Ա. Լոպուխին
«Բարձրացրո՛ւ աչքերդ և նայի՛ր շուրջդ. նրանք բոլորը հավաքվում-գալիս են քեզ մոտ։ Կենդանի եմ Ես, - ասում է Տերը, - դու նրանց ամենքին էլ կրելու ես իբրև զարդ, և նրանցով զգեստավորվելու ես հարսի նման»։ [18] (Սինոդական թարգ․)
18-րդ համարից մինչև 21-րդ համարը ներառյալ այս բոլոր գաղափարներն էլ առավել մեծ արտահայտչականությամբ ու զորեղությամբ են զարգանում հնագույն Արևելքի ժողովուրդներին հատկապես հարազատ ու հասկանալի մի նոր, վեհաշուք պատկերով։ Նրանց, և հատկապես՝ հրեաների համար ավելի մեծ դժբախտություն չկար, քան անզավակությունն ու այրիությունն էին, և ընդհակառակը, չկար ավելի մեծ երջանկություն, քան բազմանդամ սերունդ թողնելը: Եվ ահավասիկ, Սիոնը, որը սկզբում ներկայացվում էր անզավակ այրու ողբալի դերում, այժմ պատկերված է ցնծացող հարսի կարգավիճակում, որն արդեն իսկ «ապահովված» է բազմաթիվ զավակներով, որոնք այնքան շատ են, որ նույնիսկ իրենց մոր մոտ նեղվածք է առաջանում։ Եվ այդ մայրն ինքն էլ զարմանում է, թե ինքը, որ բոլորովին վերջերս անզավակ, ամուլ ու բոլորի կողմից լքված էր, ինչպե՞ս հանկարծ այսպիսի մեծ ու արդեն հասուն ընտանիքի մայր դարձավ։
«Բարձրացրո՛ւ աչքերդ և նայի՛ր շուրջդ. նրանք բոլորը հավաքվում-գալիս են քեզ մոտ» - Սա մի ոգեշնչող, վսեմ-բանաստեղծական կոչ է, որը մեկ անգամ չէ, որ հանդիպում է Եսայի մարգարեի խոսքերում՝ հեթանոսներին Քրիստոսի Եկեղեցու գիրկը հրավիրելու կապակցությամբ (Ես. 9:4, 61:10): Իզուր չէ, որ այն զատկական նշանավոր երգերից մեկի կանոնի մաս է դարձել:
«Դու նրանց ամենքին էլ կրելու ես իբրև զարդ, և նրանցով զգեստավորվելու ես հարսի նման» - «Ամեն տեղից հավաքված Սիոնի զավակների մեծաքանակությունը, բազմազանությունն ու գեղեցկությունը նման են զարդարված հարսի ճոխությանը, սքանչելիությանն ու գեղեցկությանը: Սուրբ Գրքում շատ հաճախակի է հանդիպում, որ Եկեղեցին համեմատության մեջ է դրվում հարսի կերպարի հետ (Երգ Երգոց հմմտ. Եփ. 5:23-24):
Նոր Կտակարանում Քրիստոսի «հարս» է անվանվում ամբողջ Եկեղեցին, և ոչ թե նրա մի մասը (Բ Կորնթ. 11:2, Եփես. 5:29, 32, Հայտն. 21:2, 9, 22:17 և այլ տեղիներ):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Բարձրացրո՛ւ քո աչքերը, նայի՛ր շուրջդ եւ տե՛ս բոլորին. ահա հաւաքուել ու գալիս են դէպի քեզ: Կենդանի եմ ես, -ասում է Տէրը: Նրանց բոլորին պիտի հագնես ինչպէս պատմուճան, նրանց քո վրայ պիտի կրես ինչպէս հարսի զարդ:
(Արարատ թարգ․) Բարձրացրո՛ւ աչքերդ քո շուրջը և տե՛ս. բոլորը հավաքվում գալիս են քեզ մոտ։ Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- դու նրանց ամենքին էլ հագնելու ես իբրև զարդ և նրանցով գոտևորվելու ես հարսի նման։
(Գրաբար) Ամբարձ շուրջ զքեւ զաչս քո, եւ տես զամենեսին. զի ահաւասիկ ժողովեցան եւ եկին առ քեզ: կենդանի եմ ես ասէ Տէր. զի զամենեսին զնոսա իբրեւ զպատմուճան զգեցցիս, եւ արկցես զնոսա զքեւ իբրեւ զզարդ հարսին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: