Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Չէ՞ որ այդ ամէնն իմ ձեռքը պատրաստեց, եւ ամէն ինչ իմն է, -ասում է Տէրը. - ու ես ո՞ւմ եմ նայելու, եթէ ոչ հեզերին ու խոնարհներին եւ նրանց, ովքեր դողում են իմ խօսքից:
Ես ո՞ւմ վրա հանգչեմ, եթե ոչ՝ հեզերի և խոնարհների ու նրանց, ովքեր դողում են Իմ խոսքերից։
Տե՛ս, որ հեզերի ու խոնարհների սրտերը բարձր են երկնքից ու վեր են տաճարներից, և ովքեր պատկառում են Նրա խոսքերից, այսինքն՝ կատարում են Տիրոջ պատվերները, նրանք Աստծո բնակարանն են, ըստ այս խոսքի. «Նրա մոտ կօթևանենք» (Հովհ. 14։23): Եվ ովքե՞ր են, որ դողում են Նրա խոսքերից. նրա՛նք, ովքեր խոնարհ են հոգով ու հեզ՝ բարքով, և սուրբ են սրտով՝ զերծ մեղքերի աղտերից, որովհետև ասում է. «Նրանք տեսնելու են Աստծուն» (Մատթ. 5։8):
«Քանի որ այդ բոլորը Իմ ձեռքն է արել և այդ բոլորը եղել են», - ասում է Տերը, - «Եվ ահա թե ես ո՛ւմ եմ հայում՝ խոնարհ ու կոտրված հոգի ունեցողին և Իմ խոսքից դողացողին»: [2] (Սինոդական թարգ․)
«Եվ ահա թե ես ո՛ւմ եմ հայում՝ խոնարհ ու կոտրված հոգի ունեցողին և Իմ խոսքից դողացողին» - Սա Եսայի մարգարեի գրքի ու, առհասարակ, ամբողջ Հին Կտակարանի ամենակարևոր հատվածներից մեկն է. սա հստակ կերպով նշում է «էթնիկ մոնոթեիզմի» (ազգային միաստվածության) այն բարձունքը, որին հասնում էին աստվածաշնչյան մարգարեական դասի լավագույն ներկայացուցիչները: Այստեղից հստակ կերպով երևում է, որ Տերը մարդու մեջ փնտրում է ոչ թե արտաքին, շատ հաճախ մեխանիկական կերպով ծիսական այս կամ այն գործողությունների իրականացում, այլ ներքին խորը համոզում խոնարհաբար մեղքերի թողություն խնդրելու և Նրա Աստվածային կամքին երախտագիտորեն հնազանդվելու համար: Այս մի քանի բառերով Եսայի մարգարեն զորեղ և դիպուկ շեշտադրությամբ նկարագրում է պարծենկոտ ծիսակատարությունների հակադրությունը խոնարհաբար սեփական մեղքերն ընդունելու համարձակության հետ։ Այդ նույն երևույթը հետագայում ավելի պատկերավոր ու մանրամասնորեն նկարագրում է Ինքը՝ Տերը, պատմելով փարիսեցու և մաքսավորի մասին նշանավոր առակը (Ղուկ. 18:9-14): Ինչպես որ մի ժամանակ հպարտությունն ու եսասիրությունը պատճառ դարձան մարդկանց մեղսագործության և անկման համար ու մարդուն վանեցին Աստծուց (Ծննդ. 3:5-6), այդպես էլ այժմ միայն խոնարհությունը, ապաշխարությունն ու մեղքերի համար ներում հայցելը կարող են դարձյալ դեպի մարդիկ դարձնել Աստվածային ողորմությունն ու նրանց միավորել Աստծո հետ: Այս բոլոր հոգեվիճակներն ու գաղափարներն իրենց զուհագեռներն ունեն ինչպես նույն Եսայի մարգարեի գրքի տարբեր հատվածներում, այնպես էլ այլ մարգարեների գրվածքներում ու, հատկապես, Սաղմոսերգուի շարադրանքում (Ես․ 30:19, 64:5-6, Սաղմ. 50):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․)Չէ՞ որ այդ ամէնն իմ ձեռքը պատրաստեց, եւ ամէն ինչ իմն է, -ասում է Տէրը. - ու ես ո՞ւմ եմ նայելու, եթէ ոչ հեզերին ու խոնարհներին եւ նրանց, ովքեր դողում են իմ խօսքից:
(Արարատ թարգ․) Այդ բոլորը իմ ձեռքն է արել, և այդ բոլորը եղել են,- ասում է Տերը։- Ահա թե ես ո՛ւմ եմ հայում՝ խոնարհին, կոտրած հոգի ունեցողին և իմ խոսքից դողացողին։
(Գրաբար) զի զայս ամենայն ձեռն իմ արար, եւ իմ է ամենայն ասէ Տէր: Եւ ես յո՞ հայեցայց, եթէ ոչ ի հեզս եւ ի խոնարհս, եւ որ դողան ի բանից իմոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: