Եսայու մարգարեության մեկնություն 6։5

Ա. Լոպուխին

Եվ ես ասացի. «Վա՜յ ինձ, ես կործանվեցի, քանի որ ես անմաքուր շուրթերով մի մարդ եմ ու ապրում եմ նույնպիսի պղծաշուրթ ժողովրդի մեջ, և իմ աչքերը տեսան Թագավորին՝ Զորությունների Տիրոջը»: (Սինոդական թարգ․) [5]
   
   5-7 համարներ: Մարգարեն, լսելով սերովբեների երգեցողությունը, տեսնելով դղրդացող դռները և զգալով խնկարկության ծխի բուրմունքը, ընկնում է մահացու վախի մեջ: Նա տեսնում է այն, ինչը տեսնելուն մահականացու մարդու աչքերն անարժան են, այն, ինչի պատկերը մեղավոր մարդն ի զորու չէ տանել: Եսային առանձնահատուկ դառնությամբ է զգում անմաքրությունն իր շուրթերի, որոնք չէին կարող ձայնակցել սերովբեների փառաբանողական երգերին: Այդ իսկ պատճառով էլ ամեն բանից առաջ նրա շուրթերը մաքրվում են զոհասեղանից վերցված սրբազան կրակով: Սակայն բացի այդ, հատկապես շուրթե՛րն են մաքրվում, քանի որ Եսային հենց շուրթերով պետք է ծառայեր Աստծուն:

   Մեղավոր մարդու՝ Աստծո հետ հանդիպումից վախը ներթափանցում է բոլոր կրոնների մեջ: Հակոբը, որ գիշերը մարտնչում էր Աստծո դեմ, հիացմունքով ասում է, որ դեմ առ դեմ տեսել է Աստծո դեմքը և, չնայած այդ ամենին, նրա հոգին «փրկվել» է, նա ողջ է մնացել (Ծննդ. 32:30 հմմտ. Ես. 33:20): «Փրկի՛ր մեզ,- ասում է Օբիդիոսը՝ Պալեսնին ուղղված իր աղոթքի մեջ,- Դրիադին դեմ առ դեմ տեսնելուց, լողացող Դիանային առերեսվելուց կամ Ֆավնային տեսնելուց, երբ նա օրը ցերեկով անցնելիս կլինի դաշտերի միջով» (Fasti. IV, 761): Սեմելայի մահկանացու մարմինը չկարողացավ դիմանալ Յուպիտերի ներկայությանը և այրվեց, ինչպես որ հաղորդում է նույն հեղինակը:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Եւ ես ասում եմ. «Վա՜յ ինձ. ես մի տառապած մարդ եմ. ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ եւ պղծաշուրթ ժողովրդի մէջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսայ Զօրութիւնների Տիրոջը»:
(Արարատ թարգ․) Ես ասացի. «Վա՜յ ինձ, ես կորած եմ, որովհետև ես պիղծ շուրթերով մի մարդ եմ, պղծաշուրթ մի ժողովրդի մեջ եմ բնակվում, և իմ աչքերը տեսան Թագավորին՝ Զորությունների Տիրոջը»։
(Գրաբար) Եւ ասեմ. Վա՛յ է ինձ՝ ես ա՛յր տառապեալ զիա՞րդ կա՛մս, հիացեալ. զի մարդ եմ՝ և պի՛ղծ շրթունս ունիմ, և ՚ի մէջ պղծաշուրթն ժողովրդեան բնակեալ եմ ես. և զՏէր զօրութեանց տեսի աչօք իմովք: