Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Ահաւասիկ խելահաս պիտի դառնայ իմ ծառան, պիտի յառնի, բարձրանայ ու մեծապէս փառաւորուի:
Ահավասիկ իմ մանուկը 2: խելահաս պիտի դառնա:
Ոմանք Դանիելի, մյուսները՝ Զորաբաբելի, և ուրիշներ էլ ժողովրդի վերաբերյալ են կարծում այս խոսքը, մինչդեռ այն չի պատշաճում վերջիններիս վերաբերյալ ասված խոսքերի ոճին: Այլ բովանդակ խոսքն [իրապես] վերաբերում է մեր Տիրոջը: Հայր Աստված նրանմանուկ է անվանում ըստ տնօրինության, ըստ որի Նա ծառայի կերպարանք առավ, ինչպես ասում էլ էր. «Մեզ մանուկ ծնվեց, որդի տրվեց մեզ» (9։6), և թե՝ «Դու ես Իմ որդին, և Ես այսօր ծնեցի Քեզ» (Սաղմ. 2։7): Խելահաս պիտի դառնա, այսինքն՝ պիտի իմանա մարգարեների խոսքերը: Դարձյալ՝ խելահաս պիտի դառնա [խոսքը] հակառակ է նրանց, ովքեր Քրիստոսի մարդեղությունը մտքից զուրկ են համարում և ասում են, թե Որդին միայն մարմինն է առել, և ոչ թե նաև միտքը 3, ու այդպիսով մեր կատարյալ փրկությունը թերի են հռչակում, որովհետև ինչ որ առավ՝ թե՛ հոգին և թե՛ մարմինը, դրանցով էլ փրկեց մեզ: Մինչդեռ նրանց հերձվածի համաձայն, մյուս անգամ գալուց Բանը հոգի պիտի առնի ու այդժամ միայն պիտի փրկի հոգին: Արդ, ասում է՝ խելահաս է լինելու: Իսկ ինչպե՞ս պետք է խելահաս լինի, եթե միտք չունի: Չէ՞ որնաև Ավետարանն է ասում. «Աճում էր՝ լի իմաստությամբ» (Ղուկ. 2։40): Դարձյալ, խելահաս լինելը ցանկանալն է, այսինքն՝ Խաչը ելնելու պատրաստակամությունը, ինչպես ասում էլ էր. «Ցանկանալով ցանկացա այս զատիկը ուտել» (Ղուկ. 22։15): Ուստի թող չթվա, թե Քրիստոս ակամա ու պարտադրված է եկել դեպի Խաչը, այլ՝ հոժար կամքով: Այս պատճառով և Խաչը փառք է անվանում, քանի որ Խաչով պիտի բարձրանար և հույժ փառավորվեր: Նախ, երբ հրաշքների զորության ուղեկցությամբ Խաչ բարձրացավ, հույժ փառավորվեց, որպեսզի բոլոր ազգերը, այդ թվում՝ հեթանոսները, երկրպագեն Խաչյալին, ըստ այն խոսքի, որ ասում էր. «Երբ բարձրացնեք մարդու Որդուն, այն ժամանակ կիմանաք, թե Ես եմ» (Հովհ. 8։28): Այսինքն՝ Քրիստոսի Աստվածությունն այնժամ հայտնի դարձավ հրաշքներից, որոնք տեղի ունեցան խաչելության ժամանակ. լուսատուները խավարեցին, երկիրը ցնցվեց (Մատթ. 27։51, Ղուկ. 23։44), և այլն: Ու դարձյալ, թեպետ Խաչը պատճառ էր անարգության, մահվան և անեծքի, սակայն Նա փառքի, կյանքի և օրհնության առիթ դարձավ, ըստ այն խոսքի, թե՝ «Այնժամ Ես բոլորին կբարձրացնեմ» (Հովհ. 12։22), և թե՝ «Տնկակից եղանք Նրա մահվան նմանությամբ» (Հռոմ. 6։5), և թե՝ «Քրիստոս մեզ գնեց օրենքի անեծքից» (Գաղատ. 3։15), և այլն:
Ա. Լոպուխին
«Ահավասիկ, Իմ Ծառան կբարգավաճի, կմեծանա ու կբարձրացվի և կփառավորվի»։ [13] (Սինոդական թարգ․)
13-15-րդ համարներով սկսվում է ամբողջ հինկտակարանյան մարգարեությունների մեջ կարևորագույն և առավել ուշագրավ հատվածը՝ Եսայու մարգարեությունը Մեսիայի տառապանքների և փառաբանման մասին (Ես․ 52։13-53)։
«52-րդ գլխի ավարտը,- ըստ մի հատուկ մեկնաբանի արդարացի մեկնաբանության,- կարծես թե ամբողջ 53-րդ գլխի համառոտ ամփոփումն է ներկայացնում, որում քիչ խոսքերով պատկերվում է Աստծու Առաքյալի նվաստացումը և դրան հաջորդող սքանչելի փառաբանումը, որն արտահայտվում է թագավորների և ժողովուրդների հիացմունքի տեսքով» (Ի․ Գրիգորև, «Մեսիայի և Նրա արքայության մասին Եսայու մարգարեությունը», Կազան, 1902, էջ 203)։
Այս նոր մարգարեության տրամաբանական կապը նախորդ մարգարեության հետ միանգամայն պարզ է․ Իսրայելի և Երուսաղեմի պատմական ճակատագիրը որպես նախատիպ է ծառայում հենց Իր՝ Մեսիայի պատմության համար։ Ինչպես որ Իսրայելն ու նրա սուրբ քաղաքը սկզբում ծայրահեղ նվաստացման վիճակին ենթարկվեցին (մեկը՝ գերության մեջ, մյուսը՝ ավերակների տակ), սակայն այնուհետև, իրենց հաղորդված մարգարեության իմաստի համեմատ, պետք համաշխարհային համբավ և փառք ձեռք բերեն (9-10-րդ համարներ), այնպես էլ Մեսիան սկզբում պետք է ծայրահեղ նվաստացման ենթարկվի, իսկ հետո՝ մեծագույն փառաբանության արժանանա։
«Ահավասիկ, Իմ Ծառան կբարգավաճի, կմեծանա ու կբարձրացվի և կփառավորվի»։ Այս «Ծառան» այն նույն Անձն է, Որի մասին ամբողջ ընթացքում վերևում խոսվում էր, այսինքն՝ այդ Ծառան հենց Ինքը՝ Մեսիան էր (Ես․ 42։1, 49։1-3, 50։1-10, նաև հմմտ․ Զաք․ 3։8)։ Այս խոսքերը հենց այսպես էր հասկանում և մեկնաբանում հին հրեական և քրիստոնեական ամբողջ ավանդությունը (Ես․ 53-րդ գլխի ավարտը)։ «Կբարգավաճի» բառի փոխարեն Սեպտուագինտան և սլավոներեն թարգմանությունը այսպես են փոխադրում՝ «կհասկանա»։ Հոմանիշ բայերի ընտրության հարցում՝ «կմեծանա ու կբարձրացվի և կփառավորվի», մեկնաբանները Մեսիայի աստիճանական վերելքի մի ամբողջ աստիճանավորում են տեսնում, որը Մեսիային հետզհետե դեպի փառքի է բարձրացնում։ Դեռ ավելին, ոմանք բավականին սրամտորեն այս երեք հասկացությունների համապատասխանությամբ՝ naba, naschscha jadim, փառավորվածության երեք կարևորագույն հանգրվաններ են տարբերակում․ Մեսիայի հարությունը, Նրա երկինք համբարձումը և Հայր Աստծո աջ կողմում նստելը (Dillmann)։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ահաւասիկ խելահաս պիտի դառնայ իմ ծառան, պիտի յառնի, բարձրանայ ու մեծապէս փառաւորուի:
(Արարատ թարգ․) Ահավասիկ իմ ծառան կբարգավաճի, կմեծանա, կբարձրացվի և հույժ կփառավորվի։
(Գրաբար) Ահաւադիկ ի միտ առցէ մանուկ իմ. վերասցի եւ բարձրասցի եւ փառաւորեսցի յոյժ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: