Եսայու մարգարեության մեկնություն 66:10

Ա. Լոպուխին

10-11․ «Ուրախացե՛ք Երուսաղեմի հետ և ցնծացե՛ք նրա համար, դուք՝ բոլորդ, որ սիրում եք նրան. ուրախացե՛ք նրա հետ ցնծությամբ, դուք՝ բոլորդ, որ սգում էիք նրա համար»: [10] «Որպեսզի սնվեք ու հագենաք նրա մխիթարող ստինքներից, խմեք և վայելեք նրա փառքի առատությունը»: (Սինոդական թարգ․)
   
   «Ուրախացե՛ք Երուսաղեմի հետ…դուք՝ բոլորդ, որ սգում էիք նրա համար․․․»: Բարեկարգված Սիոնի, այսինքն՝ Քրիստոսի Եկեղեցու այս հոգևոր ուրախության մասին Եսայի մարգարեն բազմաթիվ անգամներ ամենակենդանի պատկերներով խոսել է նաև նախկինում (Ես. 49:12-18, 61:2-3, 65:18 և այլ տեղիներ): Այս պարագայում մարգարեն հարկ է համարում կրկին հիշեցնել այդ մասին, որպեսզի առավել իրական մխիթարություն շնորհի Իսրայելի հավատարիմ զավակներին, որոնք, հասկանալի կերպով, վշտի մեջ էին գտնվում՝ ենթարկվելով ամեն տեսակի ծաղրուծանակի և ուղղակի հալածանքների (5-րդ համար): Միանշանակ այդ նպատակին է միտված նաև սույն գլխի հաջորդող համատեքստը (13-14-րդ համարներ):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ուրախացի՛ր, Երուսաղէ՛մ, եւ դուք էլ հաւաքուեցէ՛ք, որպէսզի ցնծաք նրա մէջ. ամէնքդ էլ, որ սիրում էք նրան եւ սուգ էք մտել նրա համար, խնդացէ՛ք եւ ուրախացէ՛ք միասին:
(Արարատ թարգ․) Ուրախացե՛ք Երուսաղեմի հետ, ցնծացե՛ք նրա համար, դուք՝ բոլորդ, որ սիրում եք նրան. ուրախացե՛ք նրա հետ ցնծությամբ, ո՛վ դուք՝ բոլորդ, որ սգում էիք նրա համար։
(Գրաբար) Ուրախ լեր Երուսաղէմ, եւ ժողովեցարուք առնել տաւն ի դմա. ամենեքեան ոյք սիրէք զդա, խնդացէք եւ ուրախ լերուք ի միասին որ նստէիք ի սուգ վասն դորա: