Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
16-27․ «Վա՛յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ, որ ասում եք, թե ով երդվում է տաճարով, հոգ չէ, բայց ով տաճարի ոսկով է երդվում, պարտական է»։ «Անմիտնե՛ր ու կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբագործում է ոսկին»։ «Նաև ասում եք՝ ով երդվում է զոհասեղանով, հոգ չէ, բայց ով երդվում է ընծայով, որ զոհասեղանի վրա է, պարտական է»։ «Անմիտնե՛ր ու կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ ընծա՞ն, թե՞ զոհասեղանը, որ սրբագործում է ընծան»։ «Արդ, ով երդվում է զոհասեղանով, երդվում է նրանով և այն բոլոր բաներով, որ նրա վրա են»։ «Եվ տաճարով երդվողը երդվում է նրանով և նրա մեջ Բնակվողով»։ «Եվ երկնքով երդվողը երդվում է Աստծու աթոռով և նրա վրա Նստողով»։ «Վա՛յ ձեզ, դպիրներիդ և փարիսեցիներիդ՝ կեղծավորներիդ, որ անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը տալիս եք, բայց չեք պահում օրենքի ամենից ծանրակշիռ կետերը՝ արդարությունը, ողորմությունն ու հավատը. դրանք պետք էր կատարել, և մյուսներն էլ՝ պահել»։ «Կո՛ւյր առաջնորդներ, որ մժեղը քամում եք, բայց ուղտը կուլ եք տալիս»։ «Վա՛յ ձեզ, դպիրներիդ և փարիսեցիներիդ՝ կեղծավորներիդ, որ մաքրում եք բաժակի ու ափսեի դրսի կողմը, բայց ներսից դրանք լի են հափշտակությամբ ու անժուժկալությամբ»։ «Կո՛ւյր փարիսեցի, նախ բաժակի ու ափսեի նե՛րսը մաքրիր, որպեսզի դրսի կողմն էլ մաքուր լինի»։ «Վա՛յ ձեզ, դպիրներիդ և փարիսեցիներիդ՝ կեղծավորներիդ, որ նման եք ծեփած գերեզմանների, որոնք արտաքուստ գեղեցիկ են երևում, բայց ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ»։
Ապա Քրիստոս հանդիմանում է դպիրներին ու փարիսեցիներին նաև իրենց անմտության համար, քանի որ նրանք անհարգալից վերաբերմունք էին ներշնչում ամենակարևոր պատվիրանների հանդեպ։ Ճիշտ է, ավելի վաղ Նա ասում էր, ըստ երևույթին, հակառակը, այսինքն՝ այն, որ դպիրներն ու փարիսեցիները «ծանր ու դժվարակիր բեռներ են կապում» (Մատթ. 23:4), բայց նրանք թե՛ այդպես էին վարվում, և թե, մյուս կողմից, ամեն մի միջոց գործադրում էին իրենց հետևորդներին ապականելու համար՝ նրանցից ճշտապահություն պահանջելով աննշան հարցերում ու, միևնույն ժամանակ, անտեսելով ամենակարևոր պարտականությունները։ «Անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը տալիս եք, - ասում է Փրկիչը, - բայց չեք պահում օրենքի ամենից ծանրակշիռ կետերը՝ արդարությունը, ողորմությունն ու հավատը. դրանք պետք էր կատարել, և մյուսներն էլ՝ պահել» (Մատթ. 23:23)։ Այստեղ կարելի էր միանգամայն արդարացիորեն ասել, թե՝ ուր տասանորդն է, այնտեղ է նաև ողորմությունը, ապա ուրեմն ի՞նչ վնաս կա ողորմություն տալու մեջ։ Բայց Փրկիչը դպիրներին ու փարիսեցիներին չի պախարակում այն բանի համար, որ նրանք այդ մանր հարցերում պահպանում էին օրենքը. բնավ, Նա այդպես չի ասում։ Ահա՛ պատճառը, թե Հիսուս ինչու է հենց այստեղ ասում՝ «դրանք պետք էր կատարել»։ Բայց Քրիստոս այս հավելումը չի անում այնտեղ, որտեղ սկսում է խոսել մաքուր ու անմաքուր բաների մասին, այլ, դրա փոխարեն, ներքին մաքրությունը տարբերակում է արտաքին մաքրությունից և ցույց է տալիս, որ ներքին մաքրությանն անհրաժեշտաբար հետևում է նաև արտաքինը, բայց ոչ հակառակը։ Մարդասիրության մասին դատողություն անելով՝ Հիսուս նման տարբերակում չի անում թե՛ վերևում ցույց տրված պատճառով, թե՛ այն պատճառով, որ դեռ չէր հասել օրենքի ցուցումներն ուղղակիորեն ու հայտնապես վերացնելու ժամանակը։ Այդուհանդերձ, սկսելով խոսել մարմնական մաքրագործումների անհրաժեշտության մասին, Քրիստոս ավելի հստակորեն է հերքում այդ ծեսերը։ Եվ դրա համար էլ ողորմության մասին ասում է. «Սա պիտի անեիք, և այն չթողնեիք», իսկ ահա մաքրագործումների մասին այդպես չի ասում։ Իսկ ի՞նչ է ասում. «Մաքրում եք բաժակի ու ափսեի դրսի կողմը, - ասում է, - բայց ներսից դրանք լի են հափշտակությամբ ու անժուժկալությամբ․․․նախ բաժակի ու ափսեի նե՛րսը մաքրիր, որպեսզի դրսի կողմն էլ մաքուր լինի» (Մատթ. 23:25-26)։ Այստեղ Քրիստոս, բաժակի ու ափսեի մասին խոսելով, բացատրում է Իր միտքը բոլորին հայտնի ու ակնհայտ առարկայի մատնանշումով։
Ապա, ցույց տալու համար, որ մարմնական մաքրագործումների չպահպանելուց ոչ մի վնաս չկա, և ընդհակառակը, հոգու մաքրագործման, այսինքն՝ առաքինության հանդեպ անհոգությունից առաջանում է մեծագույն պատիժը․ Փրկիչը մարմնական մաքրագործումներն անվանում է «մժեղ», քանի որ դրանք աննշան ու չնչին էին, իսկ ահա հոգին մաքրելուն միտված գործողությունները կոչում է «ուղտ», քանի որ վերջիններն անկրելի էին։ Դրա համար ասում է. «Մժեղը քամում եք, բայց ուղտը կուլ եք տալիս» (Մատթ. 23:24)։ Արտաքին մաքրագործումներն օրենքով պատվիրված էին միայն ներքին մաքրության, ողորմության ու արդարադատության համար, ուստի և նույնիսկ Հին Կտակարանում դրանք ոչ մի օգուտ չէին բերում, երբ միայնակ էին գործածվում։ Քանի որ պակաս կարևորը հաստատվել էր ավելի կարևորի համար, մինչդեռ այդ կարևորն անտեսվեց, իսկ ահա գործածության առարկա դարձավ միայն առաջինը, ուստի նույնիսկ այն ժամանակ դրանից ոչ մի բարիք չստացվեց. արտաքին մաքրությանը չէր հետևում ներքին մաքրությունը, մինչդեռ, ընդհակառակը, արտաքինն անհրաժեշտորեն պիտի հետևեր ներքինին։ Այսպիսով, Փրկչի խոսքերից երևում է, որ նույնիսկ շնորհի գալուստից առաջ էլ մարմնական մաքրագործումները կարևոր և առանձնահատուկ հոգածության արժանի գործերի թվում չէին, այլ պահանջվում էր ինչ-որ ուրիշ բան։ Իսկ եթե այդ պարտականություններն այսպիսին էին նույնիսկ շնորհի տվչությունից էլ առաջ, ապա դրանք առավել ևս անօգուտ դարձան Նոր Կտակարանի վսեմագույն պատվիրանների հռչակումից հետո, և ամենևին կարիք չկար դրանք ուժի մեջ թողնել։ Այսպիսով, ապականված կյանքը, ամեն դեպքում, ծանր չարիք է, բայց հատկապես վնասակար է այն ժամանակ, երբ ապականվածն ամենևին չի մտածում, որ ինքն ուղղման կարիք ունի, իսկ ավելի կործանարար է լինում ա՛յն ժամանակ, երբ այդպիսի մարդն ինքն իրեն ընդունակ է համարում ուրիշներին ևս ուղղելու։ Դա մատնանշելով՝ Քրիստոս դպիրներին կոչում է «կույրերի կույր առաջնորդներ»։ Իսկապես, եթե միայն այն, որ կույրն անհրաժեշտ չի համարում առաջնորդ ունենալ, արդեն իսկ դա մեծագույն դժբախտություն ու փորձանք է, ապա ինչպիսի՜ անդունդը կընկնի այդ կույրը, երբ ցանկանա ուրիշներին էլ ղեկավարել։ Փրկիչն այս բոլոր հանդիմանություններն ուղղում է՝ ցույց տալու համար դպիրների ու փարիսեցիների ավելորդ, մինչև իսկ մոլեգնություն հասած փառասիրությունը՝ այդ դաժան հիվանդությունը, որից նրանք խելագարվում էին։ Իսկապես, նրանց բոլոր չարիքների պատճառն այն էր, որ նրանք ամեն ինչ անում էին ցուցադրության համար։ Հենց սա էլ նրանց հեռացրեց հավատից և անհոգության մատնեց ճշմարիտ առաքինության հանդեպ, այլև մղեց հոգալու միայն մարմնական մաքրագործումների մասին՝ ջանք չգործադրալով հոգու մաքրագործման համար։ Ահա թե ինչու Քրիստոս, ցանկանալով նրանց բերել ճշմարիտ առաքինության ու հոգու մաքրագործման, հիշատակում է ողորմության, արդարության ու հավատի մասին։ Ահա՛ այն զորությունները, որոնցով պահպանվում է մեր կյանքը։ Ահա՛ հոգին մաքրող առաքինությունները՝ արդարությունը, մարդասիրությունը, ճշմարտությունը։ Մարդասիրությունը մեզ մղում է ներելու ուրիշներին, և մեզ թույլ չի տալիս չափազանց դաժան լինել մեղանչողների հանդեպ ու անզիջում՝ ներման հարցում (և այդպիսով մենք ձեռք ենք բերում կրկնակի օգուտ՝ թե՛ մարդասեր ենք դառնում, և թե՛ ինքներս էլ դրա համար արժանանում ենք ամենքի Աստծու մեծ մարդասիրությանը), ու նաև մեզ տրամադիր է դարձնում կարեկցելու տառապողներին ու օգնություն ցուցաբերելու նրանց։ Իսկ ահա ճշմարտությունը մեզ թույլ չի տալիս խաբելու և խորամանկության դիմելու։ Բայց ինչպես այն դեպքում, երբ Քրիստոս ասում էր՝ «դրանք պետք էր կատարել, և մյուսներն էլ՝ պահել», Նա դա չէր ասում հինկտակարանյան կանոնների պահպանումը թելադրելու մտադրությամբ, - ինչը որ մենք մատնացույց արեցինք վերևում, - այնպես էլ, երբ Հիսուս ափսեի ու բաժակի մասին ասում է՝ «նախ բաժակի ու ափսեի նե՛րսը մաքրիր, որպեսզի դրսի կողմն էլ մաքուր լինի», այդպիսով չի պատվիրում նախկին մանրախնդիր բծախնդրությունը, այլ, ընդհակառակը, ամեն խոսքով ցանկանում է ցույց տալ, որ նման նման մանրախնդրությունն ամբողջովին ավելորդ է։ Քրիստոս չասաց. «մաքրեցե՛ք նաև արտաքինն էլ», այլ՝ «ներսը», որից, անկասկած, հետևելու է նաև մյուսը։ Ի դեպ, Քրիստոս խոսում է ոչ թե բաժակի ու ափսեի մասին, այլ ներկայացնում է Իր դատողությունը հոգու և մարմնի մասին՝ «արտաքին» բառի ներքո նկատի ունենալով մարմինը, իսկ «ներքին» բառի ներքո՝ հոգին։ Եվ եթե ափսեի մեջ կարևորն է ներքինը, ապա առավել ևս՝ քո մեջ պետք է ներքինը կարևոր լինի։ Բայց դուք, - ասում է Նա, - վարվում եք հակառակը. պահպանելով աննշանն ու արտաքինը՝ անտեսում եք կարևորն ու ներքինը։ Այստեղից էլ ծագում է այն մեծագույն վնասը, որ դուք, ինքներդ ձեզ ամեն ինչ կատարած համարելով, մնացածն արհամարհում եք, մինչդեռ արհամարհելու պատճառով էլ նաև հոգ չեք անում կամ չեք ձեռնարկում դրա կատարմանը։
Այնուհետև Քրիստոս կրկին նախատում է դպիրներին ու փարիսեցիներին իրենց սնափառության համար՝ նրանց կոչելով «ծեփած գերեզմաններ, և ամենուր ավելացնելով «կեղծավորներ» բառը, քանի որ դա էր նրանց բոլոր տեսակի անօրինությունների և, միևնույն ժամանակ, նրանց կորստյան պատճառը։ Եվ Հիսուս նրանց ոչ թե պարզապես կոչում է «ծեփած գերեզմաններ», այլ նաև ասում է, թե նրանք լցված են անմաքրությամբ ու կեղծավորությամբ։ Այս խոսքերով Փրկիչը ցույց տվեց պատճառը, թե ինչո՛ւ դպիրներն ու փարիսեցիները չէին հավատում. դրա պատճառը հենց այն էր, որ նրանք լցված էին կեղծավորությամբ ու անօրինությամբ։ Ու ոչ միայն Քրիստոս, այլև մարգարեներն են նրանց մշտապես մեղադրում հափշտակության մեջ, ա՛յն բանում, որ նրանց իշխանավորներն արդարությամբ չեն դատում։ Եվ ամենուր կարող ես հանդիպել, որ զոհաբերությունները մերժվում են, իսկ պահանջվում են ողորմություն ու արդարություն։ Այսպիսով, ո՛չ Քրիստոսի տված պատվիրաններում, ո՛չ Նրա հանդիմանության մեջ, ո՛չ էլ նույնիսկ գերեզմանների հետ համեմատության մեջ արտասովոր ու նոր ոչինչ չկա։ Այս նմանությունը գործածում է նաև մարգարեն, ու նա էլ ասում է ոչ թե պարզապես «գերեզման», այլ՝ «գերեզմանի պես բաց են կոկորդները նրանց» (Սաղմ. 5:10)։ Եվ հիմա էլ կան նման մարդիկ, որոնք դրսից զարդարված են, իսկ ներսից լցված ամեն տեսակի անօրինությամբ։ Եվ հիմա էլ շատերն արտաքին մաքրության համար են մեծ ջանք գործադրում, շատ հոգս անում, իսկ հոգեկան մաքրության համար՝ ամենևին ոչ։ Բայց եթե լիներ մեկը, որը կարողանար բացել ամենքի խիղճը, ապա կգտներ բազում որդեր, շատ թարախ և անտանելի գարշահոտություն․ ես նկատի ունեմ զազրելի ու չար ցանկությունները, որոնք որդերից էլ ավելի նողկալի են։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ոսկի՞ն, թէ՞ տաճարը, որ սրբացնում է ոսկին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոս գլուխ 23:16
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ոսկի՞ն, թէ՞ տաճարը, որ սրբացնում է ոսկին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:13
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: