Ա. Լոպուխին
3-4. «Եվ ասա՛. «Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա Ես քո դեմ եմ, ո՛վ Գոգ, Ռովսի, Մոսոքի և Թոբելի իշխան»»։ [3] Եվ քեզ հետ պիտի դարձնեմ, և կարթեր պիտի դնեմ քո կզակներին և պիտի դուրս բերեմ քեզ ու քո ամբողջ զորքին՝ ձիերին ու ձիավորներին, բոլոր կատարելապես զրահավորվածներին, մեծ բանակին, որ զինված են զրահներով և վահաններով, ամենքին, որ զինված են սրերով»։(Սինոդական թարգ․)
Չնայած որ Գոգն այս արշավանքը ձեռնարկեց իր սեփական մղումից, ավարառության ծարավից դրդված (13-րդ համար), բայց այդուհանդերձ նա հետևեց նաև Յահվեի աննկատելի «հորդորին», Որը նրան, ինչպես մի վայրի գազանի, առաջնորդեց գործելու Իր կամքի համաձայն։ Հայտնության գրքի 20:8-րդ համարում նա առաջնորդվում է սատանայի կողմից (հմմտ․ Բ Թագ․ 24:1, Ա Մնաց․ 21:1)։ Հետագա աստվածաբանության մեջ նմանօրինակ գործողությունների նկատմամբ Աստվածության վերաբերմունքը բնորոշվում է «թույլտվություն» եզրույթի միջոցով:
«Եվ քեզ հետ պիտի դարձնեմ» - եբրայեցերենում՝ «շուվ», որը հնարավոր է նաև թարգմանել «պիտի խաբեմ» (հմմտ. Ես. 47:10), «պիտի գայթակղեմ»։ Սակայն Յոթանասնից թարգմանության մեջ այսպես է․ «Քեզ հետ պիտի վերադարձնեմ»։ Վուլգաթայում՝ «circumagam»։
«Կարթեր պիտի դնեմ քո կզակներին» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 29։4-րդ համարի բացատրությունը․ «usteron proteron»։ Վատիկանյան և այլ թարգմանություններում երկու նախադասություններն էլ բացակայում են։ Թշնամական զորքերի հետագա նկարագրությունը համապատասխանում է ասորա-բաբելոնական բանակի նկարագրությանը, որի մեջ մարգարեն բազմիցս օգտագործում է «խայլ» - «բանակ» (սլավոներենում՝ «ուժ») և «զորագունդ» - «կահալ» բառերը։
«Կատարելապես զրահավորվածներին» - բառացիորեն՝ «կատարելության հանդերձանքով»՝ փայլփլուն զենքերով: Տե՛ս Եզեկիելի մարգարեության 23:12-րդ համարի բացատրությունը։
«Մեծ բանակին» - միգուցե մատնանշվում է հետևակը՝ առ ի համեմատություն նախկինում առկա հեծելազորի մասին հիշատակության, հեծելազո՛ր, որը եթե նույնիսկ զինված չէր այնքան փայլփլուն զենքերով, սակայն ամեն դեպքում նվազագույնն աչքի էր ընկնում լիովին զինավառված լինելով՝ «զինված զրահներով և վահաններով»։ Վահաններ կրելն ավելի շատ հատուկ էր հետևակին (այլ ոչ թե հեծելազորին․ տե՛ս Եզեկ․ 27:10-րդ համարում առկա հիշատակությունը որոշ ժողովուրդների՝ վահաններ կրելու մասին)։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես քո դէմ եմ, ո՛վ իշխանդ Ռոսմեսոքի ու Թոբէլի,
(Արարատ թարգ․) Ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Գոգ, Մոսոքի և Թոբելի գլխավո՛ր իշխան։
(Գրաբար) և ասասցես ցնա. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես ‘ի վերայ քո իշխանդ Ռովսմեսովքայ և Թովբելայ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: