Ա. Լոպուխին
Երրորդ օրը, երբ դեռ նրանք ցավերի մեջ էին, Հակոբի երկու որդիները` Դինայի եղբայրները՝ Շմավոնն ու Ղևին, ամեն մեկը, առնելով իր սուրը, կազմ ու պատրաստ մտավ քաղաք ու կոտորեց բոլոր արուներին: [25] (Սինոդական թարգ․)
Այստեղ պատկերված է Հակոբի երկու որդիների կողմից սյուքեմացիների նկատմամբ իրականացված արյունալի վրեժխնդրության, ինչպես նաև նրանց սեփականության վայրագ կողոպտման սարսափելի տեսարան: Թլպատության երրորդ օրն աչքի է ընկնում վերքերի առավել բորբոքվածությամբ (Վուլգ. Die tertio, quando gravissimus vulnerum dolor est): Օգտվելով Սյուքեմի բնակիչների տանջալի տառապանքներից, անօգնականությունից և դիմադրելու անկարողությունից՝ Շմավոնն ու Ղևին (նրանք այստեղ միտումնավոր հիշատակվում էին իբրև Դինայի եղբայրներ, քանի որ վրեժխնդրությամբ էին լցված իրենց արգանդակից քրոջ անարգանքի պատճառով), անկասկած, իրենց ծառաների օգնությամբ զինվեցին թրերով և քաջաբար (եբր.՝ betach. այս բառը, ըստ տրամաբանության, կարող է վերաբերել նաև քաղաքին, արտահայտում է այն միտքը, որ քաղաքի բնակիչները հանգիստ կերպով դիմավորեցին հարձակվողներին՝ նրանց համարելով դաշնակիցներ) համընդհանուր սպանդի ենթարկեցին բոլոր տղամարդկանց: Այս արյունալի քայլը հեշտությամբ իրագործվեց, քանի որ սյուքեմացիների մոտ, ըստ Հովսեփ Փլավիոսի, տոն էր, և թե՛ բնակիչները, թե՛ պահակախումբը հարբած էին: Միդրաշը, ցանկանալով մեղմել երկու հրեա ցեղապետերի մեղքը, ասում է, որ Շմավոնի և Ղևիի արյունալի հաշվեհարդարը հարևան ցեղերի դեմ զինվելու ազդանշան էր նաև հենց Հակոբի համար (Beresch. r. Раr. 80, s. 395): Ընդ որում՝ որպես պատճառ բերվում է Ծննդ. 48:22–րդ համարը: Բայց աստվածաշնչյան տեքստը ոչ միայն չի խոսում երկու որդիների կատարած ոճրագործությանը Հակոբի ունեցած մասնակցության մասին, այլ նաև ուղղակիորեն վկայում է, որ Հակոբը չափազանց վշտանում է Շմավոնի և Ղևիի վարմունքից (հ. 30) և հեղում է իր ողջ դառնությունը՝ մահվան մահճում դատապարտելով և նզովելով այս արարքը (Ծննդ. 49։5-7):
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Երրորդ օրը, երբ դեռ նրանք ցաւերի մէջ էին, Յակոբի երկու որդիները՝ Դինայի եղբայրներ Շմաւոնն ու Ղեւին, ամէն մէկն առնելով իր սուրը, կազմ ու պատրաստ մտան քաղաքն ու կոտորեցին բոլոր արուներին:
(Արարատ թարգ․) Եվ երրորդ օրը, մինչ նրանք ցավերի մեջ էին, Հակոբի երկու որդիները՝ Դինայի եղբայրները՝ Շմավոնը և Ղևին, յուրաքանչյուրն առավ իր սուրը, համարձակ մտան քաղաք և սպանեցին բոլոր արուներին:
(Գրաբար) Եւ եղեւ յաւուրն երրորդի մինչ դեռ էին նոքա ի ցաւսն, առին երկու որդիքն Յակոբայ, Շմաւոն եւ Ղեւի եղբարք
Դինայ` իւրաքանչիւր զսուր իւր, եւ մտին ի քաղաքն կազմութեամբ, եւ կոտորեցին զամենայն արու:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: