Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 8:27

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Իսկ մարդիկ զարմացած ասում էին. «Ո՞վ է սա, որ հողմերն ու ծովն էլ են հնազանդվում նրան»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:26
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ մարդիկ զարմացան ու ասում էին. «Ինչպիսի՜ մէկն է սա, որ հողմերն ու ծովը հնազանդւում են սրան»:
   
    Մարդիկ զարմացան և ասացին. «Ո՞վ է Սա, որ նույնիսկ քամիներն ու ծովն են հնազանդվում Նրան»:
Զարմացումն այլ բան չէ, քան նոր և անսովոր բան տեսնելը: Հետևաբար, ի՞նչ ավելի հրաշափառ բան [կարող է լինել], քան խոսքով ծովը սանձելը, ուստի ոչ միայն մտքով զարմացան, այլև խոսքով հարց տալով հիացան՝ ըստ այսմ. «Ինչպիսի՜ զորություն, քանի՜ նշաններ»  1: Այդպես էլ սրանք [ասացին]. «Ո՞վ է Սա», այսինքն՝ այս ի՞նչ իշխանություն է կամ ի՞նչ բարերարություն, որ մեծագույն ու հզոր տարերքները ենթարկվում հնազանդվում են Սրան: Արդյոք Նա՞ է, Ով անդնդական ջրերի բազմությունը, երկրի խորշերում ու գոգերում հավաքելով, խաղաղացրեց (Ծննդ. 1։6-7) կամ Նոյի ժամանակ ալիքների համատարած խռովքն ու ծփումը քամու միջոցով նստեցնելով՝ [երկիրը] ցամաքեցրեց (Ծննդ. 8։1), կամ Ով Կարմիր ծովում շաչունշառաչուն ջրերը ձուլելով որպես քարե պարիսպ արձանացրեց  «Ո՞վ է Սա», որովհետև դեմքի տեսքն ու մարմնի ընկողմանելը [Նրան] մարդ են ցույց տալիս, բայց ալիքները հանկարծորեն լռեցնելը՝ Աստված: Ո՞վ է Սա, ասում էին, որովհետև ինչպես աղախինը՝ տիրոջը, այդպես ծովն ու քամին հնազանդվեցին Սրան: Իսկ Նա այդպիսի սխալ կասկածների համար չէր չարանում, այլ հրաշքների միջոցով սովորեցնում էր, որ Ինքը նրանց Աստվածն է՝ իրականացնելով այն մարգարեական խոսքը, որն ի դեմս Հոր [ասում է]. «Ասաց, և քամի բարձրացավ, նրա ալիքները հանդարտվեցին, և մրրիկը [խաղաղ] օդի վերածեց» (հմմտ. Սաղմ. 106։25, 29): Այլուր էլ [ասվում է]. «Իր զորությամբ հանդարտեցրեց ծովը» (Հոբ 26։12):

    Այլաբանորեն՝ ծովն այս կյանքն է՝ ըստ մարգարեի. «Այս մեծ ծովը» (Սաղմ. 103։25), և այլուր թե՝ «Երկնքի քամիները բախում են այս մեծ ծովին» (հմմտ. Դան. 9։2): Ալեկոծությունը [խորհրդանշում է] Ադամի ահավոր ու մեծ անկումը, որի [ձայնը] երկար դարեր է, ինչ լսվում է, նաև կրոնից կրոն փոփոխությունները, այնպես որ սրանցում նավող մարդիկ փորձվում են զանազան ալեկոծություններով և մտքով տատանվում տարբեր ավանդույթների մեջ: Իսկ «քունը» Աստծո երկար ժամանակ տևած համբերատարությունն ու ներողամտությունն է, որին մոտեցան արդարները, ովքեր աշակերտեցին Աստծո բնական ու գրավոր օրենքներին, և Աստծո համբերատարությունը մեծ իղձով արթնացրին՝ մարդկանց փրկելու համար՝ ըստ այսմ. «Զարթնի՛ր, ինչո՞ւ ես ննջում, Տե՛ր» (Սաղմ. 43։23), և թե՝ «Ելի՛ր, Տեր, և փրկի՛ր ինձ, Աստվա՛ծ իմ» (Սաղմ. 3։7): Ուստի Հոր ծոցածին Ծնունդը, հայրական գութով արթնանալով, մարմնով մտավ այս աշխարհի ծովը և սաստեց նախ մարդկային բնությանը, թե՝ բնության կերտման ժամանակ այնպիսի կազմություն չեք ստացել, որ մեղքերով ալեկոծվեք և մահվան երկյուղով ու այլատարազ ավանդության օրենքներով ծփաք՝ ըստ այսմ. «Աստված չի ստեղծել մահը» (Իմաստ. 1։13), այլ Աստծո պատվիրանը չհա վանելն ու արհամարհելն է ձեզ [մարդկային ճշմարիտ բնությունից] օտարացնում: Սրանից հետո սաստում է նաև «քամիներին»՝ օդային դևերին, ինչպես Իր փորձության ժամանակ  (Մատթ. 4:10) ոչ միայն խոսքով, այլև արդար վարքով՝ ծննդից մինչև հարություն, ինչի հետևանքով ցրվեցին ու ոչնչացան՝ ըստ այսմ. «Ելավ Աստված, և ցրվեցին ու ոչնչացան Նրա թշնամիները» (հմմտ. Սաղմ. 67։2): «Եվ մեծ խաղաղություն տիրեց»՝ խաչի [վրա թափված] արյամբ, երկնքում ու երկրի վրա, ոչ միայն մարմնի, այլև հոգու, որովհետև սա է նշանակում «մեծ»-ը, ինչպես որ հրեշտակներն էին երգում (Ղուկ. 2։14), քանի որ Հայրը հաշտվեց Իր արարածների հետ Որդու մահվան միջոցով, Ով «ցանկապատի միջնորմը քանդեց և երկուսը մեկ դարձրեց» (Եփես. 2։14): Սրա վրա հիացած՝ վերին ճշմարիտ բանականների դասերը մեծ խորհրդի տնօրենության լրման ժամանակ ասում էին. «Իսկ սա ո՞վ է, որ դիմել գալիս է Եդոմից... գեղեցիկ պատմուճանով և մեծ զորությամբ» (Ես. 63։1)՝ սաստելով սանդարամետի իշխանին, հանդարտեցնելով այս աշխարհի ծովը և Իրեն հնազանդեցնելով մարդկային ամբողջ բնությունը: Նրանից արժանի պատասխան լսելուց հետո [վերին դասերը] լռեցին՝ սովորելով Եկեղեցուց՝ Նրա մարմնից, Աստծո մեծ իմաստությունը, Ով մահվան քնով ննջեց և հարություն առնելով՝ «կյանքի խաղաղությունն ավետարանեց հեռավորներին և մերձավորներին» (հմմտ. Եփես. 2։17):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ մարդիկ զարմացան ու ասում էին. «Ինչպիսի՜ մէկն է սա, որ հողմերն ու ծովը հնազանդւում են սրան»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8։23