Եսայու մարգարեության մեկնություն 66:22

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ինչպէս որ նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես եմ ստեղծում, մնալու են իմ առաջ, -ասում է Տէրը, - այդպէս մնալու է եւ ձեր սերունդը:
   
   Ինչպես օրինակ նոր երկինք է և նոր երկիր։

   Ինչպես անապատում՝ առաջին ելքի ժամանակ, երկնքից ու երկրից իջածհրաշալի պարգևներով նոր կյանք շնորհեց նրանց, նույնն անել է խոստանում նաև այս դարձի ժամանակ: Որովհետև Բաբելոնից վերադառնալիս նոր երկինք եղավ, այսինքն՝ նոր փրկություն, որը կատարվում էր Երկնայինի կամքով, և զանազան խոստումներով նոր երկիր հաստատվեց և նրանց համար նյութեղեն փոփոխություններ եղան:
   

Ա. Լոպուխին

«Որովհետև ինչպես որ այն նոր երկինքն ու նոր երկիրը, որ Ես ստեղծելու եմ, միշտ Իմ առջև են լինելու,- ասում է Տերը,- այդպես էլ պիտի լինեն ձեր սերունդն ու ձեր անունը»: [22] (Սինոդական թարգ․)
   
   «Որովհետև ինչպես որ այն նոր երկինքն ու նոր երկիրը, որ Ես ստեղծելու եմ, միշտ Իմ առջև են լինելու․․․     այդպես էլ պիտի լինեն ձեր սերունդն ու ձեր անունը»:

   Նորկտակարանյան Եկեղեցու կյանքի նոր պայմանները, որոնց պարագայում վերանալու են հրեա ժողովրդի նախկին արտոնություններից շատերը, և որոնք (կյանքի նոր պայմանները), կարծես թե, թարմացնելու են անգամ երկրի երեսը (Ես․ 65:17), կարող էին հուսահատության ոգի ներարկել հրեաների մեջ ու կասկած գցել Աստվածային այն խոստումերի իրականացման վերաբերյալ, որոնք տրվել էին հրեաների նախահայրերին: Սակայն Տերը հանդիսավոր կերպով վստահեցնում է, որ այդ բոլոր զգուշավորություններն ու վախերը որևէ իրական պատճառ չունեն. Տիրոջ ընտրյալ ժողովուրդը՝ ի դեմս նրա ներկայացուցիչների, մշտապես կմնա Աստծո հատուկ նախախնամական հոգածության առարկան (Ես․ 48:19 և 53:2): Ոչ թե Իսրայելն է պատվաստվելու հեթանոսական ծառի բնին, այլ հեթանոսները, որպես վայրի ձիթենի, պատվաստվելու են Աստծո ժողովրդին (Ես․ 48:19, Երեմ. 31:36, 33:25 և այլ տեղիներ, հմմտ. Հռոմ. 11:17):
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Ինչպէս որ նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես եմ ստեղծում, մնալու են իմ առաջ, -ասում է Տէրը, - այդպէս մնալու է եւ ձեր սերունդը:
(Արարատ թարգ․) որովհետև ինչպես որ այն նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես ստեղծելու եմ, պիտի գոյատևեն իմ առաջ,- ասում է Տերը,- այդպես էլ պիտի գոյատևեն ձեր սերունդն ու ձեր անունը։
(Գրաբար) Զոր աւրինակ երկինք նոր` եւ երկիր, նոր զոր եսն առնեմ կալ առաջի իմ, ասէ Տէր. նոյնպէս կացցէ զաւակն ձեր: