Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 4:12

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

12-16․ «Երբ Հիսուս լսեց, որ Հովհաննեսը բանտարկվել է, հեռացավ Գալիլեա»: «Եվ, թողնելով Նազարեթը, եկավ ու բնակվեց ծովեզրյա Կափառնաումում՝ Զաբուղոնի և Նեփթաղիմի սահմաններում»: «Որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը, որով ասում է»: «Զաբուղոնի՛ երկիր ու Նեփթաղիմի՛ երկիր, ծովի ճանապարհ՝ Հորդանանից այն կողմ, հեթանոսների Գալիլեա՛»: «Ժողովուրդը, որ նստած էր խավարի մեջ, մեծ լույս տեսավ, և մահվան երկրում ու ստվերի տակ նստածների վրա լույս ծագեց» (Ես. 9:1-2)։
   
    Ինչո՞ւ է Նա (Հիսուս) դարձյալ հեռանում։ Որպեսզի մեզ սովորեցնի, որ մենք ինքներս ինքնակամորեն չընթանանք դեպի փորձությունների հորձանուտը, այլ հետ քայլ անենք ու հեռանանք դրանցից։ Մեղավորը նա չէ, ով ինքն իրեն չի «նետում» վտանգի (փորձության) մեջ, այլ նա´, ով քաջություն չի դրսևորում վտանգի մեջ հայտնվելու ժամանակ։ Այսպիսով, որպեսզի այդ կերպ մեզ ուսուցաներ, ինչպես նաև` որպեսզի մեղմացներ հրեաների ատելությունը, Քրիստոս հեռանում է Կափառնայում՝ միաժամանակ կատարելով մարգարեությունը, և միևնույն ժամանակ նաև, ձկնորսի նմանողությամբ շտապելով «որսալ» աշխարհի ուսուցիչներին, որոնք, իրենց այդ մասնագիտությամբ զբաղվելով, ապրում էին այս քաղաքում։ Այստեղ նկատի ունեցիր, թե ինչպես է Քրիստոս, ամեն անգամ, մտադիր լինելով հեռանալ հեթանոսների մոտ, դրա համար որպես հիմք (առիթ, խթան) է ընդունում հրեաների վերաբերմունքն Իր նկատմամբ։ Այդկերպ նաև այս դեպքում հրեաները, Նախախնամող Տիրոջ դեմ չարիք խորհելով և Նրան «բանտարկելով» խավարում, Հիսուսին քշում են հեթանոսական Գալիլեա բնակավայրը: Իսկ այն, որ Գալիլեա անվան ներքո նկատի է առնվում ոչ թե միայն այնտեղ բնակվող հրեա ժողովրդի որոշակի մասը, ոչ էլ, առհասարակ, հրեական բոլոր ցեղերը, դա դու ակնհայտորեն կարող ես տեսնել հետևյալ խոսքերից, որոնցով Ավետարանիչը (մարգարեն) բնորոշում է այս երկիրը. «Նեփթաղիմի՛ երկիր, պիտի բարձրանա ծովի ճանապարհը՝ Անդրհորդանանյան երկիրը, հեթանոսների Գալիլեան: Ժողովուրդը, որ քայլում է խավարի մեջ, մեծ լույս կտեսնի» (հմմտ. Ես. 9։1-2)։ Այստեղ «խավար» բառով անվանվում է ոչ թե զգայական խավարը, այլ մոլորությունն ու ամբարշտությունը, այդ պատճառով էլ այս խոսքին ավելացվում է. «Մահվան ստվերների երկրում բնակվողների վրա լույս կծագի» (տե´ս Ես. 9։2
    Իսկ ահա որպեսզի հստակ լինի, որ Ավետարանիչը (մարգարեն) խոսում էր ոչ թե զգայական լույսի և խավարի մասին, ուստի լույսի մասին խոսելիս մարգարեն այն անվանում է ոչ թե պարզապես լույս, այլ «մեծ լույս», որը մեկ այլ տեղում էլ անվանվում է «ճշմարիտ լույս» (տե´ս Հովհ. 1:9): Խավարի մասին խոսելիս էլ մարգարեն այն անվանում է մահվան ստվեր (մահվան երկիր)։ Այնուհետև, ցանկանալով ցույց տալ, որ այդ երկրի բնակիչներն իրենք չփնտրեցին ու չգտան այդ լույսը, այլ Աստված ի վերուստ նրանց հայտնեց այն, Ավետարանիչն ասում է. «Լույսը ծագեց նրանց վրա», այսինքն՝ լույսն ի´նքը ծագեց և լուսավորեց նրանց, ու ոչ թե նրանք առաջինն ընթացան դեպի այդ լույսը։ Բոլոր դեպքերում, նախքան Քրիստոսի գալուստը մարդկային ցեղը գտնվում էր ամենաաղետալի վիճակում. մարդիկ այլևս ոչ թե քայլում, այլ նստած էին խավարի մեջ, իսկ սա նշանակում է, որ նրանք նույնիսկ հույս չունեին ազատագրվել այդ խավարից։ Նրանք նույնիսկ չգիտեին, թե ուր պետք էր գնալ, և խավարով պատված՝ նստած էին՝ այլևս ուժ չունենալով անգամ ոտքի կանգնելու համար։
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Եւ երբ Յիսուս լսեց, թէ Յովհաննէսը բանտարկուել է, մեկնեց գնաց Գալիլիա:
   
     Երբ Հիսուսը լսեց, որ Հովհաննեսը մատնվել է, հեռացավ գնաց Գալիլեա:
Բազմաթիվ են Տիրոջ այն գործերն ու խոսքերը, որոնք ավետարանիչները չեն գրառել: Դա նաև այստեղ է երևում. որովհետև փորձությունից հետո Նրա հրաշքների և ուսուցանածների մեծ մասը Մատթեոսը թողնում է և սկսում Հովհաննես [Մկրտչի] մատնությունից: Այս բացը լրացնում է Հովհաննես [ավետարանիչն] ըստ Հոգու հայտնության, այսինքն՝ [ներկայացնում է Կանայի] հարսանիքի ժամանակ գինին ջրի վերածելը, որը [Հիսուսի] հրաշագործությունների սկիզբն է համարում, հրեաների Զատիկի ժամանակ Երուսաղեմ գնալը և վաճառողներին ու գնողներին Տաճարից վտարելը, Նիկոդեմոսի՝ [Հիսուսի] մոտ գալը գիշերով ու հավատալը, [Տիրոջ]՝ նրան ուղղած խոսքերը, աշակերտներով հանդերձ շրջելը Հրեաստանում և մկրտելը: Եվ այս ամենից հետո է, որ Հովհաննես [Մկրտչի] մասին գրում է, թե «մկրտում էր Հայենոնում՝ Սաղիմի մոտ.... քանի որ Հովհաննեսին դեռ չէին բանտարկել» (Հովհ. 3։ 23, 24):

    Իսկ Ղուկասը գեղեցիկ կերպով է շարադրում պատմությունը փորձությունից հետո: Ասում է. «Եվ Հիսուսը Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա» (Ղուկ. 4։14), այսինքն՝ նույն Հոգով, Ով Նրան տարավ անապատ՝ փորձվելու: Երբ [Հիսուսը] ծածուկ պատերազմում հաղթեց, [Հոգին] զորությամբ վերադարձրեց [Նրան Գալիլեա], որպեսզի Նա նաև հայտնապես վանի դևերին՝ վտարելով մարդկանցից:

    Իսկ թե ինչու [ավետարանիչներն] ամեն ինչ չեն գրել, որպեսզի չկարծես, թե միայն այն հրաշքներն են գործվել Նրա կողմից, որոնց մասին գրվել է, [արդեն] նշված պատճառներից բացի, կա նաև հետևյալը: Ամեն ինչ  չգրելու պատճառը հայտնում է Հովհաննես [ավետարանիչը]. որովհետև [այդ ամենը] չէր կարող, ասում է, տանել աշխարհային միտքը  175:

    Սակայն Մատթեոսն ու Մարկոսն անխորհրդաբար չէ, որ սկսում են Հովհաննեսի մատնությունից: [Սրանով] ցույց են տալիս նրա լռելն ու նոր քարոզության սկիզբը:

    Իսկ ինչո՞ւ [Հովհաննեսի] մատնության պատճառը [ավետարանիչն] այժմ չի գրում: Թողնում է, որ գրի նրա սպանվելուց հետո, երբ [դրա հետ կապված] բոլոր իրողությունները կատարված լինեն: Ուստի ասում է. «ԵրբՀիսուսը լսեց, [որ Հովհաննեսը մատնվել է], հեռացավ գնաց Գալիլեա»:

    Իսկ ինչո՞ւ են ասում, որ հեռացել է: [Տերը հեռանում է], որպեսզի սովորեցնի մեզ խրոխտանալով ինքներս մեզ չմատնել փորձության, այլ երբ մեր կամքից անկախ վշտեր պատահեն, համբերությամբ տանել:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

12-13․ Եւ երբ Յիսուս լսեց, թէ Յովհաննէսը բանտարկուել է, մեկնեց գնաց Գալիլիա: Եւ թողնելով Նազարէթը՝ եկաւ բնակուեց Կափառնայումում, ծովեզերքի մօտ, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի սահմաններում,
   
«Երբ Հիսուս լսեց, թե Հովհաննես բանտարկվել է, մեկնեց գնաց Գալիլիա: Եվ թողնելով Նազարեթը՝ եկավ բնակվեց Կափառնայումում»:
Որովհետև Գալիլիա [բառը] մեկնաբանվում է որպես խառնակություն, իսկ Կափառնայումը՝ մխիթարության տեղ: Արդ, Հովհաննեսի մատնության ժամանակ խառնակություն և շփոթություն եղավ, այդ պատճառով էլ ասվեց, թե թողնելով խառնակությունը՝ եկավ Կափառնայում, որ մխիթարության վայր է կոչվում: Քանի որ Հովհաննեսին պետք էր խառնակությունից մխիթարության վայր գնալ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ երբ Յիսուս լսեց, թէ Յովհաննէսը բանտարկուել է, մեկնեց գնաց Գալիլիա:
   
    Երբ Հովհաննես Մկրտչին այս ամեն նեղություններն էին պատահում, Հիսուս Հորդանանի և Հրեաստանի կողմերում շարունակում էր իր քարոզչություններն ու մկրտությունները, ընդարձակում էր իր գործունեության ասպարեզը, և նրա հետևողների թիվը գնալով ավելանում էր, նույնիսկ ավելի շատ էր դառնում, քան Հովհաննես Մկրտչին հետևողները։ Դրա օգտին է խոում այն, որ Հիսուս մկրտելու գործը արդեն հանձնել էր աշակերտներին, իսկ ինքը զբաղվում էր միայն քարոզչությամբ, շրջելով այդ տարածքներում։ Այդ ամենը դուր չեկավ փարիսեցիներին և նարանց աչքերին հաճելի չերևաց։ Հազիվ էին լռեցրել Հովհաննես Մկրտչին՝ Հերովդիայի և Հերովդեսի վրա ազդելով, երբ, ահա, ավելի հզոր, ավելի գործունյա մեկն է ելնում իրենց դիմաց, որ սպառնում էր իրենց ամբարտավանության աշտարակը բոլորովին քանդել։
    Հիսուս նկատի ունենալով փարիսեցիական հակառակության սաստկանալը և Հովհաննես Մկրտչի դեմ լարված ծուղակը, և այն, որ կարող էին նման մի բան էլ իրեն համար պատրաստել, խելամիտ համարեց տեղի տալ նրանց զայրացած հակառակությանը, քանի դեռ չէր հասել իր ժամնակը։ Փարիսեցիներին չգրգռելու համար նա թողեց Հորդանանն ու Հրեաստանը և ուզեց մեկնել Գալիլիա՝ այս էլ երկրորդ անգամ։ Առաջին անգամ նա մկրտությունից հետո էր Կանա եկել։
Հովհաննես Մկրտչի դեմ գործված թշնամության հեղինակը Հերովդեսն էր եղել, Գալիլիայի չորրորդապետը և Հիսուսն էլ, Գալիլիա գալով, նրա ձեռքը կընկներ։ Բայց Հիսուս վախենալու բան չուներ, քանի որ Հերովդեսը ակնածող և զգուշավոր մարդ էր, իսկ Հերովդիադայի դեմ ինքը երբեք դեր չի ստանձնել և չէր կասկածում, որ փարիսեցիները իր դեմ գործելու առիթ գտնեն, մանավանդ, որ Հրեաստանից հեռանալով փարիսեցիների հակառակությունը մեղմած կլիներ։
    Հիսուսի Հրեաստանից մեկնելը տեղի ունեցավ Հռոմի 780 թվականին, Քրիստոսի 27 թվականին և Հիսուսի կյանքի 31 տարվա դեկտեմբեր ամսի վերջին։