Ա. Լոպուխին
«Ներքին գավթի քսան կանգունի դիմաց և այն քարահատակի դիմաց, որը գտնվում էր արտաքին գավթում, կային ցուցասրահներ՝ ցուցասրահի դիմաց՝ երեք հարկով»։[3] (Սինոդական թարգ․)
Կարծես թե փորձելով խույս տալ անհասկացողությունից, որն իսկապես անխուսափելի է այսօրինակ բարդ ճարտարապետական ամբողջության բանավոր նկարագրության մեջ՝ մարգարեն ևս մեկ անգամ, արդեն մեկ ուրիշ ձևով «սահմանում» է շենքի դիրքը կամ քահանայական սենյակների տեղը տաճարային համակարգում: Այն (շենքը կամ վայրը) գտնվում էր «քսան կանգունի դիմաց» («նեգեդ»), սակայն թե քսան կանգուն «ինչի՞» դիմաց՝ բնագրում նշված չէ, բայց երբ դիտարկում ենք խոսքի ընդհանուր համատեքստը, պարզ է դառնում, որ, ակնհայտորեն, խոսքն այն 20 կանգունների մասին էր, որը, ըստ Եզեկ․ 41:10-րդ համարի, կազմում էր «մուն»-ի՝ «ներքին գավթի» գլխավոր հատվածի լայնությունը։ Մյուս կողմից սակայն, այս շենքը կամ վայրը գտնվում էր «քարահատակի դիմաց»՝ ա՛յն քարահատակի, որը ձգվում էր տաճարի հրապարակի արտաքին պատի երկայնքով՝ «արտաքին գավթում» (Եզեկ․ 40:17-18), և որը կազմում էր այդ գավթի լավագույն հատվածը՝ համապատասխանելով ներքին գավթի «մունա»-ին (կամ «20 կանգունին»)։ Այժմ, երբ շենքի կամ քահանայական սենյակների տեղագրությունը լիովին սահմանված է, մարգարեն կարող է անցում կատարել դրանց նկարագրությանը և դրանց կառուցվածքին:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) նկարազարդուած ըստ ներքին սրահի դռան օրինակի: Դրանք չորս կողմը սիւներ ունեցող արտաքին բակի նման էին՝ երեք յարկերը դէմ առ դէմ դասաւորուած:
(Արարատ թարգ․) Ներքին գավիթի քսան կանգունի դիմաց և արտաքին գավիթի քարահատակի դիմաց այն բարձրանում էր վերնասենյակ առ վերնասենյակ՝ երեք հարկով։
(Գրաբար) նկարեալք ըստ օրինակի դրան սրահին ներքնոյ, և ըստ օրինակի շրջանակիւ սեանցն սրահին արտաքնոյ. դէ՛մ ընդ դէմ կարգեալ երեք սրահեա՛ն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: