Ա. Լոպուխին
«Եվ ծովի բոլոր իշխանները պիտի իջնեն իրենց գահերից և մի կողմ պիտի գցեն իրենց պատմուճաններն ու պիտի հանեն իրենց ասեղնագործված հագուստները, սարսուռ պիտի հագնեն, գետնի վրա պիտի նստեն և ամեն վայրկյան պիտի դողան ու պիտի ապշեն քեզ վրա»։ [16] (Սինոդական թարգ․)
«Պիտի իջնեն» - որպեսզի նստեն հատակին՝ որպես սգի նշան։
«Ծովի բոլոր իշխանները» - կամ՝ ծովային պետությունների իշխանները, որոնց հասարակական կառուցվածքը մարգարեն ներկայացնում է Տյուրոսի պատկերի օրինակով (հմմտ․ 28:21), ինչը որ արտացոլված է նաև Յոթանասնից թարգմանության մեջ․ «Ծովի լեզուների իշխանները», կամ՝ Տյուրոսի վաճառականները, որոնք տիրում էին Տյուրոսի գաղութներին և որոնց հարստությունն ու շքեղությունը նրանց նմանեցնում էին թագավորներին (Ես. 23:8):
«Իրենց գահերից» - թագավորական կամ պերճաշուք գահավորակներից (Ա Թագ. 4։13):
«Պատմուճանները» - եբրայեցերենում՝ «մէիլ» - անթև վերնազգեստ։ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «պսակներ»՝ «mitras»։
«Ասեղնագործված հագուստները» - տե՛ս 16։10-րդ համարը։
«Սարսուռ հագան» - թանկարժեք հագուստի փոխարեն (7:27)։ Սա պետք է որ խորհրդանշի սգո հագուստները, որոնք կրելն այս դեպքում՝ բացի վշտից, պիտի զուգորդվի նաև վախի զգացումի հետ։ Սլավոներենում՝ «Ահով կսարսափեն»։
«Գետնի վրա պիտի նստեն» - որպես սգի նշան (տե՛ս Հոբ․ 2։13-րդ համարը)։
«Եվ ամեն վայրկյան պիտի դողան ու պիտի ապշեն քեզ վրա» - սլավոներենում՝ «և կվախենան իրենց կործանումից ու կհառաչեն քո պատճառով»։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) եւ այդ ծովագնաց ազգերի բոլոր իշխաններն իջնելու են իրենց գահաւորակներից, հանելու են գլուխներից իրենց խոյրերը, մերկանալու են իրենց գոյնզգոյն հագուստներից, տագնապելով տագնապելու են, գետին են տապալուելու, զարհուրելու են իրենց կործանման ժամանակ,
(Արարատ թարգ․) Այն ժամանակ ծովի բոլոր իշխանները պիտի իջնեն իրենց գահերից և հանեն իրենց պատմուճանները, իրենց ասեղնագործված հագուստներից պիտի մերկանան, սոսկում պիտի հագնեն, գետնի վրա պիտի նստեն և ամեն վայրկյան պիտի դողան ու ապշեն քեզ վրա։
(Գրաբար) Եւ իջցեն յաթոռոց իւրեանց ամենայն իշխանք ազգաց ծովուդ, և վերացուսցեն զխոյրս իւրեանց ‘ի գլխոց իւրեանց, և զպէսպէս հանդերձս իւրեանց մերկասցին, տագնապելո՛վ տագնապեսցին. յերկիր կործանեսցին, և զարհուրեսցին ‘ի կորստեան իւրեանց, և յոգոց հանցեն ‘ի վերայ քո․

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: