Եսայու մարգարեության մեկնություն 43:1

Ա. Լոպուխին

Հիմա այսպես է ասում Տերը, որ արարեց քեզ, Հակո՛բ, ու ստեղծեց քեզ, Իսրայե՛լ. «Մի՛ վախեցիր, քանի որ Ես քավեցի քեզ ու քեզ կոչեցի քո անվամբ, դու Իմն ես»: [1] (Սինոդական թարգ․)
   
   Բաբելոնյան գերության վերահաս փոթորիկն ու դրանից էլ առավել սարսափելի աղետները, որոնք Եսային անմիջապես առաջ էր կանխագուշակել անհնազանդ Իսրայելի համար, կարող էին նրան մատնել անհուսության ու վերջնական հուսահատության: Ահա թե ինչու է մարգարեն անհրաժեշտ համարում իսրայելացիներին բարեժամանակ մխիթարություն բերել, որպեսզի սպառնալիքների և խոստումների նմանատիպ փոխարինությունը ցանկալի տպավորություն թողնի թեկուզ և միայն Իսրայելի լավագույն հատվածի վրա:

   «Հիմա այսպես է ասում Տերը…Հակո՛բ…ու Իսրայե՛լ. «Մի՛ վախեցիր...»» - Սա ելույթի համար բավականին հանդիսավոր սկիզբ է, որն այդ ելույթի նպատակը սահմանում է ընդամենը մեկ խոսքով՝ «մի՛ վախեցիր»:

   «Քեզ կոչեցի քո անվամբ»: «Երբ Տերն ինչ-որ մեկին կոչում է իր անունով, դա նշանավորում է Աստծո նոր ողորմածությունը, համաձայն որի և Նա կա՛մ առանձին անհատին, կա՛մ էլ ամբողջ ժողովրդին կոչ է անում հատուկ գործունեություն ծավալել՝ Աստծո իմաստության և սիրո նախախնամությունն իրագործելու համար» (Վլաստով, Ծննդ. 17:5, 15, Ելք 33:17, Թվ. 27:17-20, Գ Թագ. 19:9 և այլ հատվածներ):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Արդ, այսպէս է ասում Տէր Աստուածը, որ արարեց քեզ, Յակո՛բ, եւ ստեղծեց քեզ, Իսրայէ՛լ. «Մի՛ վախեցիր, որովհետեւ փրկեցի քեզ եւ կոչեցի քեզ քո անունով, թէ իմն ես:
(Արարատ թարգ․) Սակայն այսպես է ասում Տերը՝ քո արարիչը, ո՛վ Հակոբ, և քեզ ձևավորողը, ո՛վ Իսրայել. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու իմն ես։
(Գրաբար) Եւ արդ` այսպէս ասէ Տէր Աստուած որ արար զքեզ Յակովբ, եւ որ ստեղծ զքեզ Իսրայէլ: մի երկնչիր զի փրկեցի զքեզ, եւ կոչեցի քեզ զանուն քո` թէ իմ ես Աստուծոյ: