Եսայու մարգարեության մեկնություն 52:14

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ինչպէս որ շատերը քեզ վրայ պիտի զարմանան, երբ անշքանա մարդկային քո տեսքը եւ քո փառքը, որ մարդկանց որդիներից է,
   
   Ինչպես շատերը Քեզ վրա պիտի զարմանան, երբ անշքանա Քո մարդկային տեսքը
   Զարմանալն այն էր, երբ մարդիկ ասում էին. «Իսրայելում այսպիսի մարդ երբեք չերևաց» (Մատթ. 9։33), և թե՝ «Հիրավի, սա Աստծո Որդի է» (Մատթ. 27։54): Այսինքն՝ ամենքը զարմանում էին՝ տեսնելով մեծամեծ հրաշքները, որոնք Հիսուս կատարում էր, և լսելով իմաստուն խոսքերը, որոնք Նա խոսում էր, քանզի հիանում էին այն շնորհալի խոսքերով, որոնք ելնում էին Փրկչի շուրթերից: Իսկ կանշքանա Քո մարդկային տեսքը խոսքը նշանակում է, որ Նրա կերպարանքը անարգվելու է, սակայն ո՛չ Աստծո և աստվածային մարդկանց կողմից (Մատթ. 17։5): Չէ՞ որ Սիմեոն ծերունին աղերսում էր կյանքի ու մահվան Տիրոջը (Ղուկ. 2։25-32), իսկ Հովհաննեսը՝ աշխարհի մեղքերը վերացնողին (Հովհ. 1։29): Ուրեմն ումի՞ց անարգվեց Քրիստոս. ա՛յն մարդկանցից,- ասում է,- որոնք միայն մարմնասեր մարդիկ էին: Արդ, նախ ա՛յն էր անարգությունը, որ ասում էին. «Սա հյուսնի որդի է», և Նրան սամարացի ու մոլեգնոտ էին անվանում (Մատթ. 13։55, Հովհ. 8։48):

   Երկրորդ՝ անարգում էին, որովհետև Նրան տեսնում էին աղքատ կերպարանքով՝ զուրկ մարմնական ճոխությունից, որը հատուկ էր աշխարհի բռնակալներին:

   Երրորդ՝ Նա անշուք էր մարմնի կերպարանքով, բայց ոչ թե՝ տգեղ էր դեմքով, սակայն, այնուամենայնիվ, Աստվածության հետ համեմատած անշուք էր մարմնի կերպարանքը:

   Չորրորդ՝ դարձյալ Նրա անշուք կերպարանքի մասին է խոսում, քանի որ Նա այդպիսին էր համաձայն Աստվածության, որովհետև Տերը ծառա դարձավ, և Արարիչը՝ արարած: Հինգերորդ՝ անշքացած կոչվում, քանի որ Խաչի վրա մերկացած, գանակոծված, ապտակված, թքված, նախատված, բևեռված ու մինչև իսկ մեռած էր: Սակայն անարգության մեջ տե՛ս մեծասքանչ զորությունը, որ դրսևորվում էր հրաշքների միջոցով, որոնք էին. արեգակի խավարելը, ժայռերի պատռվելը, երկրի ցնցվելը, գերեզմանների բացվելը և այլն: Եվ եթե անարգության ժամանակ Նա զորությամբ այնքան ահավոր էր, որքա՜ն ավելի սարսափելի կլինի, երբ գա Հոր փառքով, ահեղ ու սաստիկ զորությամբ՝ դատելու աշխարհը: Ոմանք էլ «անշքանալու» վերաբերյալ մարգարեությունը մեկնաբանում են հետևյալ կերպ, ըստ որի այլափոխվելու է Նրա տեսքը մարդկանց մեջ, ինչպես որ եղավ այն ժամանակ, երբ Քրիստոս այլակերպվեց Թաբոր լեռան վրա, կամ էլ Փրկիչը մշտապես այլակերպելու է ավազանով ծնվածներին՝ ի կերպ Աստծո որդեգրության դարձնելով:
   

Ա. Լոպուխին

«Ինչպե՜ս էին շատերը զարմանում Քեզ վրա նայելիս․ որքա՜ն խեղաթյուրված էր Նրա դեմքը՝ ավելի շատ, քան որևէ այլ մարդու դեմքը, և Նրա տեսքը՝ ավելի շատ, քան մարդկանց որդիների տեսքը»։ [14] (Սինոդական թարգ․)
   
   Համեմատության մեջ դիտարկելով՝ կտեսնենք, որ 14-րդ համարը «προτασις» (բարձրացում) է ենթադրում, իսկ 15-րդ համարը՝ «αποδοσις» (անկում)։ Այս համատեքստի թեման տրամաբանորեն ծավալվում Նրա՛ շուրջ, Ում մասին նախորդ համարում Տերն ասում էր՝ «Իմ Ծառան»։ Այստեղ՝ մարգարեության այս հատվածում, մարդկության գիտակցության մեջ առավել որոշակիորեն է բացահայտվում Մեսիայի վսեմացման մասին 13-րդ համարի գաղափարը։ Այսպիսի վսեմացման աստիճանը ուղիղ համեմատական է Աստծո Որդու Անձի հանդեպ մարդկության կողմից դրսևորված զարմացումի աստիճանին ժամանակային ա՛յն համատքստում, երբ մարդիկ տեսնում էին Աստվածորդու նվաստացումը։

   «Ինչպե՜ս էին շատերը զարմանում․․․» - Իսկապես որ, ծայրաստիճան նվաստացման և մինչև անգամ խայտառակ մահվան վիճակը, որը հանուն մեր փրկության Մեսիան կամավորաբար հանձն առավ կրել Իր վրա, շատերի համար փորձության և գայթակղության հիմնական քարը հանդիսացավ, որովհետև այն չափազանց հեռու էր Մեսիայի և Նրա թագավորության մասին լայնընդարձակ-զգացական պատկերացումներից (Ես․ 8։14, Ղուկ․ 2։34)։ Որպես այս համարի զուգահեռ հատված անկարելի չմատնանշել Եսայու 50-րդ գլխի 6-րդ համարը, ինչպես նաև 53-րդի գլխի սկզբնահատվածը՝ 2-9-րդ համարները։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ինչպէս որ շատերը քեզ վրայ պիտի զարմանան, երբ անշքանա մարդկային քո տեսքը եւ քո փառքը, որ մարդկանց որդիներից է,
(Արարատ թարգ․) Ինչպես որ շատերն ապշեցին քեզ վրա (այնպե՜ս խաթարված էր նրա դեմքը և տարբերվում էր մարդու դեմքից, նաև նրա կերպարանքը՝ մարդու որդիների կերպարանքից),
(Գրաբար) Զոր աւրինակ զարմասցին բազումք ի վերայ քո, այնպէս անշքեսցի տեսիլ քո ի մարդկանէ, եւ փառք քո յորդւոց ի մարդկանէ: