Եզեկիելի մարգարեության մեկնություն 29։18

Ա. Լոպուխին

«Մարդո՛ւ որդի, Նաբուգոդոնոսորը՝ Բաբելոնի թագավորը, իր զորքը ծանր աշխատանքի ծառայեցրեց Տյուրոսի դեմ. ամեն գլուխ ածիլվեց և ամեն ուս քերծվեց, բայց ո՛չ նրան, ո՛չ նրա զորքին որևէ մի վարձ չեղավ Տյուրոսից այն աշխատանքի համար, որը նա գործադրել էր նրա դեմ»։ [18] (Սինոդական թարգ․)
   
   «Ծանր աշխատանքի» - առհասարակ, պաշարողական աշխատանքներ կատարելը բավականին դժվար մի գործ էր՝ խրամատներ փորել, քարերից և ավազից պատնեշներ ուի հողաթմբեր պատրաստել, և այդ ամենը Տյուրոսի պաշարման ժամանակ հասել էր անհավանական մի աստիճանի, քանի որ Նաբուգոդոնոսորը, ամենայն հավանականությամբ, Ալեքսանդր Մակեդոնացու նմանողությամբ, ստիպված է եղել պատնեշ կառուցել՝ նեղուցի վրայով:

   «Ամեն գլուխ ածիլվեց և ամեն ուս քերծվեց» - այդ և այլ տեսակի ծանրություններ կրելու հետևանքով: Սլավոներենում՝ «ամեն ինչ մերկ է», այսինքն՝ հագուստը պատռվել է։

   «Որևէ մի վարձ չեղավ Տյուրոսից» - Տյուրոսը չէր կարող կողոպտվել, քանի որ այն կա՛մ չէր գրավվեց, կա՛մ հանձնվել էր բարենպաստ պայմաններում, կա՛մ էլ, ինչպես ասում է Հերոնիմոս Երանելին, գանձերը նավերով տեղափոխվել էին այն ժամանակ, երբ տյուրոսցիները տեսել էին նեղուցի վրա պատնեշի կառուցումը՝ գլխի ընկնելով, որ քաղաքի գրավումն անխուսափելի է դարձել:
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 29:17
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան չարչարեց իր զօրքերին եւ ուղարկեց Տիւրոսի վրայ: Բոլոր գլուխները ճաղատացել էին, բոլոր ուսերը՝ քերծուել: Տիւրոսի դէմ ինձ մատուցած ծառայութեան համար ինքն էլ, զօրքերն էլ վարձ չեն ստացել»:
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորն իր զորքը ծանր աշխատանքի ծառայեցրեց Տյուրոսի դեմ. ամեն գլուխ ածիլվեց, ամեն ուս քերծվեց, բայց նրան և նրա զորքին մի վարձ չեղավ Տյուրոսից՝ նրա դեմ արած այն աշխատանքի համար»։
(Գրաբար) Որդի մարդոյ, Նաբուքոդոնոսոր արքայ Բաբելացւոց աշխատեցո՛յց զզօրս իւր աշխատութեամբ մեծաւ ‘ի վերայ Տիւրոսի։ Ամենայն գլուխք կնդացեալք՝ և ամենայն ուսք գերծեալք. և վարձք նմա և զօրաց նորա ո՛չ եղեն առ ‘ի Տիւրոսէ ծառայութեանն՝ զոր ծառայեցին ինձ ‘ի նմա: