Եզեկիելի մարգարեության մեկնություն 5։5

Ա. Լոպուխին

 

5-17․ «Այսպես է ասում Տեր Աստված. «Այս է Երուսաղեմը. Ես նրան կարգել եմ ազգերի մեջ, և նրա շուրջը երկրներ կան»»։ [5] «Բայց նա ապստամբեց Իմ պատվիրանների դեմ՝ հեթանոսներից ավելի ամբարիշտ գտնվելով, և Իմ կանոնների դեմ՝ իր շրջակայքում եղող երկրներից ավելի վատթար գտնվելով. որովհետև նրանք մերժեցին Իմ պատվիրանները և Իմ կանոններով չեն ընթանում»։ «Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև դուք ձեր անօրենություններն ավելի բազմացրիք, քան ձեր շրջակայքում եղող հեթանոսները, Իմ կանոնների համաձայն չեք ընթանում և Իմ պատվիրանները չեք կատարում ու նույնիսկ ըստ ձեզ շրջապատող հեթանոսների կանոնների չեք վարվում»»։ «Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ահա Ես էլ քեզ դեմ եմ՝ Ես Ինքս, և քո մեջ դատաստան եմ անելու հեթանոսների աչքի առաջ»»։ «Եվ քեզ հետ այն պիտի կատարեմ, ինչ Ես երբեք էլ չեմ արել ու հետագայում երբեք չեմ անելու՝ քո բոլոր պղծությունների պատճառով»։ «Ուստի քո մեջ հայրերը որդիներին պիտի ուտեն, իսկ որդիներն իրենց հայրերին պիտի ուտեն.  և քեզ դատաստանի պիտի ենթարկեմ ու քո ամբողջ մնացորդին ցրիվ պիտի տամ բոլոր քամիներին»։ «Ուստի կենդանի եմ Ես,- ասում է Տեր Աստված,- որովհետև դու պղծեցիր Իմ սրբարանը քո բոլոր պղծություններով և քո բոլոր գարշելիություններով. Ես էլ պիտի նսեմացնեմ քեզ, և Իմ աչքը չպիտի խնայի, և Ես չպիտի ողորմեմ քեզ»։ «Քո մեկ երրորդը ժանտախտով պիտի մեռնի, և սովով պիտի կոտորվեն քո մեջ, մեկ երրորդը սրով պիտի ընկնի քո շուրջը, իսկ մեկ երրորդին էլ ցրիվ պիտի տամ բոլոր քամիներին և սուր պիտի մերկացնեմ նրանց հետևից»։ «Եվ Իմ բարկությունը պիտի կատարվի, և Իմ զայրույթը նրանց վրա պիտի թափեմ ու պիտի բավականանամ։ Եվ պիտի գիտենան, որ Ես՝ Տերս, խոսել եմ Իմ նախանձախնդրությամբ, երբ որ Իմ զայրույթը նրանց վրա հասնի»։ «Եվ քեզ ավերմունքի ու նախատինքի պիտի մատնեմ քեզ շրջապատող ազգերի մեջ, ամեն անցորդի աչքի առաջ»։ «Եվ դու ծաղր ու նախատինք, նախօրինակ ու սարսափ պիտի դառնաս քեզ շրջապատող ազգերի համար, երբ որ Ես քո դեմ դատաստան տեսնեմ բարկությամբ ու զայրույթով և կատաղի պատուհասներով. Ես՝ Տերս, ասացի սա»։ «Եվ երբ նրանց դեմ արձակեմ սովի կատաղի նետերը, որոնք պիտի կործանեն, երբ դրանք արձակեմ ձեզ կործանելու համար, և սովը սաստկացնելու եմ ձեր մեջ և ջախջախելու եմ ձեր հացի գավազանը»։ «Եվ ձեզ վրա սով և կատաղի գազաններ պիտի ուղարկեմ, և քեզ անզավակ կդարձնեն, և ժանտախտ ու արյունահեղություն պիտի անցնի քո միջով, և սուր պիտի բերեմ քեզ վրա. Ես՝ Տերս, ասացի սա»։ (Սինոդական թարգ․)
   
   Երուսաղեմին սպառնացող պատիժը հիմնավորվում (5-10-րդ համարներ) և նկարագրվում է առանց խորհրդանշական պատկերավորման (11-17-րդ համարներ), և ի դեպ՝ խոսքն աստիճանաբար Երուսաղեմից տեղափոխվում է դեպի երկիր (հմմտ․ 6-րդ և 7-րդ գլուխներ) և վերջին խորհրդանշական գործողության բովանդակությունից դեպի այդ բոլոր խորհրդանշական գործողությունների բացատրությունը։ 5-10-րդ համարների ընդհանուր գաղափարը հետևյալն է. Իսրայելը, որը հեթանոսների առջև այդքան մեծ հեղինակություն էր վայելում, ինչպես պարզվում է, նրանցից էլ ավելի վատն էր, ինչի համար էլ որ Իսրայելը ենթակա է ամենախիստ պատժին:

   «Այսպես է ասում Տեր Աստված. «Այս է Երուսաղեմը. Ես նրան կարգել եմ ազգերի մեջ, և նրա շուրջը երկրներ կան»» - Խորհրդանշական գործողությունների բացատրությունը․ Երուսաղեմն անվանվում է ժողովուրդների և երկրի կենտրոն (հմմտ. 38:12)՝ որպես աշխարհի կենտրոնական կետ՝ պատմական տեսանկյունից ելնելով (և ոչ թե աշխարհագրորեն, ինչպես ցանկանում են տեսնել ռացիոնալիստները (բանապաշտները)՝ այստեղ նկատելով միամիտ աշխարհագրական պատկերացումների առկայություն)։ Երեսուղեմը ներկայացվում է որպես քաղաք, որտեղ Աստված դրել է Երկնքի արքայության գահը, որտեղից ելնում է օրենքը (Ես․ 2:2, Միք․ 4:1) և փրկությունը (Սաղմ․ 73:12)՝ բոլոր ժողովուրդների համար: Այս եղանակով ներկայացվում է ժողովրդի հավատն իր ունեցած համաշխարհային-պատմական նշանակության նկատմամբ, որի վրա հիմնվելով էլ հրեա ժողովուրդն իրեն զգում է համաշխարհային պատմության, հետևաբար նաև՝ աշխարհի կիզակետում։ Երուսաղեմի այս գնահատականն ապահովելու համար շատ ավելի քիչ բան արեց Սողոմոնը, որը մտածում էր այն բարձրացնել համաշխարհային, աշխարհա-քաղաքական մետրոպոլիայի աստիճանի, քան թե Եսայի մարգարեն, քանի որ վերջինիս համար համաշխարհային պատմությունը պտտվում էր Երուսաղեմի շուրջը՝ որպես անկյունաքարային կետ, Ես․ 24:5 և 31:5)։ Յահվեն կրակ ունի Երուսաղեմում (31:9), այնպես որ ժամանակների վախճանին այն դարձյալ պիտի դառնա հավատարիմ քաղաք, արդարության լեռ (Ես․ 1։26): Եզեկիելի ժամանակաշրջանում հրեաներն այս գաղափարին ապավինում էին որպես իսկապես գոյություն ունեցող մի արտաքին իրողություն, և այդ գաղափարի «տիրապետության» ազդեցությամբ նրանք իրենց անպարտելի էին համարում (Երեմ. 7:7): Եզեկիելի համար նույնպես Երուսաղեմը մի քաղաք էր, որը համեմատության եզրեր չէր ճանաչում, քանի որ այդտեղ էր գտնվում ա՛յն տաճարը, որտեղ հնարավոր էր մատուցել միակ օրինավոր պաշտամունքը (Բերթոլետ):

   «Ես նրան կարգել եմ ազգերի մեջ, և նրա շուրջը երկրներ կան» - Երկրորդ նախադասությունն ամրապնդում է առաջինի արտահայտած գաղափարը. «Երկրներ» արտահայտության (հոգնակի թիվ) կիրառությունը Եզեկիելին բնորոշ է։ Այդ արտահայտությունն ունի «հեթանոսական երկրներ» իմաստը և Եզեկիել մարգարեի կողմից կիրառվում է 27 անգամ, ու դա այն դեպքում, որ նախորդող մարգարեների գրություններում այն չի հանդիպում՝ բացառությամբ Երեմիա մարգարեի, որն այս արտահայտությունը գործածում է 7 անգամ» (Բերթոլետ):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ու կ՚ասես բոլոր իսրայէլացիներին.«Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այս այն Երուսաղէմն է, որ դրել եմ հեթանոսների եւ նրանց շուրջը գտնուող երկրների մէջ:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված. «Այս է Երուսաղեմը. ես նրան կարգել եմ ազգերի կենտրոնում և նրա շրջակա երկրների հետ։
(Գրաբար) և ասասցես ամենայն տանն Իսրայէլի. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ա՛յս ա՛յն Երուսաղէմ է զոր եդի ‘ի մէջ հեթանոսաց զդա, և որ շուրջ զդովաւ գաւառք։