Եզեկիելի մարգարեության մեկնություն 44։11

Ա. Լոպուխին

«Նրանք պիտի ծառայեն Իմ սրբարանում՝ որպես պահակներ տաճարի դարպասների մոտ և որպես տաճարի սպասավորներ. նրանք ժողովրդի համար պիտի մորթեն ողջակեզներն ու մյուս զոհերը և պիտի կանգնեն նրանց առաջ՝ նրանց ծառայելու համար»։ [11] (Սինոդական թարգ․)
   

    Տաճարում ղևտացիների համար սահմանված ստորակարգ սպասավորությունը, ճիշտ այնպես, ինչպես և քահանաների բարձրագույն սպասավորությունը պիտի տարանջատվեր երկու հիմնական տեսակի՝ տաճարի պահպանությանը և, փաստորեն, քահանայագործությանը (հմմտ. 16-րդ համար): Քահանաների ղեկավարության ներքո ղևտացիները որպես պահակներ պիտի սպասավորեին տաճարի դարպասների մոտ (որի համար էլ հենց ծառայում էին այդ դարպասներից կից սենյակները – Եզեկ. 40:7) և որպես օգնական-ծառայողներ էլ պիտի սպասավորեին զոհաբերությունների ժամանակ։ Եկեղեցա-պաշտամունքային սպասավորության այս վերջին տեսակը (խոսքը «տաճարի սպասավորների» մասին է) պետք է զբաղվեր ողջակեզները և ժողովրդի մատուցած մյուս զոհաբերությունները մորթելու գործով. իսկ ահա իշխանի համար մատուցվող զոհերը, ըստ երևույթին, մորթվել են հենց քահանաների կողմից – Եզեկ. 46:2: Քահանաները միայնակ մորթեցին նաև մեղքի և հանցանքի համար մատուցված զոհաբերությունները – Եզեկ. 43:19: Մնացած զոհաբերությունները, ըստ Մովսիսական օրենքի, ըստ երևույթին, մորթվել են հենց դրանք զոհաբերողների կողմից (Ղևտ. 1:5, 11, 3:2, 4:28, 38), սակայն եթե զոհաբերողը դժվարանում էր կամ պարզապես չէր ցանկանում դա անել, իր այդ գործը վստահում էր փորձառու ղևտացուն։ Այդպիսով, փաստորեն, ղևտացիների ծառայությունը ոչ այնքան Աստծուն էր ուղղված (հմմտ. 16-րդ համար), որքան ժողովրդին. սլավոներենում` «կկանգնեն մարդկանց առաջ («կանգնել մեկի առաջ» նշանակում էր «ծառայել» - Ծննդ. 41:46, Բ Օրին. 1:38 և այլն, իսկ ահա ռուսերենում անհասկանալի է՝ «նրանց առաջ») նրանց ծառայելու համար»: Սակայն քանի որ այդ ծառայությունը վերաբերում էր նաև Աստծուն և տեղի էր ունենում Նրա սրբարանի անմիջական մերձակայքում, ուստի այն պատվաբեր ու բաղձալի էր և պետք է լիներ յուրաքանչյուր մեկի համար (Սաղմ. 83:11), ու հետևաբար այդ  սպասավորությունը նախկինում ապօրինաբար էր վստահվել օտարականներին (տե՛ս 7-րդ համարի բացատրությունը): Հատկանշական է, որ նույնիսկ գերությունից հետո ղևտացիները, քահանաների համեմատությամբ, այնքան փոքր թիվ էին կազմում (340-360 հոգի, որոնցից միայն 74-ն էին քահանաների կազմում, մինչդեռ վերջիններս 4289 հոգի էին»` ըստ Եզր. 2:36-41, Նեեմ. 7:43-45. հետագայում Եզրասը գտավ միայն ևս 38 հոգու), այնպես որ ղևտացիների պակասը պետք է լրացնեին նեթինիմները՝ տաճարի նախկին օտարազգի ծառաները։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Նրանք իմ սրբարանում, այդ տան դռներին դռնապան ծառաներ են լինելու եւ տաճարի սպասաւորներ: Նրանք են մորթելու ժողովրդի ողջակէզներն ու զոհաբերութիւնները. նրանք են կանգնելու ժողովրդի առաջ՝ լինելով նրա սպասաւորները:
(Արարատ թարգ․) Եվ նրանք սպասավորներ պիտի լինեն իմ սրբարանում՝ կարգված տաճարի դարպասներին, և տաճարում պիտի ծառայեն. նրանք ժողովրդի համար պիտի մորթեն ողջակեզներն ու զոհերը, պիտի կանգնեն դրանց առաջ՝ նրանց ծառայելու համար։
(Գրաբար) Եւ եղիցին ‘ի սրբութիւնս իմ պաշտօնեայք բարապանք դրանց տանդ, և սպասաւորք տաճարիդ. նոքա զենուցուն զողջակէզս և զզոհս ժողովրդեանն. և նոքա կացցեն առաջի ժողովրդեանն լինել նոցա ‘ի սպասաւորս.