Եզեկիելի մարգարեության մեկնություն 39։9

Ա. Լոպուխին

9-10. «Այդ ժամանակ Իսրայելի քաղաքների բնակիչները դուրս կգան ու կրակ կվառեն և կայրեն զենքերը, վահաններն ու ասպարները, աղեղներն ու նետերը և ձեռքի մահակներն ու նիզակները. յոթ տարի պիտի վառեմ դրանք»։ [9] ««Եվ դաշտերից փայտ չեն հավաքի, չեն էլ կտրի անտառներից, այլ պիտի վառեն միայն զենքեր. և պիտի հափշտակեն իրենցից հափշտակողներից և պիտի կողոպտեն իրենց կողոպտողներին, - ասում է Տեր Աստված»։ (Սինոդական թարգ․)
   
   «Աղետի ահռելի մեծ չափերը վառ երանգներով ներկայացվում են որպես ավար ձեռք բերված զենքերի բազմության միջոցով, որոնց հետ համեմատությամբ ավարի մնացած մասը կարելի է միայն պատահական ձեռքբերում համարել» (Սմենդ)։ Զենքերը սովորաբար համարվում են պատերազմում ձեռք բերված ամենաթանկ ավարը, քանի որ այդ զենքերն իրենց հերթին կարող են օգտագործվել հենց թշնամու դեմ: Սակայն այս պարագայում այդպես չէ. Իսրայելն ի՞նչ պիտի աներ այդ զենքերի հետ, եթե այս երկրին խոստացված փառավոր ապագայում նա պատերազմների մեջ չէր լինելու (Եզեկ. մարգարեության 38:11-րդ համարի բացատրությունը․ այդ փառավոր ապագայում առհասարակ ամբողջ երկրի վրա պատերազմներ տեղի չէին ունենալու, Ես․ 9:5), ինչպես որ այժմ էլ Իսրայելի համար պատերազմի ելքը որոշեց միայն Ինքը՝ Աստված։ Այնպես որ, ձեռք բերված զենքի հետ չէր կարելի ավելի լավ բան անել, քան այն օգտագործել որպես վառելիք՝ դաշտում (որտեղից վերցնում էին վառելիքի համար անհրաժեշտ ավելի թեթև նյութը՝ «վառելափայտը») կամ անտառներում (վառելափայտ՝ ամենաուղիղ իմաստով) անհրաժեշտ վառելիքը փնտրելու փոխարեն, մի բան, «որն այնքա՜ն օգտակար կլիներ անտառներով աղքատ այնպիսի երկրի համար, ինչպիսին Իսրայելն էր» (Կրեչմար): Տպավորությունն էլ ավելի ուժեղացնելու համար զենքերը մանրամասնորեն թվարկվում են՝ իրենց ընդհանուր քանակով կազմելով 7 թիվը (որը կատարելության և անսահմանության խորհրդանշական թիվն է)՝ համապատասխանելով այդ զենքերի՝ 7 տարիներ շարունակ այրման գործընթացին (ինչպիսի՜ հսկայական քանակության մասին է խոսքը, որից ելնելով՝ դրանք ողջ երկրի համար պիտի այրվեին 7 տարիների ընթացքում)։ Այս այրումը միևնույն ժամանակ երկիրը պիտի մաքրեր թշնամական, հեթանոսական պղծության վերջին մնացուկներից (հմմտ․ 14-րդ համար և Թվոց 31:20-րդ համար):

   «Ասպարները» - ամենայն հավանականությամբ այստեղ նկատի է առնվում եբրայեցերեն «ցիննա» բառի նշանակությունը, որը Յոթանասնից և Վուլգաթա թարգմանությունները տարընթերցում են «նիզակ», ինչի հետևանքով այդ զենքը հիշատակվում է երկու անգամ․․․
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Եւ պիտի ելնեն Իսրայէլի քաղաքների բնակիչները, պիտի այրեն իրենց զէնքերը, նիզակներն ու ասպարները, նետերն ու աղեղների բեկորները, տէգերի բներն ու սուինների կոթերը.
(Արարատ թարգ․) Իսրայելի քաղաքների բնակիչները դուրս կգան ու կրակ կվառեն և կայրեն զենքերը, ասպարներն ու վահանները, աղեղներն ու նետերը, ձեռքի մահակներն ու նիզակները. յոթ տարի նրանք որպես վառելանյութ են գործածում։
(Գրաբար) Եւ ելցեն բնակիչք քաղաքաց Իսրայէլի. և այրեսցեն զզէնս, զնիզակաբեկս, զասպարաբեկս, նետս, զբեկորս աղեղանց, զտիգաբունս, զսըւնակոթս, այրեսցեն իւրեաց.