իսրայելի երկիրը»։ « Լսելով, որ Արքեղայոսը թագավորում է Հրեաստանի վրա իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ. բայց, երազում հայտնություն ստանալով, գնաց Գալիլեայի կողմերը»։
   
    Ավետարանիչն այժմ այլևս չի ասում` «փախի´ր», այլ «գնա´»։ Տեսնու՞մ ես, թե ինչպես է փորձությանը դարձյալ հաջորդում խաղաղությունը, իսկ խաղաղությանը կրկին հաջորդում է վտանգը։ Նրա (Հովսեփի ու ընտանիքի) փախուստն ավարտվել էր, նա վերադարձել էր իր երկիր և իմացել կոտորված մանուկների սպանդի մասին: Սակայն, իր հայրենի երկիր մուտք գործելուն պես, Հովսեփին դարձյալ անհանգստացնում են նախկին վտանգների մնացորդները, քանի որ դեռևս ողջ և դեռ մի բան էլ` իր հոր գահին էր բազմած նախկին բռնակալի որդին: Բայց Արքեղայոսն ինչպե՞ս կարող էր թագավորել Հրեաստանում` այն դեպքում, որ Պոնտացի Պիղատոսն ամենակալ իշխանություն (հեգեմոնիա) ուներ: Հերովդեսը բոլորովին վերջերս էր մահացել, և նրա թագավորությունը դեռևս մասերի չէր բաժանվել, և քանի որ Հերովդեսի մահից անմիջապես հետո հոր փոխարեն իշխանությունը ստանձնել էր նրա որդին, և քանի որ, միևնույն ժամանակ, Արքեղայոսի եղբայրը նույնպես կոչվում էր Հերովդես, ուստի ավետարանիչը հավելում է. «Իր հոր՝ Հերովդեսի փոխարեն»:
    Սակայն գուցե դու ասես, որ եթե Հովսեփն Արքեղայոսի պատճառով վախենում էր Հրեաստան գնալուց, ապա ուրեմն Հերովդեսի պատճառով էլ պետք է վախենար Գալիլեա գնալ։ Սակայն ո´չ, այդպես չէր, քանի որ Հովսեփն իր բնակության վայրի փոփոխությամբ գործն արդեն իսկ «թաքցրել» էր։ Հետապնդումներն ամբողջովին ուղղված էին Բեթղեհեմի և նրա ծայրամասերի վրա, ու քանի որ կոտորածն արդեն իսկ տեղի էր ունեցել, ուստի Արքեղայոսը` Հերովդեսի որդին, կարծում էր, որ ամեն ինչ արդեն իսկ ավարտված է, և որ սպանված մեծաթիվ մանուկների մեջ սպանվել էր նաև Նա, Ում իր հայրը փնտրում էր։ Դեռ ավելին, միգուցե, տեսնելով, թե իր հոր կյանքն ինչպիսի վախճան է ունենում, Արքեղայոսը վախենում էր իր գործերի մեջ ավելի հեռուն գնալուց և անօրենության մեջ համառելուց։
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

19-20. Երբ Հերովդէսը վախճանուեց, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց Յովսէփին Եգիպտոսում եւ ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանն ու իր մօրը եւ վերադարձի՛ր Իսրայէլի երկիրը, որովհետեւ մեռան նրանք, որ այդ մանկան մահն էին ուզում»:
   
    Երբ Հերովդեսը վախճանվեց, ահա Տիրոջ հրեշտակը Եգիպտոսում երևաց Հովսեփին երազում  և ասաց. «Վե՛ր կաց, Մանկանն ու Նրա Մորը վերցրո՛ւ և գնա Իսրայելի երկիրը, որովհետև Մանկանը փնտրողները մեռան»: Տե՛ս ավետարանչի հեզությունը, մանավանդ այն Հոգու, Ով նրա միջոցով խոսում էր, որ չի պատմում Հերովդեսի պատուհասական սատակման մասին՝ մանուկներին կոտորելու պատճառով եղած: Ասվում է, թե նա այնքան երկար տառապեց ծանր ու որդնալից հիվանդությունից, որ սրտի կատաղությունից սպանեց իր որդուն, իսկ դրանից առաջ սպանել էր իր որդիներից երկուսին ու կնոջը և իր սիրելիներից շատերին: Այնուհետև ինքն էլ դաժան [ցավերով] արձակեց իր դաժանացած հոգին: Սակայն [ավետարանիչը], ասես բարի մարդու մասին պատմելով, ասում է. «Երբ Հերովդեսը վախճանվեց» և «Մանկանը փնտրողները մեռան»՝ փոխարեն ասելու՝ մեջտեղից վերցվեցին, ոչնչացվեցին՝ ըստ Աստծո արդար հատուցման: Սրանով [ավետարանիչը] մեզ խրատում է թշնամիների հանդեպ այնպիսի կամք ունենալ, որ ոչ միայն վրեժ չխնդրենք մեր անձի համար, այլև եթե նույնիսկ Աստծուց վրեժխնդրություն լինի [նրանց], ոտնհար չլինենք 95 և անարգական խոսքեր չարտաբերենք:

    Բայց դու տե՛ս, որ փորձությունից հետո դարձյալ հանգստություն [է պարգևվում]. որովհետև հրեշտակը չասաց, ինչպես առաջ, թե՝ դեպի օտարություն փախիր, այլ թե՝ գնա քո հայրենի երկիր:

   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Հերովդեսի մահից հետո, ահա, Տիրոջ հրեշտակը երազի մեջ հայտնվեց Հովսեփին` Եգիպտոսում»: (Սինոդական թարգ․)[19]

   

    Մահացել էր միայն Հերովդեսը, սակայն այստեղ կիրառվում է հոգնակի թիվը` ընդհանուր իմաստով, և խոսվում է թե՛ Հերովդեսի, թե՛ նրա ցանկություններն ու մտադրությունները կատարող համախոհների ու ենթակաների մասին։

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

19-21. Երբ Հերովդէսը վախճանուեց, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց Յովսէփին Եգիպտոսում եւ ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանն ու իր մօրը եւ վերադարձի՛ր Իսրայէլի երկիրը, որովհետեւ մեռան նրանք, որ այդ մանկան մահն էին ուզում»։ Եւ Յովսէփը վեր կացաւ, առաւ մանկանն ու մօրը եւ եկաւ Իսրայէլի երկիրը։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:13

--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Երբ Հերովդէսը վախճանուեց, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց Յովսէփին Եգիպտոսում եւ ասաց.
(Արարատ թարգ․) Երբ Հերովդեսը մեռավ, ահա Տիրոջ հրեշտակը Եգիպտոսում երազի մեջ հայտնվեց Հովսեփին
(Գրաբար) Եւ ի վախճանելն Հերովդի, ահա հրեշտակ Տեառն ի տեսլեան երեւէր Յովսեփայ յԵգիպտոս,