Ա. Լոպուխին
«Ես Ռաբբան ուղտերի ախոռ պիտի դարձնեմ, իսկ Ամմոնի որդիներին՝ ոչխարների հովիվներ, և կիմանաք, որ Ես եմ Տերը»։ [5] (Սինոդական թարգ․)
Երկրի զարգացվածության աստիճանը կվերադառնա քոչվորական զարգացվածության ամենացածր մակարդակին։
«Ռաբբան» - տե՛ս 21:20-րդ համարի բացատրությունը։
«Ուղտեր» - որոնցից արաբներն ունեին ահռելի քանակությամբ, և սա, մասնավորապես, վերաբերում է Ռաբբայի ավերակների շրջակայքում (ներկայիս անվանումը՝ Ռաբբիթ-Ամմոն) ապրող արաբներին (Raumer Patestine, p. 268): Նաբուգոդոնոսորից կրած պարտությունից հետո ամմոնացիների տարածքը պատկանում էր տարբեր տիրապետողների։ Եգիպտական թագավորները Ռաբբայի տեղում հիմնել են նաև Ֆիլադելֆիա քաղաքը՝ անվանակոչված Պտղոմեոս Ֆիլադելֆուսի անունով։ Այս քաղաքն իր այդ անունով գոյություն է ունեցել դեռևս Հերոնիմոս Երանելու ժամանակներում։ Մահմեդականների կողմից վերջնականապես ավերված այս քաղաքի ավերակներում հայտնաբերվել են թատրոնների, տաճարների, մրցարանների և այլ կառույցների մնացորդներ։ Սակայն այդ ամենը կառուցվել էր այն ժամանակ, երբ ամմոնացիները գրեթե այլևս գոյություն չունեին։ Այժմ անապատն ու ավերակներն են այս երբեմնի հարուստ երկրի գլխավոր բնութագրիչները:
«Ամմոնի որդիներին՝ ոչխարների հովիվներ» - բառացիորեն՝ «արոտավայրեր՝ ոչխարների համար»։ Սլավոներենում՝ «Ամմոնի որդիները՝ ոչխարներին արածեցնելու համար»։
«Եվ կիմանաք, որ Ես եմ Տերը» - այս արտահայտությունը հաճախակիորեն օգտագործվում է հեթանոս ժողովուրդների դեմ ուղղված խոսքերում, սակայն դժվար թե այն ունենա դեպի Տերը դառնալու նշանակությունը (ինչի մասին Եզեկիելի մարգարեության մեջ բացարձակապես խոսք չկա), այլ միայն՝ Յահվեի զորությունը ճանաչելու խորհուրդը։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ամոնացիների քաղաքը տալու եմ ուղտերին՝ արածելու, իսկ ամոնացիներին՝ արածող հօտերին: Պիտի իմանաք, որ ես եմ Տէրը:
(Արարատ թարգ․) Ես Ռաբբան ուղտերի փարախ պիտի դարձնեմ, իսկ Ամմոնի որդիների քաղաքը՝ հոտերի մակաղատեղ։ Եվ դուք կիմանաք, որ ես եմ Տերը"։
(Գրաբար) տաց զքաղաքն Ամովնացւոց յարօտս ուղտուց, և զորդիսն Ամովնայ յարօտս հօտից, և ծանիցեն թէ ես եմ Տէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: