Ծննդոց գրքի մեկնություն 49:7

Ա. Լոպուխին

Անիծյալ լինի նրանց բարկությունը, քանզի սաստիկ էր, նաև նրանց ցասումը, քանզի խիստ էր: Կբաժանեմ ես նրանց Հակոբի մեջ, կցրեմ նրանց Իսրայելի մեջ: [7] (Սինոդական թարգ․)
   
   «Բայց [նահապետը] անիծում է ոչ թե Շմավոնին ու Ղևիին, այլ նրանց նենգ ցանկությունները՝ բարկությունն ու ցասումը… Ավելին, նրանց պատիժն էլ միայն կանխատեսումը եղավ» (երանելի Թեոդորիտ, 112−րդ հացի պատասխան):

   Մյուս ցեղերի միջև Շմավոնի ու Ղևիի ցեղերի բաժանումն ու ցրումը՝ նրանց նահապետների հանցավոր համախոհության դեմ ուղղված ուրույն միջոց էր: Երկու ցեղերի մասին մարգարեությունը կատարվեց ամենայն ճշտությամբ, թեև ոչ միօրինակ: Այն իր ամբողջ խստությամբ կատարվեց միայն Շմավոնի ցեղի պարագայում: Վերջինս անապատում քառասուն տարիների դեգերման ընթացքում թվապես բավական արագ կրճատվեց, քանզի Եգիպտոսից ելքի օրերում նրանք ունեին պատերազմելու ունակ 59 300 մարդ (Թվեր. 1։23), իսկ հիշյալ շրջանից հետո՝ միայն 22 000 մարդ (Թվեր. 26։14): Քանանում Շմավոնի ցեղն իր բաժինը ստանում է ոչ թե առանձին, այլ Հուդայի ցեղի տարածքում (Հեսու. 19:1, 9): Ժողովրդի համընդհանուր կյանքում նրանց աննշանությունն արդեն երևում է նրանից, որ Մովսեսի օրհնության մեջ (Բ Օր. 33) նրանք ընդհանրապես չեն հիշատակվում: Հուդայական ավանդության համաձայն՝ ամենաշատ չքավորները հենց Շմավոնի ցեղում էին (Bereschit−rabba.  Рar.  98. S. 485):

   Ղևիի ցեղի մասին նահապետի ահեղ խոսքը սկզբում նույնպես կատարվեց. այն Քանանի բաժանման ժամանակ սեփական բաժին չստացավ․  ստացավ միայն տարբեր ցեղերի բաժիններում գտնվող 48 քաղաք (Հեսու. 21։41): Բայց հետագայում Աստծուն այդ ցեղի ներկայացուցիչների մատուցած անկեղծ ու նախանձախնդիր ծառայությունը (Ելք․ 32։26-29) նրանց Աստծո սրբարանում Նրա ընտրյալ ու սուրբ սպասավորներ դարձրեց (Թվեր. 18։20−24 և այլն)։ Այդժամ ցրվելու մասին անեծքը վերածվեց Իսրայելում սրբազան ծառայություն, ուսուցչություն, աստվածպաշտություն կատարելու օրհնության (Բ Օր. 32։9−11):

   Վերջին իմաստով «Ղևիի ցեղը ցրվեց բարձր պատվի պատճառով, որպեսզի յուրաքանչյուր ցեղում ղևտացիներ ու քահանաներ ապրեին, և բոլորն օգուտ քաղեին նրանցից» (երանելի Թեոդորիտ): Այդ դեպքում հնարավո՞ր է արդյոք, որ Ղևիի և նրա ցեղի մասին Հակոբի չափազանց անբարենպաստ մարգարեությունը ծագած լիներ Դավիթ−Սողոմոնյան դարաշրջանում, երբ Ղևիի ցեղի սրբազան նշանակությունն ու վեհ սպասավորությունը, այլ կերպ ասած՝ Աստծո կողմից դրա ընտրյալ լինելու հանգամանքը համընդհանուր ճանաչում ուներ Իսրայելում: Այդ դարաշրջանում և ընդհանրապես Մովսեսից հետո Ղևիի ու մյուս ցեղերին ուղղված ենթադրյալ ծաղրը բացարձակապես անհնարին երևույթ է:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Անիծեալ լինի ցասումը նրանց, քանզի յանդուգն էր. անիծուի նրանց ոխն ու մոլուցքը, քանզի սաստիկ էր: Կը բաժանեմ ես նրանց Յակոբի մէջ, կը ցրեմ նրանց Իսրայէլի մէջ:
(Արարատ թարգ․) Անիծյա՛լ լինի նրանց բարկությունը, որովհետև խիստ էր, Եվ նրանց սրտմտությունը, որովհետև սաստիկ էր: Ես կբաժանեմ նրանց Հակոբի մեջ Եվ կցրեմ Իսրայելի մեջ:
(Գրաբար) Անիծեալ սրտմտութիւն նոցա` զի յանդուգն էր, եւ ոխութիւն նոցա` զի խիստ էր. բաժանեցից զնոսա ի մէջ Յակոբայ. եւ ցրուեցից զնոսա ի մէջ Իսրայէլի: