Ա. Լոպուխին
19-21․ Գադի վրա գունդ կհարձակվի, բայց նա հետապնդելով հետ կմղի նրանց: [19] Ասերի հացը առատ կլինի, և նա պարեն պիտի տա թագավորին: Նեփթաղիմը բարձրուղեշ ծառ է, որ տարածում է իր գեղեցիկ ճյուղերը (Մեկ այլ ընթերցմամբ. «Նեփթաղիմը գեղեցիկ խոսքեր ասող ազատ արձակված եղջերու է): (Սինոդական թարգ․)
Գադի, Ասերի ու Նեփթաղիմի մասին մարգարեական այս համարները կազմում են Հովսեփի մասին մարգարեության ներածությունը: Այստեղ Գադի ռազմականացված կերպարը կապվում է նրա անվան ստուգաբանության հետ (մեկ այլ ստուգաբանություն ընթերցի՛ր Ծննդ. 30։11−ում): Բնակվելով Գաղաադում՝ Գադի ցեղն անընդհատ ենթարկվում էր արաբական քոչվոր ցեղերի ասպատակություներին (Դատ. 10։7, 8, Ա Մնաց. 5։18 և այլն), բայց մշտապես հակահարված էր տալիս այդ վայրի խաժամուժ ամբոխներին, թեկուզ և պարտիզանական հետապնդումներով: Հեփթայել դատավորը Գադի ցեղից էր (Դատ. 11։1)։
Ասերին խոստացվում են բարեբեր հողեր, հացի ու համեմունքների առատություն, որոնք պետք է օգտագործվեն նաև արքայական սեղանի համար (Բ Օր. 33։24−25): Իրապես, Կարմելոսի ու Լիբանանի միջև՝ Փյունիկիայի սահմանին գտնվող Ասերի տարածքը Պաղեստինի ամենաբերրի շրջանն էր, և դրա արտադրանքները մատակարարվում էին իսրայելացի ու փյունիկեցի արքաների պալատները:
Եբրայերեն մասորեթական տեքստի ու թարգմանությունների ընդունված՝ «Նեփթաղիմը գեղեցիկ խոսքեր ասող ազատ արձակված եղջերու է» ընթերցումը (Ակյուղաս՝ «Ελαφος ἀπεσταλμένος ὁ διδους χαλλονήν») մեկնիչների կողմից դիտարկվում է որպես Նեփթաղիմի ցեղից սերող Բարակի մասին ակնարկ, որի քաջագործությունների փառաբանությունը տեսնում ենք Դեբորայի երգում (Դատ. 4 , 5): Հետագա իմաստով այն ակնարկում է ավետարանի քարոզությանը Նեփթաղիմի երկրում՝ Գալիլիայում (Ես. 9։1, Մատթ. 4։15), որտեղից էլ դուրս եկան բոլոր առաքյալները: Յոթանասնիցի «στέλεχος ἀνειμένον, ἐπιδιδοὺς ἐν τῶ γενήματι κάλλος»՝ «բարձրուղեշ ծառ է, որ տարածում է իր գեղեցիկ ճյուղերը», ընթերցումը (որն ընդունվել է սլավոներեն ու ռուսերեն թարգմանություններում) իմաստային առումով այնքան էլ հասկանալի չէ: Եվ այս համեմատությունը (ըստ երանելի Թեոդորիտի՝ «սերնդի բազմացում») կարելի է դիտարկել որպես անցում դեպի Հովսեփի օրհնությանը:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Գադն աւազակների ծուղակը կ՚ընկնի եւ ինքն էլ, սակայն, կը հետապնդի աւազակներին:
(Արարատ թարգ․) Գադի վրա մի գունդ կարշավի, Բայց ինքը կհարձակվի թիկունքից:
(Գրաբար) Գադ` հինի ելցէ. եւ ինքն ելցէ հինիւ զհետ նոցա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: