Եզեկիելի մարգարեության մեկնություն 39։17

Ա. Լոպուխին

«Իսկ դու, մարդո՛ւ որդի, - այսպես է ասում Տեր Աստված, - ասա՛ բոլոր տեսակի թռչուններին և դաշտային բոլոր գազաններին. «Հավաքվե՛ք ու եկե՛ք, ամեն կողմից հավաքվե՛ք Իմ զոհաբերության համար, որին Ես զոհաբերելու եմ ձեզ համար՝ մեծ զոհաբերություն Իսրայելի լեռների վրա․ և պիտի միս ուտեք ու արյուն խմեք»։[17] (Սինոդական թարգ․)
   

   Այստեղ արդեն արհավիրքի մեծությունն այլ կերպ է նկարագրվում՝ գիշատիչ թռչունների և գազանների կողմից դիակները խժռելու պատկերի միջոցով։ Նմանօրինակ խժռումը, իհարկե, կարող էր տեղ գտնել նախքան նախորդիվ նկարագրված թաղումը և Սուրբ Երկրի մաքրման գործընթացի սկզբնավորումն ընկած հատվածում, մի  գործընթաց, որն այդքա՜ն երկար ժամանակ էր պահանջում։ Կենդանիների կողմից դիակները խժռելու այս տեսարանը ներկայացվում է զոհաբերության («Իմ զոհաբերության») պատկերի ներքո, քանի որ սկզբնական շրջանում՝ հին ժամանակներում, յուրաքանչյուր զոհաբերություն ուղեկցվում էր այդ զոհաբերության մնացորդներով արված խնջույքով (Ա Թագ․ 9:13, Բ Թագ․ 6:19, 15:11, Նեեմ․ 8:10), որով արտահայտվում էր զոհաբերություն մատուցողի և Աստվածության միջև ամենամտերիմ միասնությունը: Այս խնջույքի առթիվ Յահվեն Ինքն է հրավիրում թռչուններին և գազաններին՝ որպես Ւր հյուրեր (այսինքն՝ գործակիցներ թշնամիների ոչնչացման հարցում)։ Եվ այժմ Տերը նրանց կանչում է մարգարեի միջոցով, ուրեմն, անկասկած, այստեղ խոսքը դեռևս մի հեռավոր ապագայում տեղի ունենալիք իրադարձության մասին է։ Զոհաբերությունը՝ իր խնջույքով հանդերձ, տեղի կունենա Իսրայելի լեռնային երկրում՝ «Իսրայելի լեռների վրա», ինչպես որ հին ժամանակներում էր, երբ զոհաբերությունները հիմնականում մատուցվում էին հենց լեռների վրա («բարձունքներում»)։ Հնարավոր է, որ զոհաբերության հնագույն սովորույթների արձագանքն է զոհի «արյունը խմելու» (և ոչ թե միայն՝ զոհի միսը ուտելու) հրավերը, ճիշտ այնպես, ինչպես որ Աստվածությունն էլ ներկայացվում էր որպես զոհի արյունը ճաշակող մի զորություն․ Աստվածության կողմից այդ ճաշակումն էլ տեղի էր ունենում անպայմանորեն զոհի արյունը գետնին կամ քարի վրա հեղելու միջոցով: Այդ նույն նշանակությամբ կիրառվող զոհաբերության խնջույքի պատկերը սիրված է նաև Հին Կտակարանի մյուս հատվածներում (Եզեկ․ 21:15, 29:5, Ես. 34:6,  Սոփ․ 1:7, Երեմ․ 12:9, 46:10, 51:40, հմմտ․ Մարկ․ ​​9:44, Հայտն․ 19:17 և այլն, և այլն):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, այսպէս է ասում Տէր Աստուած. «Ասա՛ բոլոր գիշատիչ թռչուններին, դաշտի բոլոր գազաններին. «Հաւաքուեցէ՛ք ու եկէ՛ք, հաւաքուեցէ՛ք երկրի բոլո՛ր կողմերից իմ ողջակէզի համար, որ ես եմ զոհել, մեծ ողջակէզի, որ կատարում եմ Իսրայէլի լեռների վրայ, մի՛ս կերէք ու արի՛ւն խմեցէք:
(Արարատ թարգ․) Իսկ դու, մարդո՛ւ որդի,- այսպես է ասում Տեր Աստված,- ասա՛ ամեն թևավոր թռչունի և դաշտի բոլոր գազաններին. Հավաքվե՛ք ու եկե՛ք, շուրջբոլորից հավաքվե՛ք իմ զոհի համար, որ ես զոհել եմ ձեզ համար. մեծ զոհ Իսրայելի սարերի վրա, որպեսզի միս ուտեք ու արյուն խմեք։
(Գրաբար) Եւ դու որդի մարդոյ ՝ ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ասա՛ դու ցամենայն հաւս ​​թռչունս, և ցամենայն գազանս դաշտի. Ժողովեցարո՛ւք և եկա՛յք, ժողովեցարո՛ւք յամենայն կողմանց երկրի 'ի զենումն իմ զոր ես զենի ձեզ ՝ զենումն մեծ' ի վերայ լերանցն Իսրայէլի. կերէ՛ք միս և արբէ՛ք արիւն.