Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
3-4. Այն ժամանակ Յուդան, որ Յիսուսին մատնել էր, տեսնելով, որ Յիսուս դատապարտուեց, զղջաց, արծաթ դրամները վերադարձրեց քահանայապետներին եւ ժողովրդի ծերերին ու ասաց. «Մեղանչեցի, որովհետեւ արդար արիւն մատնեցի»: Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես»:
Այդ ժամանակ Նրան մատնած Հուդան, տեսնելով, որ Նա դատապարտվեց, զղջաց և արծաթը վերադարձրեց քահանայապետերին ու ժողովրդի ծերերին ասաց. «Մեղանչեցի, որովհետև արդար արյուն մատնեցի»:
Ի՞նչ է [նշանակում] «դատապարտվեց»-ը: Կամ [Հուդան] կարծում էր, թե [Հիսուսը] չէր բռնվի նրանց կողմից, ինչպես երեկ և եռանդ 1552, իսկ երբ տեսավ, որ Նա բռնվեց ու դատապարտվեց, այնուհետև զղջաց ինքը, կամ էլ նրա միտքը իրեն` [Հուդային], անմեղ արյան պարտապան ցույց տվեց, և իր ներքին մարդուց դատվելով` կշտամբվում էր նա Ուսուցչին մատնելու, ինչպես նաև արդարության պատճառով` ըստ սաղմոսի. «Իր դատաստանից դատապարտված դուրս կգա» (Սաղմ. 108։7) 1553: «Զղջաց և արծաթը վերադարձրեց քահանայապետերին». այս զղջումն ամբաստանություն էր թե՛ նրա, թե՛ նրանց դեմ. նրա դեմ` ոչ թե որ զղջաց, այլ որ ուշ, անժամանակ և կեղծավորաբար [զղջաց], ուստի անձամբ դատապարտեց իրեն, քանի որ մատնեց [Հիսուսին] և խոստովանեց [իր մեղքը]. իսկ նրանց [դեմ ամբաստանություն էր], որովհետև կարող էին զղջալ և չզղջացին` ըստ այսմ. «Ցրվեցին և չզղջացին» (Սաղմ. 34։15):
Բայց դու ուշադրություն դարձրու, թե ե՛րբ զղջաց: Երբ գործը կատարվեց, հանցանքը գործվեց, այնուհետև՛ [Հուդան] ապաշխարության [զգացումով] լցվեց, և ո՛չ այդ ժամին պիտանի դառնալով ու գործով, այլ սոսկ խոսքով թե` մեղանչեցի: Եվ դա սատանայի գործն է, որ նրանց, ովքեր արթուն չեն, չի տալիս տեսնել նախապես իրենց [գործած] չարիքները, որպեսզի չապաշխարեն: Բայց ոմանք ասում են, թե այն պատճառով թողություն չտրվեց [Հուդային], որ ոչ թե ասաց.
«Մեղանչեցի, որովհետև մատնեցի Աստծո Որդուն»,
այլ` «արդար արյուն», սակայն սա ինձ ճիշտ չի թվում. ոչ միայն այն պատճառով, որ առաքյալներից ոչ ոք էլ չգիտեր, որ Նա Աստծո ճշմարիտ Որդին է, մինչև այդ ժամանակ մի տեսակ կասկածանքով ու տատանվելով [էին ընդունում սա], թեպետ ի վերուստ եղած հայտնությամբ մի անգամ Պետրոսը դավանեց, այլև որովհետև ո՞վ էր արդար, Քրիստոսից բացի, Ով մեզ համար Աստծո արդարությունը դարձավ 1554: Իսկ ինչպես ինձ է թվում` թողություն չընդունեց, կամ որովհետև, ինչպես ասացի, զղջաց սոսկ խոսքով և ոչ թե գործով, ինչպես Պետրոսը, կամ էլ, որ, ինչպես [ավետարանիչն] է դեռ ասելու, Տիրոջ արյան [մեղքին] ավելացրեց անձնասպանությունը` իրեն խեղդելով:
Եվ նրանք ասացին. «Մեզ ի՞նչ. դո՛ւ գիտես»:
Հուդայի մեղքը, որ մատնությունն էր, իր նպատակին հասավ, այդ պատճառով էլ նա չէր դիմանում խղճմտանքին, որ տանջում էր նրան: Իսկ նրանցը դեռ չէր [իրագործվել], և երբ նրանք իրենցն էլ կատարեցին` [Քրիստոսին] խաչին բևեռելով, այնուհետև նրանք էլ խռովվեցին. մեկ ասում էին. «Մի՛ գրիր «Հրեաների թագավոր», այլ թե` Նա՛ ասաց` հրեաների թագավորն եմ» (Հովհ. 19։21), մեկ էլ պահապաններ էին կարգում [խաչի մոտ ու գերեզմանին]: Բայց տես, որ գիտեի՛ն, որ անիրավ գործ էին [կատարում]. սա երևում է նրանից, որ ասացին. «Դո՛ւ գիտես. մեզ ի՞նչ». ուրեմն սրանով արդարանալ չէին կարող: Թեպետ Հուդային էին մեղքը վերագրում, իրենք էլ էին անօրենության մեջ մեղադրելի, որ կրքից բռնված լինելով` այդ ժամին չէին կարողանում հեռանալ սատանայական հանդգնությունից:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
3-10․ Սա՛ է այն մարդը, որի մասին Եսայի մարգարէի բերանով ասուեց. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»: Եւ ինքը՝ Յովհաննէսը, ուղտի մազից զգեստ ունէր եւ կաշուէ գօտի՝ իր մէջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր: Այն ժամանակ նրա մօտ էին գնում բոլոր երուսաղէմացիները, ամբողջ Հրէաստանն ու Յորդանանի շրջակայքի ժողովուրդը, մկրտւում էին նրանից Յորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը: Եւ նա տեսնելով սադուկեցիներից եւ փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտութեանը, ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկութիւնից: Այսուհետեւ ապաշխարութեան արժանի գործեր կատարեցէ՛ք. եւ մի՛ յաւակնէք ասել դուք ձեզ, թէ՝ Աբրահամը մեր հայրն է. ասում եմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել. որովհետեւ կացինն ահա ծառերի արմատին է դրուած: Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում եւ կրակն է գցւում:
Մատթեոս ավետարանիչը մի պահ ընդհատում է Հիսուսի պատմության մատնության պատմությունը, որպեսզի հիշեցնի մատնիչի հուսահատ կորուստը։ Մենք էլ, ավետարանիչին հետևելով, այստեղ ընդհատում ենք։ Մատթեոսը միջանկյալ այդ պատմությունն ավելի առաջ է բերել՝ կցելով Հիսուսին Պիղատոսի մոտ տանելու պարագայում, անշուշտ ուշադրություն չդարձնելով ճիշտ ժամին ու վայրկյանին, այլ նշանավոր պատահարը բաց չթողնելու միտումն ունի։ Մենք կարծում ենք, թե Կայիափայի կողմից Պիղատոսի մոտ տարվելու ժամանակ դեռ շատ վաղ էր, որպեսզի Հուդայի մոտ արթնանար հուսահատության զգացումը և այն վերջնական ու վճռական կարող էր լինել միայն Հիսուսի խաչ բարձրանալու ժամանակ։ Եվ եթե մենք, դեռ խաչելությունը չպատմած, ուզեցինք զետեղել հուսահատության մասին պատմող միջադեպը, ապա մեր նպատակը պարզապես խաչելության մանրամասնությունները շարունակաբար պատմելու ցանկությունն է։
Ուշագրավ և խորունկ դիտողության է արժանի հոգեբանական այն փոփոխությունների վիճակը, որին ենթարկվեց Իսկարիովտացի մատնիչը այս տասնհինգ ժամվա կարճ միջոցին։ Նախորդ երեկոյից կեղծավոր բարեպաշտությամբ Հիսուսի հետ ընթրիքի էր նստած, Ում մատնությունն արդեն սակարկել ու կարգադրել էր։ Լսելով, որ իմացվել է մատնության խորհուրդը, շտապ միջոցներ է ձեռնարկում գործը շուտ անելու համար։ Կես գիշերից առաջ խարդախ համբույրով մատնում է Հիսուսին և Աննայի ապարանքը հանձնելով՝ ստանում սակարկյալ վարձը։ Այնուհետև նրա հետքը կորցնում ենք, ավետարանները լռում են, սակայն դժվար չէ եզրակացնել, թե նա քայլ առ քայլ դիտում էր իր գործած մատնության հետևանքները և առանց իրեն հայտնի դարձնելու՝ դատարանից դատարան տեղեկանում էր բոլոր մանրամասներին՝ սպասելով գործի ելքին։ Արծաթասիրության բուռն տենչը հագուրդ էր ստացել․ երեսուն արծաթ դահեկանը գոտու մեջ էր և ինքն է՛լ սպասելիք չուներ։ Հիսուսի դեմ ատելություն չուներ, Հիսուսից վրեժ լուծել չէր կամենում, Հիսուս իր համար դրամ շահելու միջոց էր եղել։ Դրանից հետո Հիսուս կարող էր Ինքն Իրեն ազատել, որ թերևս իրեն համար էլ ավելի հաճելի էր։
Ոմանք էլ ավելի են առաջ գնում և մենք չենք վարանում՝ հետևել նրանց։ Հիսուսի հետ այդքան շրջելով ու գործելով՝ Հուդան տեսել և համոզված էր Նրա գերբնական կարողության վրա։ Հուդան քանի՜-քանի՜ անգամ փորձով տեսել էր, որ Հիսուս գերբնական զորությամբ նույնիսկ կյանքին սպառնացող հայտնի վտանգներից Իրեն ազատել էր։ Նազարեթցիներին չէր հաջողվել Իրեն գահավեժ անել (Ղուկ. 4:16-30), Տիբերական ծովակի ալեկոծությունը մի հրամանով դադարեցրել էր (Մատթ. 8:18), հրաշքով հսկա մի բազմություն էր կերակրել (Մատթ. 14:15-21), լոկ խոսքով կատարվել էին անթիվ-անհամար հրաշքներ։ Հուդան կարող էր ներքին համոզում ունենալ, թե Հիսուս այնպիսի անձնավորություն է, ում ոչ ոք չի կարող չարիք հասցնել և Իր կատարելիք մատնությունն էլ չէր կարող Հիսուսին իրական վնաս պատճառել։ Հուդան կարող էր կարծել, որ ինքը կմատնի Հիսուսին, վարձը կգրպանի, սակայն Հիսուս վնաս չի կրի։ Առանց Հիսուսին վնասելու՝ ինքը գեղեցիկ շահ ունեցած կլինի։ Այդ հոգեբանական վիճակը թեպետ ենթադրելի, սակայն իրականությունից հեռու չէ և բավականին լավ է համապատասխանում հետագա պահատահարներին։
Լոկ չարաշահության սկզբունքով չարություն գործողները բուռն ու հուզվող կրքի խառնվածք չունեն, այլ նենգամիտ հաշվի հանդարտ հետևողներ են։ Սակայն նրանց հուսախաբությունը սաստկանում է, երբ սխալվում են իրենց հաշվում։ Գործադրության հետ անհետանում է նաև շահի ձգտումը և նպատակին հասնելուց հետո անմիջապես թուլանում է ազդեցությունը։ Ձգտումը դեպի շահը բուռն է, իսկ շահն ստանալուց հետո թուլանում է, տկարանում։ Հուդայի չարաշահության կիրքն էլ արդեն թուլացել էր, երբ վարձը գրպանած դուրս եկավ Աննայի ապարանքից։ Դրանից հետո սկսեց հետաքրքրությամբ դիտել կատարած մատնության հետևանքները՝ վայրկյան առ վայրկյան սպասելով, որ Հիսուս մի գերբնական ու զորավոր ուժով Իրեն կազատի վտանգից։ Սակայն չիրականացավ այդ ակնկալությունը։ Կայիափայի առաջին ատյանն ամբաստանեց Հիսուսին, քահանայապետարանի ձաղանքը խայտառակեց Նրան, առավոտյան ժողովը դատապարտեց և, վերջապես, Հիսուս ընկավ հեթանոս դատավորի ու կայսերական կառավարչի ձեռքը։ Անշուշտ Հուդան այդ պահին ուժեղ ցնցվեց, և Մատթեոսն իրավամբ այդ պարագային կցեց մատնիչի հուսահատությունը։
Մի՞թե Հիսուս իրոք պիտի վտանգվեր, մի՞թե Հիսուսի հակառակորդները պիտի հզորանային, մի՞թե Հիսուս Իրեն պիտի չազատեր, մի՞թե մեծ վարդապետը, չարագործ ավազակի նման, պիտի խաչվեր։ Այս մտքերն սկսում էին Հուդայի խիղճը տակն ու վրա անել։ Սոսկալի կանխատեսությունն ու իր պատասխանատվությունը սկսում են կրծել սիրտը։ Առանց իր արածի ո՛չ հակառակորդները հաջողություն կունենային, ո՛չ Հիսուս վիտանգի կմատնվեր։ Հուդան մեկ առ մեկ հետևում է Պիղատոսի հնարքներին։ Դատավորի ջանքերը հույսեր են ներշնչում, դատավորի անհաջողությունը՝ հուսաբեկություն առաջացնում։ Պիղատոսի ելևէջներով Հուդան էլ բարձրանում ու իջնում է։ Այսպես բավականին ժամեր է անցկացնում մատնիչ աշակերտը։ Միտքը շվարում է, սակայն չարությամբ, չարաշահությամբ ու սառնությամբ մեղանչողը դժվար թե ճիշտ դարձի գար։ Ճահճի մեջ ընկածի նման, նա, քանի հուզվում, այնքան ավելի է խրվում, քանի այլայլվում, այնքան ավելի է թաղվում։ Հարցաքննությունները, Հերովդեսի արածը, Բարաբբայի ազատվելը, անիրավ գանակոծությունը, անգութ ձաղանքը հետզհետե ծանրացնում են Հուդայի վիճակը։ Հուսադրությունը՝ հուսաբեկության և հուսաբեկությունը հուսահատության է հասնում, երբ տեսնում է, որ դահիճների հսկողությամբ և թշնամիների բազմության ուղեկցությամբ Հիսուս, խաչն ուսին, բռնում է Գողգոթայի ճանապարհը։ Մատթեոսն ասում է, թե զգաց, որ «պարտաւորեցաւ»։
Այդ զգացմունքը զղջում է բերում Հուդային՝ զղջացաւ, սակայն դարձի զղջում չէր և ոչ ներման դիմում, այլ զղջացող մի ցավ՝ արածի համար, սխալ հաշվարկի անպտուղ ախուվախ, քանի որ Հիսուսի մնալն իրեն ավելի շահ կբերեր։ Եթե չմատներ, եթե Հիսուսի հետ շարունակեր, շատ ավելի շահ կարող էր ունենալ գանձապահի պաշտոնում, քան միանվագ շահած երեսուն արծաթը։ Գոտու մեջ եղող երեսուն դահեկանն այլևս աչքին չերևաց, զայրացավ իրեն մոլորեցնող քահանայապետերի դեմ, և երբ Հիսուս Գողգոթա էր բարձրանում, էլ սիրտ չարեց այնտեղ գնալ ու ներկա գտնվել խաչի տխուր տեսարանին, այլ վազեց դեպի տաճար և ներկայացավ սինեդրիոնի անդամներից ներկա եղողներին։ «Սխալվեցի,- գոչեց,- սխալվեցի․ այս երեսուն դահեկանն ինձ հրապուրեց և մղեց անիրավ մի գործ կատարելու։ Իմ կանխատեսումները չիրականացան, Հիսուս անմեղ էր, ես Նրան զոհեցի ձեր անիրավություններին․ վերցրեք արծաթները, ուղղեցեք ձեր արածները, ազատեցեք Հիսուսին»։ Քահանայապետերը, անշուշտ Կայիափայի գլխավորությամբ, պատասխանում են․ «Մենք մեր արածները գիտենք․ նոր անելիք չունենք․ քո արածի մասին էլ դու մտածիր, սխալվել ես, խաբվել ես, մեր գործը չէ, տվածներս էլ ետ չենք վերցնի, գնա՛ քո հարցն ինքդ լուծիր»։
Հուդան ժողովարանից դուրս է վազում խելացնորի պես։ Քայլում է դեպի տաճար, ուր գանձանակի սրահն էր։ Մտքով անգամ չի անցնում դրամը գանձանակի մեջ նետել։ Մի ներքին խուճապ հալածում է նրան։ Երեսուն արծաթը սրահի դռնից քսակով ներս է նետում և, առանց ետ նայելու, հապճեպորեն մեկնում, կարծես ամեն մի մարդ իրեն նախատում է, արածը երեսով տալիս, սպառնում, հալածում։ Տաճարից դուրս գալով՝ անշուշտ Գողգոթայի հակառակ ուղղությունն է բռնում, որպեսզի չհանդիպի Հիսուսին, Նրան վերաբերող ոչինչ չտեսնի, չլսի։ Հավանաբար դեպի հարավ է գնում, դեպի Գեհենի անեծքի դատապարտած ձորը, որ գարշանքների աղբանոց էր, և ուր աղբը կրակով այրում էին՝ օդը չապականելու համար։ Այնտեղ, անճանաչելի դարձած և հուսահատության հետին աստիճանի ընկած, ինքը դառնում է իր կյանքի դահիճը և թաքնված անկյուններից մեկում մի ծառից կախվում է, երբ Գողգոթայի բարձունքում խաչի վրա կախվում էր Հիսուս։ Այսպես ավարտվում է Հուդայի անձնասպանության եղերական միջադեպը։
Մենք էլ պիտի ավարտենք մեր միջանկյալ հոդվածը, սակայն, նյութ ամբողջացնելու համար, հիշենք մի քանի պարագաներ։ Մատթեոսը Հուդայի մահը մի բառով է բացատրում՝ խեղդեցաւ։ Պետրոսն ուրիշ պարագաներ էլ է ավելացնում․ «ուռուցեալ հերձաւ ընդ մէջ, եւ հեղաւ ամենայն փոր նորա» Գործ 1:18։ Ոմանք կարծեցին, թե Պետրոսի տված տեղեկությունը բոլորովին տարբեր է Մատթեոսի պատմածից։ Սակայն այդպիսի տարբերության ենթադրելու պատճառ չկա։ Հուդան անծանոթ ու անբնակ մի անկյունում է կախել իրեն, որտեղից ոչ մեկը նրան իջեցնելու համար հոգ պիտի չաներ, որովհետև այդտեղ անցորդներ հազվադեպ էին և անձնասպանի մասին լուր չէին կարող տալ։ Մարմինն օրերով մնացել է ծառից կախված՝ ամբողջովին ապականվելով ու քայքայվելով, ինչպես և գտել են նրան և իմացել ով լինելը։ Երբ Պետրոսն այդ տեղեկությունները հաղորդում է, Հուդայի մահվանից քառասունհինգ օր էր անցել, երբ արդեն ամեն ինչ հայտնի էր դարձել։ Մատթեոսը բավականացել է միայն Հուդայի անձնասպանությունն ակնարկելով և հարկ չի համարել մանրամասների մեջ մտնել։
Մի պարագա էլ մատնության դրամի կիրառությունն է։ Հուդան երեսուն դահեկանը նետել էր գանձանակի սրայի հատակին։ Երբ գտնվեց և իմացվեց, թե ինչ դրամ է, ժողովրդականները, նենգամիտ խղճահարությամբ, չկամեցան այն նվերների ու զոհերի հատուկ գանձանակը նետել։ Այդ գանձանակը, որ կոչվում էր կորբան և որը մեր այժմյան տառադարձությամբ գուրպան պիտի գրեինք, նվիրական ու սուրբ էր։ Երեսուն արծաթը պիղծ համարվեց, որովհետև որպես արյան գին էր ծառայել և այդ դրամով կատարվել էր անմեղ արյուն թափելու մատնությունը։ Նույն օրը, դրամն առանձին պահելով, մի ուրիշ օր էլ ժողովի ժամանակ խոսեցին, թե ինչ անեն այդ և վերջապես բացեցին և ոչ նվիրական բանի համար գործածել ուզենալով Գեհենի ձորում գնեցին Ակեղդամայի արտը, որ նախկինում բրուտի արտ էր և օտար մեռելների համար դարձրին գերեզմանոց։ Բրուտի արտին դրանից հետո տրվեց Ակեղդամա կամ Գեոզարեան անվանումը։ Այդ մասին բացահայտ ասում են Մատթեոսն ու Պետրոսը։ Ըստ Մատթեոսի, նոր անունը տրվեց՝ Հիսուսի արյան գինը եղող դրամով գնված լինելու համար, մինչ Պետրոսի խոսքն ավելի շատ հակված է ցույց տալու, որ Հուդայի արյունն այնտեղ թափված լինելու պատճառով է նոր անուն տրվել։ Սակայն Պետրոսի խոսքը շատ մութ է, և Հուդայից թափվածը ոչ թե արյուն էր, այլ նեխվածությունը, ուստի վստահելի է Մատթեոսի բացատրությունը։
Այստեղ անհնար է նկատի չառնել քահանայապետերի կեղծավոր խղճահարությունը, որ, Հիսուսի արյունը գնելու համար դրամ տալը պիղծ չհամարելով պաշտոնապես վճարեցին, բայց հետո, նույն դրամը պիղծ են համարում, երբ Հուդան այն ետ է վերադարձնում՝ պիղծ գործողությունը ջնջելու նպատակով։ Ճիշտ տեղին է Հիսուսի վայերը (Մատթ. 23:13-32) կրկին նրանց գլխներին կարդալը։
Բացատրության արժանի կետ է նաև Մատթեոսի մեջբերած մարգարեությունը․ «Յայնժամ լցաւ որ ասացաւն ի ձեռն Երեմիայի մարգարէի․ Եւ առին զերեսուն արծաթին զգինս վաճառելոյն, զոր արկին յորդւոցն Իսրայէլի եւ ետուն զնա յագարակն բրտի, որպէս հրամայեաց ինձ Տէր»։ Արդ այս վկայության թե՛ անունը և թե՛ խոսքերը նույնությամբ չկան Սուրբ Գրոց մեջ։ Զաքարիայի մոտ կարդում ենք․ «Եւ կշռեցին զվարձն իմ երեսուն արծաթի։ Եւ ասէ ցիս Տէր, արկ դու զայդ ի բովս, եւ քննեա թէ փորձ իցէ, որպէս եւ ես գտայ փորձ վասն նոցա։ Եւ առի զերեսուն արծաթին, եւ արկի ի տուն Տեառն ի բովս» Զաք.․ 11:13։ Երեմիայի մոտ նմանօրինակ վկայություն չենք գտնում և բրուտի հիշատակությանը հանդիպում ենք միայն հետևյալ համարում․ «Եւ ասէ Տէր, արի, էջ ի տուն բրտին, եւ անդ լուիցես զբանս իմ․ Իջի ի տուն բրտին, եւ ահա նա գործէր ի վերայ վիմաց։ Եւ անկաւ աման մի զոր ինքն գործէր ի կաւոյն՝ ի ձեռաց նորա․ եւ դարձեալ արար զնա այլ աման» Երեմ․ 18:2-4։ Այս վերջին վկայությունը ամենևին համեմատելի չէ Մատթեոսի մեջբերած մարգարեության հետ, իսկ առաջինինը թե՛ անունն է տարբեր և թե՛ խոսքը։ Մեկնիչները խոսքի տարբերության մասին ասում են, թե եբրայեցերեն բառը մի փոքրիկ կետի տարբերությամբ, «ի բովս» թարգմանվելու փոխարեն, կարող է թարգմանվել «ի տուն բրտի», ինչպիսին մերն է, կամ «ի տուն գանձուն», ինչպիսին լատին թարգմանությունն է։ Իսկ Զաքարիա ասելու փոխարեն Երեմիա ասելը վերագրվում է առաջին ընդօրինակողների թույլ տված սխալին, թեպետ ոմանք անպատեհ չեն համարում ասել, թե ավետարանիչները նույնպես, իբրև պարզ գրիչներ, կարող էին հիշողության վրիպակներ ունենալ։ Ըստ մեզ, ավելի հարմար է տարբերությունը վերագրել նախնական ընդօրինակողների շփոթությանը։
Հուդային վերաբերող միջանկյալ հոդվածն այսպես ավարտելով՝ սկսենք պատմել Հիսուսի խաչելությունը։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: