Եզեկիելի մարգարեության մեկնություն 15։1

Ա. Լոպուխին

1-2․ «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [1] «Մարդո՛ւ որդի, որթատունկի փայտն ի՞նչ առավելություն ունի մյուս բոլոր ծառերի նկատմամբ, և որթատունկի ճյուղերը՝ անտառի ծառերի նկատմամբ»։ (Սինոդական թարգ․)
   
   Միանգամայն բնական էր (հմմտ. Մատթ․ 21:33) և հնագույն արմատներ ուներ Իսրայելի համեմատությունը որթատունկի՝ Քանանի այդ ամենաօրհնյալ արտադրանքի հետ։ Ժողովրդական երգիչները կարող էին հորինած լինել այդ համեմատությունը՝ ազգը գովաբանելու համար (Հերովդեսի տաճարը զարդարված էր Իսրայելի հենց այս խորհրդանիշով, Հովսեփոս Փլավիուս, «De bello jud. V, 5, 4): Մարգարեական գրքերի հեղինակները՝ նախ՝ Օսեէին (10:1), ապա՝ Երեմիան (2:21), ինչպես նաև Եսային (5:1 և այլ տեղիներ) որդեգրել էին այդ համեմատությունը և այն շրջել դեպի հակառակ՝ ավելի վատթար կողմը․ Իսրայելը նման էր որթատունկի ազնվագույն ճյուղի, որը, սակայն, վայրի էր դարձել։ Եզեկիել մարգարեն նույնպես այս համեմատությունը զարգացնելով՝ այն ներկայացնում է բացասական երանգավորմամբ, բայց բոլորովին այլ տեսանկյունից։ Իսրայելը, Յահվեի հետ իր ունեցած Ուխտի փոխհարաբերություններից այն կողմ բոլոր առումներով զիջում է մյուս ժողովուրդներին․ թե՛ երկրի տարածքով, թե՛ հարստությամբ, թե՛ ռազմական հզորությամբ և թե՛ մշակույթով։ Այստեղ շարադրված առականման խոսքը հմտորեն առաջ է քաշում մի շարք հարցեր, որոնք բոլորն էլ բացասական պատասխաններ են պահանջում և, ի դեպ, այդ հարցադրումներից յուրաքանչյուրը մատնացույց է անում որակապես ավելի վատթար վիճակ, քան դա տեսանելի էր նախորդի պարագայում:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բան Տեառն առ իս՝ և ասէ.