Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 24:20

Հովհաննես Ծործորեցի

Աղօթեցէ՛ք, որ ձեր փախուստը չլինի ձմրանը եւ ոչ էլ շաբաթ օրը.

 

   Աղոթք արեք, որպեսզի ձեր փախուստը չլինի ձմռանը և շաբաթ [օրը]:

   Ոմանք ասում են, թե սա միայն առաքյալների վերաբերյալ է ասվել` ըստ այսմ. «Աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք» (Մարկ. 14:38). որովհետև ուրբաթ օրը, երբ արևը խավարեց, նրանք քաջալերվեցին, բայց շաբաթ [օրը] հրեաները մեծախոսեցին 1315: Իսկ որ ձմեռ էր ու ցուրտ, երևում է այն խարույկից, որ վառել ու տաքանում էին. ըստ մարգարեի` «Այն օրը ցուրտ կլինի» (հմմտ. Զաք. 14:6): Բայց ինձ թվում է` այս խոսքերը հրեաներին են վերաբերում և ոչ թե աշակերտներին, որովհետև առաքյալները շաբաթը չէին պահելու կամ այնտեղ չէին լինելու Վեսպասիանոսի` [Երուսաղեմի ավերը] գործելու ժամանակ: Երբ [Տերն] Իր բարկությունը ցույց տվեց` [ասելով], որ այն արդարացիորեն հասնելու է նրանց, շտապեց նաև նրանց հանդեպ Իր ողորմությունը [ցույց տալ], քանի որ Նրա աթոռն արդարությամբ է հաստատված 1316: Եվ սովորեցնում է աղոթք անել, որ պատիժների սահմանը չանցկացվի, այլ նրանց վրա գալիք մեծ չարի ժամանակներն ու օրերը փոխվեն Նրա ողորմությամբ, որովհետև որ նեղություն պիտի գար, ճշմարիտ էր, և որ պիտի փախչեին, պարզ էր, բայց «աղոթք արեք, որ ձեր փախուստը չլինի ձմռանը և շաբաթ [օրը]»:

   [Չլինի] ձմռանը ցրտի նեղության պատճառով, քանի որ փախուստը դյուրին չէր լինի, և ոչ շաբաթ [օրը]` Օրենքի իշխանության պատճառով, որպեսզի Մովսեսի օրենքը չխախտվեր, թեպետ ունեին սովորություն շաբաթ [օրը] երեք ասպարեզ քայլելու, ինչպես գրված է «Գործք առաքելոցեում` «ըստ շաբաթ [օրվա] ճանապարհի» (Գործք 1:12): Բայց դա ի՞նչ էր, որ բավարարեր կռվելուն կամ փախչելուն: [Տերը որպես թե ասում է]` գուցե երբ ձեզ գտնեն պատերազմի օրերին շաբաթը հավատարմորեն պահելիս, սատակեցնեն, ինչպես նրանց, ում [սպանեցին] այն այրում 1317: Ինձ թվում է` սա ասում է, քանի որ կային այնպիսիք, որ արժանի էին ազատվելու [այդ նեղություններից], ինչպես հավատացյալները, որոնց էլ հրամայում է աղոթել ու փրկվել, ինչը և պատահեց:

   Նաև ձմեռն առանց պտուղների է, և շաբաթ [օրը]` առանց գործերի 1318: Այսպես մի՛ վայելեք դուք [ձեր կյանքը]` պտուղ ու գործեր չունենալով ձմռանը և շաբաթ [օրը], որոնցից մեկը հարկադիր է, մյուսը` կամավոր (ձմեռվա [անպտղությունը] հարկադիր է, իսկ շաբաթի [պահպանումը]` կամավոր), թող ոչ ուրիշների հարկադրանքը, ոչ էլ ձեր կամքը չհեռացնեն ձեզ ձեր Տեր Աստծո գործերից: Այլև քանի որ ձմեռն ամառային բոլոր աշխատանքներից հանգստանալու [շրջանն] է, իսկ շաբաթը` գործի վերջը, ինչպես այստեղ` «Դեռ կա Աստծո շաբաթը» (հմմտ. Եբր. 4:9), որը հանգստյան հատուցման համար է կոչվում «շաբաթ», ապա այս խոսքով [Տերը] հայտնի է դարձնում, որ տագնապ է տիրելու բոլոր նրանց, ովքեր կատարյալ հավատ ու բարի գործեր չունեն, քանի որ այն [կյանք] անհավատությամբ և բարի գործերից դատարկ հասնելու դեպքում` հոգու` մարմնից փախուստով, նրանց կսպասի այն փախուստը, որի մասին [Տերն] ասելու է ծույլերին ու անհավատներին. «Գնացե՛ք Ինձնից դեպի հավիտենական կրակը» (հմմտ. Մատթ. 25:41):
   

Ստեփանոս Սյունեցի

Աղօթեցէ՛ք, որ ձեր փախուստը չլինի ձմրանը եւ ոչ էլ շաբաթ օրը.
   
    «Աղոթեցե՛ք, որ այն փախուստը չլինի ձմռանը կամ շաբաթ օրը»:

   «Ձմռանը»՝ եղանակի խստության պատճառով, իսկ «շաբաթ օրը», քանի որ հրեաները շաբաթ օրը անցնում են միայն երեք ասպարեզ ճանապարհ: Այդ, այդպես մեկնվում է ոմանց կողմից:

   Իսկ եթե Փրկիչը ամեն ինչ առակով խոսեց, ապա ուրեմն անհրաժեշտ է այլաբանորեն հասկանալ: «Հրեաստան» անվանեց նրանց պաշտամունքի ստվերը՝ օրենքնի տեսանելի տառը, որից հրամայում է փախչել դեպի օրենքների և մարգարեների վեհագույն մտքերը՝ դեպ առաքյալների նոր վարդապետությունը:

   «Եվ ով տանիքի վրա կլինի, [այսինքն՝ով ունի] բարձր, կատարյալ առաքինություն և աստվածապաշտության հյուսված պսակ, իր տանից բան վերցնելու համար թող ցած չիջնի» (Մատթ. 24:17), [այսինքն]՝ մարմնավոր բաներից: Եվ ովքեր թողել են իրենց հանդերձները՝ մարմնական ցանկությունները, թող ետ չդառնան դեպի նույն ցանկությունները:

   Այն ժամանակ վա՜յ նրանց, որ չարություն հղացան և [նրանց, ովքեր] տալիս են իրենց աղտեղի անառակության կաթը: Նաև հորդորում է աղոթել, որպեսզի հոգու փախուստը մարմնից, չլինի ձմռանը կամ շաբաթ օրը: «Ձմեռ ժամանակը»՝ մեղքերի ալեկոծության և ամբարշտությունների խռովության ժամանակն է, իսկ «շաբաթ օրը», որպեսզի դատարկության և անհոգության մեջ չլինի վախճանը, այլ բարի և առաքինի գործերի ժամանակ:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Աղօթեցէ՛ք, որ ձեր փախուստը չլինի ձմրանը եւ ոչ էլ շաբաթ օրը.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 24:16