Ծննդոց գրքի մեկնություն 36:8

Ա. Լոպուխին

Ուստի Եսավը՝ նույն ինքը Եդովմը, հաստատվեց Սեիր լեռան վրա: [8] (Սինոդական թարգ․)
   
   Եսավի և նրա ցեղախմբի կողմից զբաղեցված երկիրն այստեղ կոչվում է Սեիր լեռ (հմմտ. Ծննդ. 14:6): Մինչ Եսավ–Եդովմի ցեղախմբի բնակեցումն այդտեղ ապրում էին տրոգլոդիտ (քարանձավաբնակ) քոռեցիները (Ծննդ. 14:6, Բ Օր. 2:12), և լեռը  Սեիր անվանումը ստացել էր կա՛մ Սեիր անունով քոռեցիներից մեկից (Ծննդ. 36:20), կա՛մ էլ հենց Եսավից, որը «սաիռ»՝ մազոտ էր (Ծննդ. 25:25): Սեիր «լեռը» բաղկացած էր ժայռոտ լեռնաճյուղավորված շղթաներից, որ այժմ կոչվում են Ջեբել, Շերա, Հոսմա, որոնք Մեռյալ ծովի հարավային ափից ձգվում են մինչև Էյլաթյան (Ակաբյան, ծանոթ.՝ թարգմանչի) ծոց: Երկրի հյուսիսային մասը հնում կոչվում էր Գաբելենա (հուն.՝ Γεβαληνή),  որտեղից էլ, հավանաբար, առաջացել է ներկայիս արաբական՝ Ջեբել (բլրոտ երկիր) անվանումը: Լեռնաշղթային զուգահեռ ձգվում է Քոռ հովիտը, որի վրա լեռներն ասես կտրվում են: Երկրի արևելյան մասը գրեթե անբերրի  է և լի է քարերով (քարքարոտ Արաբիա): Իսկ լեռնային հատվածը (լեռները կրաքարային են՝ բազալտի խառնուրդով) բավականին բերրի է: Այս տարածքում  բնակվելուց  հետո Եսավի սերունդները գրավեցին Բոսորան (Բոցրա), Թեմանը, Մասեկկան և այլ քաղաքներ:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Ուստի Եսաւը՝ նոյն ինքը Եդոմը, հաստատուեց Սէիր լերան վրայ:
(Արարատ թարգ․) Եսավը՝ նույն ինքը Եդոմը, բնակվեց Սեիր լեռան վրա:
(Գրաբար) Եւ բնակեցաւ Եսաւ ի լերինն Սէիր: Եսաւ` որ նա ինքն է Եդոմ: