Եզեկիելի մարգարեության մեկնություն 45։4

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Երկրի այս սրբազան մասը պիտի պատկանի քահանաներին՝ սրբարանի ծառայողներին, որոնք մոտենում են Տիրոջը ծառայելու համար. դա նրանց համար վայր պիտի լինի` տների համար, և սրբավայր` սրբարանի համար»։  [4] (Սինոդական թարգ․)
   

    Տաճարը շրջապատող վայրի («սրբազան մաս», սլավոներենում ավելի ստույգ՝ «սուրբ»- կոդեշ»-երկրից») առանձնահատուկ սրբությունն ապահովելու համար այն պետք է տրվի քահանաներին՝ հենց «սրբարանի  ծառայողներին» (և ոչ թե, առհասարակ, տաճարի սպասավորներին, ինչպիսիք էին ղևտացիները – հմմտ. 5-րդ համար) և նրանց, ովքեր մշտապես «մոտենում են Աստծուն»: Այդ վայրը նրանց «տների» համար է նախատեսված լինելու. «Նրանց համար վայր պիտի լինի` տների համար», և «սրբավայր` սրբարանի համար», եբրայեցերենում` «mikdash – lemikdash», բառացիորեն` «սրբարան (գուցե` «սուրբ վայր»)` սրբարանի համար», ինչն այդքան էլ տրամաբանական արտահայտություն չէ, այդ իսկ պատճառով էլ արդեն Յոթանասնից թարգմանությունն այն տարընթերցում է հետևյալ կերպ. որպես առաջին բառ ընդունվում է «milkad» - «առանձնացված» բառը, որի արդյունքում միտքը թարգմանվում է այսպես. «Եվ նրանց համար տեղ կգտնվի առանձնացված (afwrismenouV) տներում` նրանց սրբացման համար»: Այսինքն՝ քահանաների տները, լինելով այդպիսի մեկուսացված վայրում, այդպիսով կհամապատասխանեն քահանաների սրբությանը: Այս արտահայտության այսօրինակ տարընթերցումը նույնպես ամբողջովին հարթ չէ, ուստի նորագույն շրջանի մեկնիչներն առաջին «mikdash» բառի վերաբերությամբ ենթադրում են, որ այն «migrash» - «ազատ տարածք, հրապարակ» բառի վնասվելու արգասիքն է։ Քահանաների բնակարանների համար նախատեսված առանձնահատուկ վայրի սահմանումը չի հակասում Եզեկ. 44:28-րդ համարի` «Նրանց ունեցվածք չտաք Իսրայելում. Ես եմ նրանց ունեցվածքը» պատգամին, քանի որ ներկայումս հիշատակվող հողակտորը («teruma» - 1-ին համար), ըստ էության, պատկանում է Տիրոջն ու տաճարին, և այդ հողակտորի վրա քահանաների բնակեցումը միայն որոշակիացված արտահայտությունն է ա'յն գաղափարի, ըստ որի` Տերը նրանց ժառանգությունն է (Շրեդ.):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նուիրուած հողից բաժին է լինելու նաեւ այն քահանաներին, որոնք սրբատեղիում պաշտամունք են մատուցում, նաեւ նրանց, ովքեր մօտենում են ինձ պաշտամունք մատուցելու: Նրանց համար, նրանց սուրբ տան համար տեղ է առանձնացուած լինելու՝
(Արարատ թարգ․) Սա քահանաներինը պիտի լինի. հողի սուրբ բաժին պիտի լինի և պիտի լինի սրբարանին ծառայող քահանաներինը, որոնք մոտենում են Տիրոջը ծառայելու համար. հողից սուրբ պիտի լինի և նրանց տների վայրը պիտի լինի և մի սուրբ վայր սրբարանի համար։
(Գրաբար) նուիրեալ յերկրէն. և եղիցի քահանայիցն որ պաշտիցեն ‘ի սրբութեանն, և այնոցիկ որ մերձենան պաշտել զՏէր։ Եւ եղիցի նոցա տեղի մի զատեալ ‘ի տուն սրբութեան իւրեանց,