Եզեկիելի մարգարեության մեկնություն 11։13

Ա. Լոպուխին

«Եվ եղավ այնպես, որ իմ մարգարեանալու ժամանակ Փաղատիան՝ Բանեայի որդին, մեռավ։ Եվ ես երեսնիվայր ընկա ու բարձր ձայնով աղաղակեցի և ասացի. «Օ՜, Տե՛ր Աստված, մի՞թե Դու ուզում ես բոլորովին ոչնչացնել Իսրայելի մնացորդին»»։ [13] (Սինոդական թարգ․)
   
   Աստծո սպառնալիքն անմիջապես գործում է, որով էլ հաստատվում է ամբողջ կանխասացության ճշմարտացիությունը: Անկասկած, տեսիլքի այն պահին, երբ մարգարեն ստացավ 4-12-րդ համարներում նկարագրված հայտնությունը («երբ ես մարգարեացա»), Երուսաղեմում հանկարծ վախճանվեց 1-ին համարում հիշատակված Փաղատիան, որը կարող էր լինել ճշմարիտ մարգարեությունների դեմ թշնամական խմբակցության ղեկավարը: Մարգարեն, իհարկե, ունակ եղավ տեսնելու այդ մահը նույնիսկ Բաբելոնից, և այն էլ ոչ պակաս պարզությամբ, քան կարող էին տեսնել «կրկնակի» տեսողություն ունեցողները: Ի՞նչ պետք է զգային գերյալները, որոնց Եզեկիելը պատմում էր իր տեսիլքը (11:25), երբ հանկարծ Երուսաղեմից նրանց ծանուցվեր Փաղատիայի մահվան լուրը: Այդ մահվան լուրը մարգարեին խոցեց ոչ միայն հանգուցյալի հանդեպ բնական խղճահարությամբ, այլ նաև, գլխավորաբար, որպես մի սարսափելի նշան ա՛յն բանի, որ այդկերպ կարող էր ոչնչացվել նաև Իսրայելի ամբողջ մնացորդացը, որը Տերը դեռևս Երեմիա մարգարեի միջոցով խոստացել էր պահպանել (Երեմ․ 4:17, 5:10

   «Օ՜» - հմմտ. Եզեկ․ 9:8։ Եբրայեցերենում ծանր հառաչանքի՝ «ա՜խ»-ի արտահայտությունն է, որը Յոթանասնից թարգմանության հեղինակները, հավանաբար, երկիցս են տարընթերցել. «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ»։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Մինչ ես մարգարէութիւն էի անում, մեռաւ Բանեայի որդի Փալտիան: Երեսս ի վայր ընկայ ու բարձրաձայն աղաղակեցի՝ ասելով. «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, Ամենակա՛լ Տէր, Իսրայէլի մնացորդների վախճանը հասցրիր»:
(Արարատ թարգ․) Եվ իմ մարգարեանալու ժամանակ Բանեայի որդի Փաղատիան մեռավ. ես երեսնիվայր ընկա ու բարձր ձայնով աղաղակելով՝ ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, մի՞թե պիտի բոլորովին ոչնչացնես Իսրայելի մնացորդին»։
(Գրաբար) Եւ եղև մինչդեռ մարգարէանայի, մեռաւ Փաղ’տիա որդի Բանեայ. անկա՛յ ‘ի վերայ երեսաց իմոց, և ‘ի ձայն մեծ աղաղակեցի՝ և ասեմ. Վա՛յ ինձ՝ վա՛յ ինձ Ադովնայի Տէր. զի ‘ի կատարա՛ծ հասուցեր զմնացորդս Իսրայէլի։