Հովհաննես Ծործորեցի (†1338)
Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով:
Գնացեք այսուհետև, աշակերտ դարձրեք բոլոր հեթանոսներին:
Ես, ասում է, ուղարկվեցի հրեաների մոտ, որպեսզի [իրենց] մեղքերի համար պատրվակներ չհորինեին, բայց նրանք չընդունեցին [Ինձ]. այսուհետև դուք հեթանոսների մո՛տ գնացեք քարոզելու: [Այսպես ասաց], որպեսզի կատարվեր այն խոսքը, որ ասում է. «Եթե Ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհ. 15:20), որովհետև գիտեր, որ [հրեաները] նրանց [ևս] չէին ընդունելու, ինչպես հետո Պողոսն էր ասում. «Այս խոսքը նախ ձե՛զ ուղարկվեց փրկության համար. բայց որ չեք ընդունում, կշրջվենք դեպի հեթանոսները» (հմմտ. Գործք 13:46): Ըստ մարգարեների վկայության` «Քեզ տվեցի որպես ուխտ ազգի համար և լույս` հեթանոսների» (Ես. 42:6), «Նրա անվանը կհուսան հեթանոսները» (Ես. 42:4), «Նա է հեթանոսների ակնկալությունը» (Ծննդ. 49:10), և «լույս` հեթանոսներին լուսավորելու» (Ղուկ. 2:32): «Գնացեք այսուհետև,- ասում է [Տերը],- աշակերտ դարձրեք բոլոր հեթանոսներին».չի հիշում հրեաների ապիրատությունն ու այն գործերը, որ արեցին, կամ Պետրոսի ուրացությունը, կամ աշակերտների փախչելը, այլ միայն հորդորում է դեպի սպասվող աշխատանքը` ի խրատ և ի դաս նրանց, որ ամենքի հանդեպ անոխակալ լինեն և դրանո՛վ որսան ավետարանի ուռկանների մեջ:
Նաև` «գնացեք» ասելով սովորեցնում է, որ մի վայրում դադար չառնեն, այլ շրջեն ու քարոզեն, որովհետև եթե պետք է բոլոր հեթանոսներին աշակերտ դարձնել, ապա բոլորի մոտ և ամեն տեղ է պետք ընթանալ, ինչպես [Տերն] Ինքն էր շրջում և ուսուցանում: «Գնացեք»-ով ոչ միայն ճանապարհ գնալն է հրամայում, այլև ուսուցչի վարք ցուցաբերելը, ինչպես [Տերը], սեփական անձը որպես խոսքի ու գործի և օրինակ ծառայեցնելով, ինչը նաև Պողոսն է պատվիրում 1683, և դրանով բոլոր հեթանոսներին աշակերտ կդարձնեք: Սա՛ է այն «գնալը», որի հետևից գնում են օրիորդների բոլոր բազմությունները 1684:
Նրանց մկրտեք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով:
Սա կրոնի մասին է ասում: Ովքեր անվրեպ խոստովանությամբ հավատում են Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն որպես Երեք Անձնավորության և Մեկ Աստվածության, նրանց մաքրե՛ք նախահայր Ադամի մեղքից, սոսկալի ու եռահյուսակ սրբասացությամբ և Ավազանի ջրով լվացե՛ք [նրանց] հոգին, միտքն ու մարմինը, որովհետև Աստծո անունը մաքրում է բոլոր մեղքերից, ինչպես և հրեաները վկայեցին. «Ոչ ոք չի [կարող] ներել մեղքերը, Աստծուց բացի» (հմմտ. Մարկ. 2:7):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 28:18
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: