Ծննդոց գրքի մեկնություն 41:44

Ա. Լոպուխին

44-45. Փարավոնն ասաց Հովսեփին․ «Ես եմ փարավոնը, առանց քո թույլտվության եգիպտացիների ողջ երկրում ոչ ոք չի բարձացնի իր ձեռքը կամ ոտքը»։ [44] Եվ փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսեմփթոփանե և Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթին կնության տվեց նրան, և Հովսեփը գնաց եգիպտացիների երկրում շրջելու։ (Սինոդական թարգ․)
   
   Հաստատելով Հովսեփին լիազորություններ շնորհելու հանգամանքը՝ Փարավոնը, եգիպտական ​​տիպին ավելի մոտեցնելու և նրա շահերը եգիպտական ​​ազգության և երկրի հետ միավորելու նպատակով, նրան նոր, անկասկած, եգիպտական Փսեմփթոփանե անունն է տալիս (Յոթանասնիցում  «Ψονομφανηχ» է), և նրան քրմի դստեր հետ է ամուսնացնում։ Նոր անվան իմաստը՝ «աշխարհի փրկիչ» (Վուլգաթայում՝ salvator mundi) կամ «գաղտնիքներ բացահայտող» (ըստ Հովսեփոս Փլավիոսի), «կյանքը սնող» կամ «աշխարհը պարփակող հոգի», հստակորեն պարզված չէ։ Բոլոր դեպքերում, Հովսեփի նոր անունը փարավոնի այն միտքն էր արտահայտում, որ Հովսեփն Աստծու ուղարկած այն մարդն է, որը պիտի փրկի Եգիպտոսը։

   Ասանեթը (Ասվաթ), Յոթանասնիցում Ασενεθ, եգիպտերենից թարգմանվում է որպես «Նեյտ աստվածուհու սպասավորուհի» (եգիպտական Միներվա), Պետափրեսի դուստրն է։ Վերջինս (նրա անունը նշանակում է «արեգակի աստծու պաշտոնյա») տարբերվում է Պենտափերոսից՝ Հովսեփի նախկին Տիրոջից, թեև հրեա մեկնիչները և Յոթանասնից թարգմանությունը խառնում են մեկը մյուսի հետ։ Ասանեթի հայրը Օն քաղաքի քուրմն էր։ Եգիպտերեն այդ քաղաքի անունը Անու է։ Այն Մեմփեսից դեպի հյուսիս է և այլ կերպ կոչվում է Հելիապոլիս կամ Բեթ−Շեմեշ (Երեմ․ 43։13)՝ «արևի տուն կամ արևի քաղաք»։ Այստեղ էր հայտնի արևի տաճարը։ Քրմերի դասն այստեղ ավելի մեծ ազդեցություն ուներ։ Փարավոնը այդ ամուսնությամբ Հովսեփին Եգիպտոսի բարձրագույն ազնվականության շարքերին է դասում, որից դուրս էր եկել նաև անձամբ փարավոնը։ Հուդայական ավանդությունը մերժում է կռապաշտ քրմական տան հետ Հովսեփի ունեցած բարեկամությունը։ Սակայն Հովսեփը, արտաքնապես եգիպտացիների նման կենցաղավարություն ունենալով, միշտ հավատարիմ էր մնում իր հայրենավանդ հավատքին (Ծննդ․ 41:51, 52, 42։18, 43։29, 45։5−9, 50։19−24
--------------------------------
[44](Էջմիածին թարգ․) Փարաւոնն ասաց Յովսէփին. «Ահա ես փարաւոնն եմ: Ամբողջ Եգիպտացիների երկրում ոչ ոք իրաւունք չունի նոյնիսկ իր ոտքը կամ ձեռքը բարձրացնելու առանց քո հրամանի»:
(Արարատ թարգ․) Եվ փարավոնն ասաց Հովսեփին. «Ես փարավոնն եմ, և առանց քեզ ոչ ոք չի կարող իր ձեռքը կամ ոտքը բարձրացնել Եգիպտոսի ամբողջ երկրի մեջ»:
(Գրաբար) Եւ ասէ փարաւոն ցՅովսէփ. Ահաւասիկ ես փարաւոն. առանց քո ոչ ոք համբարձցէ զձեռս իւր եւ զոտս իւր ի վերայ ամենայն երկրիս Եգիպտացւոց: