Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 9:5

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Որովհետև ի՞նչն է ավելի հեշտ. ասել՝ «Քո մեղքերը ներված են քեզ», թե՞ ասել՝ «Վե՛ր կաց ու քայլի՛ր»»։
   
   Եվ Հիսուս նախևառաջ ոչ թե բժշկում է անդամալույծին, այլ դպիրներին է ուղղում հետևյալ հարցը. «Որովհետև ի՞նչն է ավելի հեշտ. ասել՝ «Քո մեղքերը ներված են քեզ», թե՞ ասել․․․մահիճդ ա՛ռ ու քո տո՛ւն գնա»:

   Այս խոսքերն այսպիսի իմաստ ունեն. ի՞նչն է ձեզ ավելի հեշտ թվում՝ մարմի՞նը բուժել հաշմանդամությունից, թե՞ հոգին ազատել մեղքերից: Ակնհայտ է, որ մարմինը բուժելը: Որքան հոգին գերազանցում է մարմնին, այնքան էլ մեղքերին ներում շնորհելն ավելի մեծ գործ է, քան մարմնի բժշկությունը: Բայց քանի որ հոգու բժշկումը չի երևում, իսկ մարմնի բուժումը ակնհայտորեն տեսանելի է, ուստի Ես, - ասես ասում է Հիսուս, - առաջինին միացնում եմ նաև վերջինը, որը թեև համեմատաբր ավելի ցածր, բայց առավել ակնհայտ է, որպեսզի դրա միջոցով համոզեմ ավելի բարձր՝ անտեսանելի մակարդակում: Այսպիսով Փրկիչը դեռևս նախապես Իր գործերով ցույց տվեց այն, ինչ հետո Իր մասին պետք է ասեր Հովհաննեսը. «Ահա Աստծու Գառը, Որ [Իր վրա] է վերցնում աշխարհի մեղքը» (հմմտ․ Հովհ. 1:29):

   «Որովհետև ի՞նչն է ավելի հեշտ. ասել՝ «Քո մեղքերը ներված են քեզ», թե՞ ասել՝ «Վե՛ր կաց ու քայլի՛ր»» - Ահավասիկ, Քրիստոս ներկայացնում է նաև երկրորդ ապացույցը մեղքերի ներման վերաբերյալ: Մեղքեր ներելը շատ ավելի կարևոր է, քան մարմինը բուժելը, և այնքան առավել կարևոր, որքան հոգին կարևոր է մարմնից: Ինչպես հաշմանդամությունը մարմնի հիվանդություն է, այնպես էլ մեղքը՝ հոգու հիվանդություն, բայց այս վերջինը, թեև ավելի մեծ է, սակայն տեսանելի չէ, իսկ այն առաջինը, թեև ավելի փոքր է, բայց տեսանելի է: Ուստի, մտադրվելով օգտագործել փոքրը՝ ավելի մեծը ապացուցելու համար և ցանկանալով ցույց տալ, որ Ինքն այդպես վարվեց նրանց (հրեաների) տկարության պատճառով և խոնարհվելով նրանց թուլության առաջ, Քրիստոս ասում է. «Ի՞նչն է ավելի հեշտ. ասել՝ «Քո մեղքերը ներված են քեզ», թե՞ ասել՝ «Վե՛ր կաց ու քայլի՛ր»: Ուրեմն Հիսուս ինչո՞ւ է «հանուն» հրեաների անցում կատարում փոքրին: Որովհետև ակնհայտը ծառայում է որպես ավելի պարզ ապացույց ոչ ակնհայտի համար: Ահա թե ինչու Հիսուս անդամալույծին չի բժշկում նախքան այն պահը, քանի դեռ հրեաներին չէր ասել հետևյալը. «Բայց որպեսզի դուք իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերին թողություն տալու, այդ ժամանակ անդամալույծին ասաց. «Վե՛ր կաց, մահիճդ ա՛ռ ու քո տո՛ւն գնա» (Մատթ. 9:6): Քրիստոս Իր այս խոսքերով կարծես կամենում էր ասել. «Մեղքերին թողություն տալն ավելի մեծ հրաշք է, բայց ձեզ համար Ես դրան ավելացնում եմ նաև փոքր նշանը, քանի որ այս վերջինը դուք համարում եք առաջինի ապացույցը»:

   Ճիշտ այդպես նաև ավելի վաղ Հիսուս գովեց հարյուրապետին նրա այս խոսքերի համար, թե՝ «Տե՛ր, ես արժանի չեմ, որ Դու իմ հարկի տակ մտնես, այլ միայն խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի»։ Որովհետև ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, բայց ձեռքիս տակ զինվորներ ունենալով` սրան ասում եմ՝ գնա՛, ու գնում է, մյուսին՝ ե՛կ, ու գալիս է, ծառայիս էլ թե՝ այս բա՛նն արա, և անում է» (Մատթ. 8:8-9)՝ այդպիսով գովասանքների միջոցով ամրապնդելով նրա հոգին։ Եվ դարձյալ, ինչպես այն ժամանակ, երբ, հանդիմանելով հրեաներին, որոնք Իրեն մեղադրում էին շաբաթ օրը սուրբ պահելու օրենքը խախտելու համար, Քրիստոս այդպիսով ապացուցեց, որ Ինքը կարող է փոխել օրենքները, — նույնպես և այստեղ, երբ Նրան մեղադրեցին «Ինքն Իրեն Աստծուն հավասար համարելու մեջ», այսժամ Հիսուս, խոստանալով անել այն, ինչ հատուկ է միայն Հորը, հանդիմանելով հրեաներին և Իր գործերով վկայելով, որ Ինքը չի հայհոյում, մեզ ներկայացրեց անհերքելի մի ապացույց․ ա՛յն, որ Նա կարող է անել նույնը, ինչ որ Հայրը: Ուշադրություն դարձրու, թե Քրիստոս ինչպես է ցանկանում ապացուցել, որ այն, ինչ պատկանում է միայն Հորը, պատկանում է նաև Իրեն: Նա ոչ թե պարզապես բժշկում է անդամալույծին, այլև ասում է. «Բայց որպեսզի դուք իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերին թողություն տալու»: Այսպես Հիսուս ցանկանում և ջանում էր հատկապես ապացուցել, որ Ինքն ունի այն նույն իշխանությունը, ինչ Հայրը:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

ի՞նչն է դիւրին. ասել՝ քեզ ներուա՞ծ են քո մեղքերը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր:
   ;

   «Ի՞նչն է ավելի դյուրին ասել՝ «Թող մեղքերդ ներվե՞ն», թե՝ «Վեր կաց և քայլի՛ր»:

   Արդ՝ քանի որ չարությամբ էին լցված և չէին կամենում այն ցույց տալ, սակայն, թեպետ չէին կամենում, դա անում էին, Ամենագետը նրանց նախանձը գործածում է այս հարցի համար. «Ի՞նչն է ավելի դյուրին», այսինքն՝ ձեզ համար դյուրին է թուլացած մարմինն ամրացած տեսնել և ոչ թե հոգու մեղքերը՝ ներված: Այդ նախանձը երկկողմանի է. մեկն ուղղված է այս մարդուն, որովհետև չեք կամենում, որ նա փրկության հասնի և ազատվի այն պատճառից, որով հիվանդացել է, և երկրորդն ուղղված է Ինձ, որպեսզի Իմ աստվածությունը չհրապարակվի: Բայց Ես երկուսի էլ հակառակն եմ անելու. նախ ցանկանում եմ հոգու մեղքերը ներել, քանի որ ինչպես որ նա է մարմնից ավելի լավ, այդպես էլ մեղքերի թողությունն է մարմնի ամրությունից առավել, և ապա մարմինն [առողջացնել], որպեսզի տեսանելի մարմնի առողջությամբ նաև անտեսանելի հոգին ստանա իր [մաքրվելու] արդյունքի ապացույցը, որով և Իմ աստվածության իշխանությունը հայտնի կդառնա:

   Նաև այլ կերպ [կարելի է հասկանալ]. մարմինը բժշկելը, ասում է, Ինձ համար ավելի դյուրին է, քան մեղքերին թողություն տալը, որը հոգեկան առողջություն է, բայց քանի որ մարմինը նաև հմուտ բժիշկներն ու սուրբ մարդկանցից շատերն են առողջացնում, Ես կամենում եմ հոգին բժշկել: Ինչո՞ւ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

ի՞նչն է դիւրին. ասել՝ քեզ ներուա՞ծ են քո մեղքերը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:2