Եսայու մարգարեության մեկնություն 49:14

Ա. Լոպուխին

«Բայց Սիոնն ասաց. «Տերն ինձ լքել է, և իմ Աստված ինձ մոռացել է»»։ [14] (Սինոդական թարգ․)
   
   «Բայց Սիոնն ասաց. «Տերն ինձ լքել է, և իմ Աստված ինձ մոռացել է»: Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը, չի՞ գթա իր որովայնի ծնունդին. բայց եթե նույնիսկ նա մոռանա իսկ, Ես, սակայն, քեզ չեմ մոռանա։ Ահա Ես Իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ քեզ, քո պարիսպներն Իմ դիմացն են միշտ: Քո զավակները կշտապեն քեզ մոտ, իսկ քեզ կործանողներն ու ավերողները կհեռանան քեզնից» - Այս տողերը բովանդակում են մարգարեի յուրահատուկ, քաջալերական խոսքերը, որոնք հասցեագրված են Սիոնին: Ըստ էության՝ այս խոսքերը ներկայացնում են հենց Նրա՝ Մեսիայի կողմից նախկինում ասված խոսքերի որոշակիորեն վերափոխված կրկնությունը (4-րդ համար): Ինչպես որ այնտեղ Մեսիան ողբում էր Իր ապագա առաքելության անպիտանության և, այսպես ասած, աննպատակայնության համար, այնպես էլ այստեղ ամբողջ ժողովուրդը, որի ներկայացուցիչն էր Մեսիան, անարդարացի բողոքներ է հեղում Աստծո կողմից իր մոռացվելու և լքվածության պատճառով: Եվ ինչպես որ այն ժամանակ Տերը փարատեց Իր Ծառայի բոլոր տեսակի տարակուսանքներն ու հուսահատությունը, ճիշտ նույն կերպ էլ Նա այժմ է պարզորոշ բացահայտում Սիոնի արտահայտած նմանատիպ վախերի՝ հիմնավորվածությունից ամբողջովին զուրկ լինելը:

   «Բայց Սիոնն ասաց. «Տերն ինձ լքել է, և իմ Աստված ինձ մոռացել է»» - Այս հատվածը համեմատելով իրեն ամենամոտ զուգահեռներից մեկի (Ես. 40:27) հետ՝ մենք լիովին իրավասու ենք այն վերագրելու Համեմատելով այս վայրը ամենամոտ զուգահեռներից մեկի հետ (Ես. 40:27), մենք բոլոր իրավունքներն ունենք այն վերագրելու պատմական Իսրայելին և Աստծո դեմ նրա այդ փոքրոգի տրտունջին, որը մեկ անգամ չէ, որ հնչել է այդ խստապարանոց և երախտամոռ ժողովրդի շուրթերից: Մի ժողովուրդ, որը մշտապես պատրաստ է իր բոլոր, թե՛ երևակայական և թե՛ իրական դժբախտությունների պատասխանատվությունն իր վրայից վերցնել և դնել մեկ ուրիշի, և հիմնականում՝ հենց Իր՝ Աստծո վրա:

   Այս դեպքում նույնպես Աստծո դեմ տրտնջացող Սիոնի անվան ներքո, ակնհայտորեն, դարձյալ պետք է տեսնել Իսրայելի միևնույն ժողովրդին՝ ի դեմս իսրայելացիների՝, մարգարեին ժամանակակից եղող սերնդին... Իսրայելի ժողովրդի ներկայացուցիչները, մի շարք պատմական դժվարությունների միջով անցնելով, լսելով մարգարեի սպառնալից ու մեղադրական խոսքերն ու չիրագործելով իրենց երկրային, կեղծ-մեսիական ծրագրերը, հուսահատության մեջ ընկան և, ինչպես սովորաբար լինում էր, տրտնջացին Աստծո դեմ այն բանի համար, թե իբր Նա լքել ու մոռացել է իրենց:

   Մարգարեն այս ամենն անպատասխան չի թողնում, սակայն նաև հմտորեն իր այդ պատասխանի մեջ խոսակցության նոր առարկա է ներմուծում. հին Սիոնի, այսինքն՝ մարմնական, պատմական Իսրայելից նա անցում է կատարում դեպի նոր, հոգևոր Սիոնը, այսինքն՝ դեպի Քրիստոսի Եկեղեցին, և սքանչելիորեն բացատրում է, որ այդ Եկեղեցին է ճշմարիտը և միակ արժանին Սիոն Աստծու համար, ու որ Տերն Իր ողորմությամբ երբևէ չի թողնի ու չի մոռանա նրան, այլ, ընդհակառակը, լայն տարածում և մեծ բարգավաճում կշնորհի Իր այդ Եկեղեցուն:

   «Հինկտակարանյան ժամանակաշրջանում Սիոնը կոչվում էր «Աստծո լեռ», որի վրա վեր էր խոյանում Տիրոջ կողմից օծված Բարձրյալի տաճարը (Գ Թագ. 8-9): Մարդկության հոգևոր կենտրոնակայանը Տիրոջը հավատարիմ եղողների համայնքի մեջ էր կենտրոնացած, և այդ հավատարիմ մարդիկ հավատքով ու հույսով ունկնդրում էին մարգարեներին, որոնք խոսում էին Էմմանուելի մասին: Ժողովրդի մեղքերը և տաճարի հանդեպ դրսևորվող շարունակական ​​անարգանքը (Եզեկ. 8:9-7, 10:11-23), ինչպես երևում է, երկրի վրա կործանեցին Սիոնը...Սակայն Եսայու մարգարեության հաջորդող խոսքերում մենք տեսնում ենք, որ Տերը կատարում է Իր կողմից ողջ մարդկությանը տրված խոստումները, և այդուհետև Սիոնի անունը փոխանցվում է բոլոր նրանց, ովքեր կանչում են Տիրոջ անունը (Հովել 2:28-32, Գործք. 2:21), որովհետև, ինչպես Պողոս առաքյալն է ասում բոլոր քրիստոնյաներին՝ «Բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին, երկնային Երուսաղեմին, հրեշտակների բյուրավոր բանակներին, երկնքում գրված անդրանիկների հանդիսավոր ժողովին»: (Եբր. 12:22-23, Վլաստով):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Բայց Սիոնն ասաց. «Տէրն ինձ թողեց, Աստուած ինձ մոռացաւ»:
(Արարատ թարգ․) Բայց Սիոնն ասաց. «Տերն ինձ լքել է, իմ Տերն ինձ մոռացել է»։
(Գրաբար) Բայց Սիովն ասաց. եթող զիս Տէր եւ մոռացաւ զիս Աստուած: