Ա. Լոպուխին
«Ահա, ինչ որ նախապես կանխագուշակվել էր, այն էլ կատարվեց, իսկ նորերի մասին Ես կհայտարարեմ, դրանք դեռ չպատահած՝ Ես կհայտնեմ ձեզ»: [9] (Սինոդական թարգ․)
«Ահա, ինչ որ նախապես կանխագուշակվել էր, այն էլ կատարվեց․․․» - Ծառայի մասին քիչ առաջ հնչած մխիթարական մարգարեության վավերականության նոր ապացույցը վեր է հանվում պատմական փորձառությունից. եթե նախկինում հնչած բոլոր մարգարեություններն արդեն իսկ հասցրել էին իրականություն դառնալ, ապա ուրեմն դա լավագույն երաշխիքն էր նաև նորահունչ մարգարեությունների իրականացման համար: «Նախկինում հնչած մարգարեություններ» ասելով՝ Հերոնիմոս Երանելին հասկանում է առհասարակ այն ամենը, ինչ ասվել էր Հին Կտակարանում Մովսեսի ու մարգարեների միջոցով: Սակայն այս տեսակետն այդքան էլ «արդարացի» չէ, քանի որ նոր շրջանի մարգարեության օրերին այդ ամենը դեռևս պետք է իրականություն դառնար, ու այդ իսկ պատճառով էլ չէր կարող կիրառվել որպես պատմական անցյալից քաղված համոզիչ վկայություն։ Եվ հետևաբար ճիշտ են վարվում ա՛յն անձինք, ովքեր այստեղ տեսնում են ցուցում դեպի որոշակի ու համեմատաբար ոչ վաղ անցյալում հնչած պատմա-քաղաքական մարգարեությունները, մասնավորապես, օրինակ, մարգարեությունը (որն այդ ժամանակ արդեն իսկ իրականացել էր) դեպի Երուսաղեմ կատարած Սենեքերիմի անհաջող արշավանքի մասին (Ես․ 10:16, 33, 14:25, 30:31 և 37:6-7, 33-34): Այդպիսի պատմական օրինակի մեջբերումը Իսրայելի համար պետք է մխիթարական նշանակություն ունենար, և նմանատիպ հղումն ամբողջությամբ համահունչ էր խոսքի ընդհանուր բնույթին ու ոճին: Եթե իսրայելական ժողովուրդը դեռ իր միջից պետք է ընտրի Տիրոջ սիրելի Ծառային, Որը կոչված է մեծամեծ գործեր կատարելու, ապա ակնհայտ է, որ այդ ժողովրդի պատմական կոչումը դեռևս հեռու է իրականություն դառնալուց, բայց և իսրայելացիներն առիթ չունեն մտահոգվելու իրենց ճակատագրի համար, որը մշտապես կարող էր բարելավվել Աստծո կողմից նույնպիսի անսպասելիությամբ, ինչպես որ դա տեղի ունեցավ Սենեքերիմի ժամանակաշրջանում:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ինչ որ նախասահմանուած էր, այն էլ կատարուեց, իսկ ինչ որ նոր պիտի կատարուի, ե՛ս կը պատմեմ ձեզ, մինչեւ պատմուելն էլ այն յայտնի կը դառնայ ձեզ:
(Արարատ թարգ․) Նախկին բաներն ահա կատարվել են, և նորերի մասին եմ հայտարարում ձեզ. դրանք դեռ չպատահած՝ իմացնում եմ ձեզ»։
(Գրաբար) Որ ինչ ի սկզբանէն էր, այն եկն եհաս, եւ զնորս ես պատմեցից ձեզ. եւ մինչչեւ պատմեալ` ցուցաւ ձեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: