Եսայու մարգարեության մեկնություն 65:17

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Քանի որ նոր երկինք ու նոր երկիր պիտի ստեղծեմ, առաջուաններն այլեւս չպիտի յիշեն եւ այլեւս իրենց միտքը չպիտի բերեն:
   
   Լինելու են նոր երկինք ու նոր երկիր։

   Նախ՝ իսրայելացիների դարձի ժամանակ նոր երկինք եղավ՝ ցողով, ու նոր երկիր՝ արմատներով:

   Երկրորդ՝ հավատացյալներով նորոգվեց երկիրը. նախ՝ կույսերի ու սրբերի միջոցով, որոնք ապրեցին այս երկրում և, գտնելով ճշմարտությունը, անարգեցին ամեն տեսակ մոլորություն:
   Երրորդ՝ նոր երկինք ու նոր երկիր եղավ մեղքերի քարոզությամբ:
   Չորրորդ՝ որովհետև մարդկությունը ընդունեց Սուրբ Հոգին:
   Հինգերորդ՝ սուրբ Մարմնի և Արյան ճաշակումը շնորհվեց երկրավորներին, իսկ նոր երկինքը երկնավորների ուրախությունն է սրանց դարձի համար, նաև՝ հոգևոր բարիքների խոստումը:

   Երրորդ՝ դա լինելու է վախճանին, ինչպես ասում է Պետրոսն իր Ընդհանրական նամակում. «Նոր երկինք ու նոր երկիր է լինելու» (Բ Պետ. 3։13), այսինքն՝ ազատվելու են ապականության ծառայությունից (Հռոմ. 8։21),- ինչպես ասում է Պողոսը,- որովհետև երկինքը դադարելու է շարժվել, իսկ լուսատուները այլևս չեն նվազելու, և երկիրն էլ նորոգվելու է գարշ թանձրությունից ու ապականությունից:

   Չորրորդ՝ Ողջերի բնակության համար նոր երկիր է լինելու, և նոր երկինք, ուր՝ մինչև երրորդ երկինք, հափշտակվեց Պողոսը 2:
   

Ա. Լոպուխին

«Քանի որ, ահա՛, Ես ստեղծում եմ նոր երկինք և նոր երկիր, ու նախկին բաներն այլևս չպիտի հիշվեն և ոչ մեկի սրտում տեղ չպիտի գտնեն»: [17] (Սինոդական թարգ․)
   
   «Քանի որ, ահա՛, ստեղծում եմ նոր երկինք և նոր երկիր, ու նախկին բաներն այլևս չպիտի հիշվեն և ոչ մեկի սրտում տեղ չպիտի գտնեն: Իսկ դուք հավիտյան ուրախանալու և ցնծալու եք ա՛յն ամենի համար, ինչ որ Ես ստեղծում եմ. քանզի ահա Ես ստեղծում եմ Երուսաղեմն իբրև բերկրանք և նրա ժողովրդին՝ իբրև ուրախություն։ Եվ Ես պիտի ցնծամ Երուսաղեմով և ուրախանամ Իմ ժողովրդով, ու նրա մեջ այլևս չպիտի լսվի ո՛չ լացի ձայն և ո՛չ էլ ողբի ձայն: Այնտեղ այլևս չպիտի լինի նորածին կամ ծեր, որը որ չի հասնի իր օրերի լրումին, քանի որ հարյուր տարեկանը մահանալու է որպես երիտասարդ, բայց հարյուրամյա մեղավորն անիծվելու է: Եվ տներ եմ կառուցելու ու բնակվելու եմ այնտեղ, և խաղողի այգիներ եմ տնկելու և ուտելու եմ դրանց պտուղները: Չեն կառուցելու, որպեսզի ուրիշը բնակվի ապրի, չեն տնկելու, որպեսզի ուրիշ մեկն ուտի, որովհետև Իմ ժողովրդի օրերը լինելու են ծառի օրերի նման, և Իմ ընտրյալները երկար ժամանակ օգտվելու են իրենց ձեռքերի ստեղծածներից: Զուր տեղը չպիտի չարչարվեն ու զավակներին ցավով չպիտի ծնեն, որովհետև լինելու են Տիրոջ կողմից օրհնված սերմեր, ու նրանց սերունդներն էլ՝ նրանց հետ: Եվ այնպես պիտի լինի, որ նրանք դեռ չկանչած՝ Ես պիտի պատասխանեմ, և նրանք խոսելուց դեռ չդադարած՝ Ես արդեն պիտի լսեմ: Գայլն ու գառը միասին պիտի արածեն, և առյուծը, ինչպես եզը, հարդ պիտի ուտի, օձը հող պիտի ուտի իբրև կերակուր. նրանք չպիտի չարիք պատճառեն և չպիտի վնաս հասցնեն Իմ ամբողջ սուրբ լեռան վրա», - ասում է Տերը» - Սա Իսրայելի նախորդող աղոթքին ի պատասխան Տիրոջ կողմից տրված պատասխանի վերջին հատվածն է: Ամբարիշտ մեղավորների հանդեպ Աստծո արդար դատաստանի հռչակումից հետո խոսքի այս հատվածն ուրախալի հույս է ներշնչում Մեսիական թագավորության երանելի վիճակի մասին: Իր բովանդակությամբ և բնույթով այն վերաբերում է մեսիական փառավոր ժամանակների մասին հռչակող մարգարեությունների շարքին ու հատկապես սերտորեն հարում է դրանցից մի քանիսին (Ես. 2:1-4, 11:6-9, 25:6-9, 35:1-10, 40:3-5, 55:1-5, 58:11, 59:21): Դեռևս նախորդ (16-րդ) համարում արդեն իսկ խոսվում էր տառապանքների ու վշտերի դադարեցման մասին: Իսկ այժմ հայտարարվում է նոր իրապայմանների հռչակման մասին լուրը, որը հաստատվելու է Մեսիական գալիք թագավորությունում: Իր միտքն արտահայտելով շատ վառ, խորհրդանշական պատկերներով՝ մարգարեն այժմ խոսում է նոր երկնքի ու նոր երկրի արարման (17-րդ համար), համընդհանուր ուրախության ու երջանկության մասին, լացի և ողբի բացակայության (18-րդ համար), տարիքի հետ առաջ եկող բոլոր հիվանդությունների վերացման (20-րդ համար), մարդկային ձեռքի աշխատանքի արդյունք հանդիսացող պտուղները խաղաղությամբ ճաշակելու (21-23-րդ համարներ), աստվածային օգնության մշտական մերձավորության (24-րդ համար), ինչպես նաև մնացյալ, կենդանական ամբողջ աշխարհում համապատասխան արմատական փոփոխությունների մասին (25-րդ համար):

   «Քանի որ, ահա՛, Ես ստեղծում եմ նոր երկինք և նոր երկիր…» - Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս մարգարեության խոսքերը գրեթե բառացիորեն և էլ ավելի մանրամասն զարգացումներով կրկնվում են նորկտակարանյան մի շարք զուգահեռ հատվածներում (տեʹս Բ Պետ. 3:10, 13; Հայտ. 21:1-4), որոնք, անկասկած, պատմական բնույթ ունեն, այլ ոչ թե իրենցից ներկայացնում են որևէ պոետիկ փոխաբերություն՝ ուղղափառ մեկնաբանների մեծամասնությունը գտնում է, որ սույն մարգարեության ամբողջական ու վերջնական իրականացումը տեղի է ունենալու Տիրոջ երկրորդ, փառավոր Գալստյան ժամանակ: Սակայն քանի որ Մեսիայի առաջին Գալուստը, որքանով որ հայտնի է, կապված է երկրորդի հետ, ապա այստեղ, բնականաբար, խոսք է գնում նաև առաջինի՛ մասին, մանավանդ որ ժամանակագրական առումով այն ավելի մոտ էր մարգարեի ապրած ժամանակահատվածին: Այս պարագայում մեսիական առաջին Գալստյան առնչությամբ այս խոսքերը ստանում են բարոյական իմաստ, իսկ ահա երկրորդի վերաբերությամբ կիրառվելիս պահպանում են իրենց «ֆիզիկական» իմաստը:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Քանի որ նոր երկինք ու նոր երկիր պիտի ստեղծեմ, առաջուաններն այլեւս չպիտի յիշեն եւ այլեւս իրենց միտքը չպիտի բերեն:
(Արարատ թարգ․) Ահա ես ստեղծում եմ նոր երկինք և նոր երկիր, նախկին բաները չպիտի հիշվեն և մտաբերվեն։
(Գրաբար) Զի եղիցին երկինք նոր եւ երկիր նոր, եւ ոչ եւս յիշեսցեն զառաջինսն. եւ ոչ եւս անկցի ի սիրտս նոցա: