Եսայու մարգարեության մեկնություն 44:9

Ա. Լոպուխին

9-17. « Կուռքեր պատրաստողներն ամենքն էլ ոչնչություն են, և նրանց կողմից այդքան սպասված կուռքերն էլ որևէ օգուտ չեն բերում նրանց, և նրանք իրենք են իրենց վկաներն այդ հարցում: Նրանք չեն տեսնում ու չեն ըմբռնում, և այդ պատճառով էլ ամաչելու են»: [2] «Ո՞վ աստված կերտեց ու ձուլեց կուռքեր, որոնք որևէ օգուտ չեն բերում»: «Բոլոր նրանք, ովքեր կմասնակցեն դրան, ամոթահար պիտի լինեն, չէ՞ որ արհեստավորներն իրենք էլ մարդիկ են: Թող բոլոր նրանք հավաքվեն ու կանգնեն. նրանք կսարսափեն, ու ամենքն էլ ամոթահար կլինեն։ «Դարբինը երկաթից կացին է պատրաստում և ածխի վրա կռում է, մուրճերով ձևավորում է այն և իր ուժեղ ձեռքով աշխատում է դրա վրա, մինչև որ քաղցում և ուժասպառ է լինում. ջուր չի խմում և հոգնաբեկ է լինում»: «Հյուսնը, փայտ ընտրելով, նրա երկայնքով գիծ է գծում, սրածայր գործիքով ուրվագծում է դրա վրա , այնուհետև այն մշակում է հատիչով ու կլորացնում է այն, և դրանից գեղեցիկ արտաքինով տղամարդու պատկեր է պատրաստում, որպեսզի այն տեղադրի տան մեջ»: «Նա իր համար մայրիներ է կտրում, վերցնում է սոճին ու կաղնին, որոնք ընտրում է անտառի ծառերի միջից, հացենի է տնկում, և անձրևն աճեցնում է այն»: «Եվ դա մարդու համար որպես վառելիք է ծառայում, և նա դրա մի մասն օգտագործում է տաքանալու համար, և կրակ է վառում ու հաց է թխում: Եվ դրանից նա աստված է պատրաստում, երկրպագում է նրան, կուռք է շինում և ընկնում է նրա առաջ»: «Փայտի մի մասը այրում է կրակի մեջ, մյուս մասով եփում է ուտելիքի միսը, տապակում է այն և ուտում է մինչև հագենալը, նաև տաքանում է և ասում. «Լավ է, ես տաքացա, զգացի կրակը»: «Իսկ այդ փայտի մնացորդներից պատրաստում է «աստված»՝ իր կուռքը, երկրպագում է նրան, ընկնում է նրա առաջ և աղոթում նրան ու ասում. «Փրկի՛ր ինձ, որովհետև դու իմ աստվածն ես»: (Սինոդական թարգ․)
   
   9-րդ համարից մինչև 17-րդ համարը ներառյալ թեմայի նոր բացահայտում է տրվում «a contrario»՝ «հակապատկերի ձևով», այսինքն՝ ժխտելու ճանապարհով ու խիստ դիպուկ և գեղարվեստական խոսքի միջոցով բացահայտվում է կուռքերի լիակատար աննշանությունն ու նրանց պաշտողների ծայրահեղ, նույնիսկ ծիծաղելի կուրությունը: Կոպիտ ասած՝ այս ենթաբաժինը ևս որևէ յուրահատուկ բան չի ներկայացնում, այլ միայն բովանդակում է առավել հետևողական ու ամբողջական զարգացումն ա՛յն կերպարների ու գաղափարների, որոնց մասին Եսայի մարգարեի կողմից արդեն իսկ խոսվել էր նաև նախկինում (Ես. 40:18-20, 41:6-7): Սակայն, ամեն դեպքում, չի կարելի չնշել, որ այստեղ Եսայի մարգարեն երբևէ ամենահամակարգված ու ամբողջական ձևով դատապարտում է կռապաշտությունը:

   Որպես այս ամբողջ հատվածի մեկնաբանություն՝ մենք մեզ թույլ ենք տալիս ներկայացնելու դրա վերափոխված տարբերակը՝ վերցված Հերոնիմոս Երանելու մեկնությունից:

   «Որովհետև ո՞վ կարող է հավատալ այն բանին, որ կացնով, սղոցով, դուրով կամ մուրճով «Աստված» է ստեղծվում: Կամ ո՞վ կհավատա այն բանին, որ ածուխի միջոցով «Աստված» է ձուլվում, կամ էլ որ մետաղալարի, բրիչի, շրջանակի  կամ կարկինի միջոցով հանկարծ «աստվածներ» են կերտվում՝ հատկապես այն դեպքում, երբ արհեստավորի սովն ու ծարավը մատնանշում են նրա ստեղծագործության ոչնչությունը: Որովհետև պատրաստվում է իրենից մարդու կերպարանք ներկայացնող փայտե արձան, որը որքան գեղեցիկ է լինում, այնքան «աստված» ավելի սուրբ է համարվում: Այն, որ երկար ժամանակ աճում էր անտառներում՝ իրենից ներկայացնելով ծառերի տարբեր տեսակներ՝ մայրի, հացենի, կաղնի կամ սոճի, տեղադրվում է տաճարի մեջ ու փակվում է հավերժական բանտում: Եվ զարմանալիորեն նրա կտորտանքներն ու բեկորները նետվում են կրակի մեջ, որպեսզի տաքացնեն նրան, ով «աստված» է ստեղծել, ինչպես նաև որպեսզի տարբեր տեսակի կերակուրներ եփեն դրանք այրելու միջոցով: Իսկ ահա այդ փայտի մյուս մասից էլ «աստված» է պատրաստվում, որպեսզի գործը վերջացնելուն պես այն ստեղծողը երկրպագի նրան ու օգնություն խնդրի իր իսկ ստեղծածից: Նա չի հասկանում կամ չի խորհում, իսկ ավելի ճիշտ, ո՛չ իր ֆիզիկական, ո՛չ էլ հոգևոր աչքերով չի տեսնում, որ ա՛յն բանը, որի մի մասն այրվել է, չի կարող «աստված» լինել, ու որ Աստվածային մեծությունը մարդկային ձեռքերի միջոցով չի ստեղծվում»:

   Իր մեկնաբանությունն ավարտելով՝ Հերոնիմոս Երանելին նշում է. «Մարգարեական այս խոսքում հանգամանորեն ծաղրուծանակի են ենթարկվում կուռքերը, և դա դյուրությամբ կարելի է հասկանա. այդ իրողությունը մանրամասն կամ, ավելի ճիշտ, ավելորդ բացատրություն չի պահանջում: Այս մասին նաև Ֆլակոսն է երգիծանքով գրում (Հորացիոս, I, 8, 1-4)՝ ծաղրելով հեթանոսների կուռքերը. «Մի ժամանակ ես կոճղ էի, ծառի անպետք մի կոճղ: Արհեստավորը երկար մտածեց, թե ես ինչ կարող եմ լինել՝ նստարա՞ն, թե՞ այլ բան: «Աստվա՛ծ կպատրաստեմ»,- ասաց նա։ Եվ, ահավասիկ, ես աստված եմ, ու այդ պահից սկսած ես վախեցնում եմ թռչուններին և գողերին» («Հերոնիմոս Երանելու ստեղծագործությունները», Կիև, 1882թ., էջ 199):

   Կուռքերին վերաբերող այս ծաղրանքը, որը լեցուն է խորապես կյանքից վերցված ճշմարտությամբ ու կազմված է գեղարվեստական սրամիտ ձևաչափով, նախատիպ է ծառայում ավելի ուշ շրջանում նաև աստվածաշնչյան հեղինակների (Եր. 10:2, 5, 14, Երեմիայի նամակը Բաբելոնի գերյալներին, 8-72-րդ համարներ, Իմաստ. Սող. 13:10-19, 14:14-17, 15:7-9), ինչպես նաև հինքրիստոնեական ջատագովների կողմից հնչեցվող նմանատիպ պախարակումների համար համար (տե՛ս, օրինակ, Արիստիդես Փիլիսոփայի՝ վերջերս հայտնաբերված ջատագովությունը):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Բոլոր նրանք, որ ստեղծում ու կերտում էին սնոտի աստուածներ, այն ժամանակ իսկ ոչնչութիւն էին: Նրանք այդ անում էին ըստ իրենց ցանկութեան, սակայն դրանք չեն օգնելու նրանց, քանզի ո՛չ տեսնում են եւ ո՛չ էլ ըմբռնում, եւ դուք էլ կարող էք վկայել այդ մասին:
(Արարատ թարգ․) Բոլոր կուռք շինողները դատարկ են, և նրանց ցանկալի գործերն անօգուտ բաներ են. իրենց վկաները չեն տեսնում և չեն իմանում, որ ամաչելու են։
(Գրաբար) որ ստեղծանէին եւ դրաւշէին զսնոտիսն. որ առնէին ըստ ցանկութեան իւրեանց, որք ոչ աւգնիցեն նոցա. եւ վկայք դուք էք նոցա, զի ոչ տեսանեն եւ ոչ իմանան: Զի ամաչեսցէ