Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 9:1

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Ապա Նա, նավակ նստելով, մյուս կողմն անցավ ու Իր քաղաքը եկավ»։
   
    Հիսուսի սեփական քաղաքը, ինչպես այստեղ վկայաբերում է ավետարանիչը, Կափառնայումն է: Քաղաքը, որում Քրիստոս ծնվել է՝ Բեթղեհեմն է, որում դաստիարակվել է՝ Նազարեթը, իսկ որում մշտական բնակություն է ունեցել՝ Կափառնայումը:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ նաւակ մտնելով՝ Յիսուս անցաւ ծովի միւս կողմը. եւ եկաւ իր քաղաքը:
   
    Եվ նավ մտավ, անցավ մյուս կողմը և եկավ Իր քաղաք:

    Միշտ հեթանոսներին չէ, որ այցելում էր, այլ այնքան միայն, որ [հրեաներին] նախանձախնդիր դարձներ՝ ըստ այսմ. «Անմիտ ազգով կսկծեցնելու եմ նրանց» (Հռոմ. 10։19): Իսկ «Իր քաղաք» է [ավետարանիչը] կոչում Կափառնաումը, որովհետև [Հիսուսը] ծնվեց Բեթղեհեմում, մեծացավ Նազարեթում և մշտապես բնակվում էր Կափառնաումում:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Եւ նաւակ մտնելով՝ Յիսուս անցաւ ծովի միւս կողմը. եւ եկաւ իր քաղաքը:
   
    «Եվ նավակ մտնելով՝ եկավ իր քաղաքը»:
    Իրոք հեռանում է այն գավառից, ուր [վերը] հիշված խոզերն էին արածում, և գալիս է այն պատշաճող վայրը, որտեղ բժշկելով անդամալույծին՝ ասում է. «Քաջալերվիր որդյակ, քո մեղքերը քեզ ներված են» (Մատթ. 9։2), և դրանով ակնարկում է, որ կա մարմնի այնպիսի ախտաժետություններ, որոնք հոգու հանցանքների պատճառով են լինում: Եվ քանի որ ախտաժետը ամբողջ հոգով և մարմնով հավատաց Աստծու Որդուն, նրա մեղքերը թողնվեցին, և մարմինը առողջացավ, ինչպես պատմագիր ավետարանիչն է գրում. «Հիսուս նրան ասաց. «Վերցրո՛ւ քո մահիճը և քայլի՛ր» (Մատթ. 9։5), և կամ ըստ մյուս ավետարանիչի՝ «Վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ քո տունը» (Մարկ. 2։9):

    Մահիճը և թախտը մարմինն են խորհրդանշում, որը հոգին վերցնելով՝ իր վրա է կրում: Ուստի Բանն Աստված հոգուն ասում է. «Վերցրո՛ւ քո մահիճը»՝ առողջացած մարմինդ, և գնա՛ քո տունը, այսինքն՝ դեպի առաքինություն, որը մեղքերից ազատված հոգու բնակատեղին է: Եվ նա ազատվեց ըստ առակի խորհրդաբանության:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ նաւակ մտնելով՝ Յիսուս անցաւ ծովի միւս կողմը. եւ եկաւ իր քաղաքը:
   
    Բարեհաջող նավարկությամբ Հիսուս, աշակերտների հետ մեկտեղ, Գերգեսայից վերդառնում է Կափառնայում, երեկոյան ճանապարհ դուրս եկած լինելով՝ առավոտյան արդեն Իր քաղաքում էր, այսինքն՝ Իր հաստատուն բնակության քաղաքում, որը Նազարեթից դուրս գալուց հետո, տարուց ավելի էր, ինչ Կափառնայումն էր (Մատթ. 4:13-16): Հազիվ մեկ-երկու օր էր անցել Հիսուսի մեկնելուց, սակայն այդ բացակայությունը զգացնել էր տալիս կափառնայումցիներին, որ վարժվել էին Նրան շարունակ իրենց մոտ տեսնելուն։ Հիսուս հաճախ էր շրջում Գալիլիայի քաղաքներում և գյուղերում, և դրան սովորել էին ու միշտ իրենց գավառում էին Նրան համարում։ Իսկ Դեկապոլիս անցնելը կասկածի տեղիք էր տվել․ մտածել էին, թե կարող է մեկ այլ տեղ փոխադրվել՝ դպիրների հալածանքից ազատվելու համար։ Ահա թե ինչու էին անհամբերությամբ վերադարձին սպասում և մեծ ուրախությամբ ողջունեցին Հիսուսի վերադարձը, երբ առավոտյան նշմարեցին Գերգեսայից ետ դարձող նավերը։ Միմյանց ձայնելով՝ ծովեզերքը հավաքվեցին ու մեծ խնդությամբ դիմավորեցին Հիսուսին։ Անշուշտ գլխավոր շարժառիթը բժշկությունների ակնկալությունն էր։
    Սպասողներից մեկը Հայրոսն էր, ում Մատթեոսն իշխան, Ղուկասն իշխան ժողովրդեան է անվանում։ Իսկ Մարկոսն ավելի ճշտությամբ նրան կոչում է ի ժողովրդապետացն այսինքն՝ Կափառնայումի ժողովրդի և ժողովարանի հոգաբարձուներից մեկը։ Վերջիններս ժողովրդի կողմից անվանվում էին իշխան։ Մեր օրերում էլ սովորություն է դարձել եկեղեցու իշխան կոչել Թաղական Խորհուրդների անդամներին։ Հայրոսը մի տասներկու տարեկան աղջիկ ուներ։ Մինուճար և շատ սիրելի, որ ծանր հիվանդացել էր և, հակառակ ամեն ջանքերի, վիճակը ծանրացել էր։ Աղջկա կյանքը վտանգվել էր։ Հայրոսը շփոթված էր, որովհետև Հիսուս մեկնել էր Կափառնայումից։ Երբ լսեց, որ Հիսուսի նավը հեռվից երևում է, դիմավորելու վազողների հետ ինքն էլ շտապեց ծովեզերք իջնել։ Հազիվ էր Հիսուս նավից դուրդ եկել՝ Հայրոսն ընկավ նրա ոտքերն ու սկսեց աղաչել, թախանձել, որ ամենից առաջ իր տունը գնա, քանզի դուստրը մահամերձ է։ Իսկ եթե ուշանա, գուցե մահացած գտնի, ձեռք դնելու ժամանակ էլ չմնա և անհնար դառնա բժշկելը։ Հիսուս համաձայնվեց և իսկույն ծովեզերքից դեպի Հայրոսի տունը տանող ճանապարհը բռնեց։