Ա. Լոպուխին
6-7․ Եսավն առավ իր կանանց, տղաներին ու աղջիկներին, իր տան բոլոր մարդկանց, ողջ ունեցվածքն ու անասուններին՝ այն ամենը, ինչ ձեռք էր բերել քանանացիների երկրում, և հեռացավ քանանացիների երկրից՝ իր եղբայր Հակոբի մոտից, [6] որովհետև նրանց ունեցվածքն այնքան շատ էր, որ չէին կարող միասին բնակվել, և պանդխտության երկիրն ի վիճակի չէր նրանց բավարարելու նրանց անասունների չափազանց շատ լինելու պատճառով: (Սինոդական թարգ․)
Եթե նախկինում (Ծննդ. 32, 33) Եսավը միայն ժամանակավորապես էր հեռանում Քանանից, հիմա նա նախաձեռնում է մեկընդմիշտ տեղափոխվելու հայրական տնից: Վերցնելով իր հետ այն ամենը, ինչ իրեն էր պատկանում՝ ուղևորվում է ուրիշ երկիր, որն, անկասկած, Սեիրն է (Ծննդ. 9, 33:14): Միդրաշը 1 ոչ առանց հիմքի, նշում է, որ Եսավի հեռանալը Հակոբից նշանակում է, որ Եսավը մասնաբաժին չէր ունենալու Աբրահամին տրված խոստումներից: Եղբորից բաժանման պատճառը նույնն էր, ինչ նշված էր Աբրահամի և Ղովտի բաժանման ժամանակ (Ծննդ. 13:5-12)՝ արոտավայրերի սակավությունը և դրա պատճառով, հավանաբար, հովիվների միջև տեղի ունեցող վեճերը: Պետք է հիշել, որ քոչող նահապետների տրամադրության տակ միայն չբնակեցված, ազատ տարածքներն էին: Նստակյաց կյանք վարող բնակչության կողմից զբաղեցված մնացած հողատարածքները անհասանելի էին նրանց, և նրանք միայն փողով կարող էին իրենց կարիքների համար հողատարածքներ գնել (Ծննդ. 23:3-4, 33:19): Նման պայմաններում «պանդխտության երկրում» նրանց միջև միշտ էլ հնարավոր էին թյուրիմացություններ ու վեճեր, օրինակ՝ ջրհորների համար (հմմտ. Ծննդ. 21, 26):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Եսաւն առաւ իր կանանց, տղաներին ու աղջիկներին, իր տան բոլոր մարդկանց, ողջ ունեցուածքն ու անասունները, այն ամէնը, ինչ ստացել, ձեռք էր բերել Քանանացիների երկրում, եւ հեռացաւ իր եղբայր Յակոբի մօտից՝ Քանանացիների երկրից,
(Արարատ թարգ․) Եվ Եսավն առավ իր կանանց, իր որդիներին ու դուստրերին, իր տան բոլոր մարդկանց, իր հոտերն ու բոլոր անասունները, իր ամբողջ ունեցվածքը, որ ձեռք էր բերել Քանանի երկրում և իր եղբայր Հակոբի մոտից հեռացավ այլ երկիր,
(Գրաբար) Եւ առ Եսաւ զկանայս իւր, եւ զուստերս եւ զդստերս իւր, եւ զամենայն մարդիկ տան իւրոյ, եւ զամենայն ինչս եւ զանասուն. եւ զամենայն ինչ զոր ստացաւ` եւ զոր արար յերկրին Քանանացւոց. եւ գնաց յերկրէն Քանանացւոց յերեսաց Յակոբայ եղբաւր իւրոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: