ԵՐԵԽԱՅԻՑ (ՉՄԿՐՏՎԱԾՆԵՐԻ) ՊԱՏԱՐԱԳ

Երբ արդեն քահանան բարձրացել է Ս. Սեղանի առջև, դպիրների շարականը վերջանում է, և սարկավագի «Օրհնեա՛, Տէր»-ին ժամարարը պատասխանում է.

   «Օրհնեալ թագաւորութիւնն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ, եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն»: (Օրհնյալ լինի Հոր և Որդու և Սուրբ Հոգու թագավորությունը. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն):

Այս  վայրկյանից  սկիզբ  է  առնում  Ս.  Պատարագի  առաջին  մասը,  որ  կոչվում  է «Երեխայից պատարագ»:

Դպիրները հավուր պատշաճի ժամամուտ են երգում, որից հետո սարկավագը կրկին բարձր     ձայնով,     քահանային     դարձած` խնդրանքի  շեշտով  ասում  է.  «Օրհնեա՛, Տէր»:  Դրանից  հետո  սարկավագը  շատ  անգամներ պիտի կրկնի սույն «Օրհնեա՛, Տէր»-ը: Ամեն անգամ, երբ քահանան բարձրաձայն ասելու աղոթք ունենա, նախապես սարկավագն է, որ նրան պիտի դիմի «Օրհնեա՛, Տէր»-ով: Ի՞նչ իմաստ ունի, ուրեմն, սարկավագի «Օրհնեա՛, Տէր»-ը:

Արդեն ասացինք, որ ժամարար կամ պատարագիչ քահանան Քրիստոսի ներկայությունն է խորհրդանշում: Ինչպես որ Քրիստոս մարդկանց մեղքերի համար միջնորդ եղավ Աստուծո առաջ և աղոթեց այդ մեղքերի թողության և հոգիների փրկության  համար,  այնպես  էլ  Ս.  Խորանի առջև կանգնած պատարագիչը, իբրև թե երկինք բարձրացած լինի, Աստուծո առաջ բարեխոսում է եկեղեցու մեջ եղող ժողովրդի համար: Իսկ սարկավագը, որ ինքն էլ իր կարգին միջնորդ է քահանայի և ժողովրդի միջև ու նաև` ժողովուրդը առաջնորդող ուսուցիչ, իբրև այդպիսին, ուրեմն, ժողովրդի պաղատանքների  թարգմանն  է  հանդիսանում:  Ահա, ուրեմն, բոլոր այդ խնդրանքներին ընթացք  տալով`  սարկավագը  իր  ձայնով  քահանային լսելի է դարձնում այդ խնդրանքները,  երկրից  դեպի  երկինք  ուղղված  մի  ձայն, որ աղերսում է… «Օրհնեա՛, Տէր»: Սարկավագը ուզում է ասել պատարագիչ քահանային. «Տեր,  դու,  որ  այս  պահին  Քրիստոսի ներկայությունն ես խորհրդանշում, օրհնիր մեզ և մեր աղոթքները ներկայացրու Աստուծո առաջ»:

Քահանան  լսում  է  սարկավագի  ձայնը  և տալիս իր օրհնությունը. «Օրհնութիւն եւ փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն»: Եվ ապա հուզիչ ձայնով   ավելացնում.   «Խաղաղութիւն  ամենեցուն»-ը:

Ժողովուրդը (դպիրները) հասկանալով, որ իր խնդրանքը ընդունվեց և սարկավագի կողմից խնդրված օրհնությունը տրվեց իրեն, գոհունակությամբ պատասխանում է. «Եւ ընդ հոգւոյդ քում»    (Եվ քո հոգու համար):

Սարկավագը  ավելացնում  է. «Աստուծոյ երկրպագեսցուք» (Աստուծո երկրպագենք):

Իսկ ժողովուրդը ամբողջացնում է միտքը. «Առաջի քո, Տէր»   ասելով,   այսինքն`   Տեր, քո  առջև  ենք  երկրպագում:

Որպես հետևանք սարկավագի և ժողովորդի խնդրանքի, այժմ քահանան աղոթում է  այս  խոսքերով. «Տէր Աստուած մեր, որոյ կարողութիւնդ անքնին է եւ փառքդ անհասանելի, որոյ ողորմութիւնդ անչափ է գթութիւնդ անբաւ: Դու ըստ առատ մարդասիրութեանդ քում նայեա՛ց ի ժողովուրդս քո եւ ի տաճարս յայս սուրբ: Եւ արա՛ ընդ մեզ եւ ընդ աղօթակիցս մեր առատապէս զողորմութիւն քո եւ զգթութիւն: Զի քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ. եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն»:  (Տեր Աստված մեր, կարողությունդ անքննելի է և փառքդ անիմանալի, ողորմությունդ անչափ է և գթությունդ անբավ: Դու քո առատ մարդասիրությամբ նայիր քո ժողովրդին և այս սուրբ տաճարին: Մեզ ու մեր աղոթակիցներին առատապես պարգևիր քո ողորմությունն ու գթությունը: Որովհետև քեզ վայելում է փառք, իշխանություն և պատիվ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն):

Այս  աղոթքից  հետո  մինչ  դպիրները  երգում են հավուր պատշաճի` ճաշու  Սաղմոսն ու  Շարականը,  քահանան  ծածուկ,  այսինքն` ցածր   ձայնով,   իր   աղոթքներն   է   շարունակում` խնդրելով Աստուծո օրհնությունը, ողորմությունն ու զորությունը հավատացյալ և հուսացյալ հոգիների համար:

Քահանան   Ս.   Ավետարանը   վերցնում   է ձեռքը:  Երբ  դպիրները  արդեն  վերջացնում են իրենց երգը, սարկավագը ժողովրդի ուշադրությունը հրավիրում է «Պռօսխումէ»  գոչելով, որ հունարեն լեզվով նշանակում է լսեցե՛ք, կամ` ուշադրություն դարձրե՛ք, և կամ ուղիղ   նայեցե՛ք   դեպի   վեր:   Այս   հրավերը տեղին  է,  որովհետև  այս  պահին,  սարկավագը  Ս.  Ավետարանը  քահանայի  ձեռքից  առնելով,  այն  բարձր  բռնած,  Ս.  Սեղանի  շուրջը` հյուսիսային կողմից գալիս է հարավային կողմ:

Սույն    վերաբերումի    ընթացքում    ժողովուրդն  ու  դպիրները  երեք  անգամ  երգում

են. «Սուրբ Աստուած, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ, որ խաչեցար վասն մեր ողորմեա՛ մեզ»: (Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ, որ խաչվեցիր մեզ համար, ողորմիր մեզ):

Այս աղոթքը կոչվում է «Երեքսրբեան», կամ հունարեն բառով` «trisaghion», որ նույն նշանակությունն  ունի: Հույն Օրթոդոքս Եկեղեցին «Երեքսրբեան»-ը երգում է առանց «որ խաչեցար վասն մեր»-ի  և  այդ  հավելվածի  մեջ  ուզում  է տեսնել մեր Եկեղեցու ոչ ուղղափառության ապացույցներից մեկը: Ամեն անգամ, որ Հույն  Եկեղեցու  հետ  միանալու  փորձեր  են եղել   անցյալի   մեջ,   նրանց   պայմաններից մեկն էլ «Երեքսրբեան»-ի փոփոխությունն է եղել, մի բան, որ մեր Եկեղեցին միշտ մերժել է`  իր  ճիշտ  տեսակետի  վրա  հաստատ  համոզում գոյացրած լինելով:

Ժողովուրդը, որ լսել է «Պռօսխումէ» ազդարարությունը  և  այժմ  տեսնում  է  Ս.  Ավետարանը, որ սարկավագը բարձր բռնելով` կատարում է վերաբերումը, Ավետարանը, որ Հիսուսի    աստվածությունն    է    պատմում, բնական վերացումով գոչում է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ» ու ավելացնում` «որ խաչեցար վասն մեր» որով ուզում է  ասել`  թեև  սուրբ,  հզոր  ու  անմահ  Աստված ես դու, և փրկիչը մարդկության, սակայն, այդ իսկ նպատակով` մարդ եղար, հավասարվեցիր  մեզ  և,  նույնիսկ,  անարգ  մահը կամովին  ընդունեցիր  խաչի  վրա,  միշտ  մեզ համար.  արդ`  այդ  այնքան  անսահման  խոնարհությանդ համար ողորմիր մեզ:

«Դո՛ւ, Տէ՛ր, ընկա՛լ ի բերանոյ մեղաւորացս զերեքսրբեան օրհնութիւնս եւ պահեա՛ զմեզ քոյին քաղցրութեամբ. թո՛ղ մեզ զամենայն յանցանս մեր զկամայ եւ զակամայ: Սրբեա՛ զհոգի եւ զմիտս մեր, եւ շնորհեա՛ սրբութեամբ պաշտել զքեզ զամենայն աւուրս կենաց մերոց, բարեխօսութեամբ սրբուհւոյ Աստուածածնի եւ ամենայն սրբոց քոց, որք յաւիտենից քեզ հաճոյացան»: (Դո՛ւ, ո՜վ Տեր, ընդունիր մեր` մեղավորներիս բերանից այս երեքսրբյան օրհնությունը և պահիր քո քաղցրությամբ: Ներիր մեզ մեր կամա և ակամա բոլոր հանցանքները, մաքրիր մեր հոգին ու միտքը և շնորհիր, որ մեր կյանքի բոլոր օրերին սրբությամբ պաշտենք քեզ, բարեխոսությամբ սրբուհի Աստվածածնի և քո բոլոր սրբերի, որոնք հավիտենից քեզ հաճելի եղան):

«Երեքսրբեան»-ից    հետո  սարկավագը սկսում է «համաշխարհական քարոզը»` բարձր, սակայն միաժամանակ, մեղմ, հուզիչ ձայնով: Չէ՞ որ պատարագիչ քահանան Աստուծո առաջ բարեխոսում և աղոթում է ժողովրդի համար: Ուրեմն, սարկավագը լավ իմանալով այս  պարագան,  դիմում  է  ժողովրդին`  նրան ասելու,  սովորեցնելու,  թե  այս  պահին  ի՛նչ աղոթք կարող է արտասանել և ի՞նչ կարող է խնդրել Աստծուց:

«Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք»: (Եվ խաղաղության համար ևս աղաչենք Տիրոջը):

Արդ` նախ  խաղաղություն  խնդրեցեք, պատվիրում  է  սարկավագը  և  ավելացնում. «Վասն  խաղաղութեան  ամենայն  աշխարհի»   այսինքն`  ոչ  միայն  մեր  անձի  խաղաղության, այլ   ամբողջ   աշխարհի   խաղաղության   համար:

Սարկավագը իր պատվերները շարունակելով` աղոթեցեք, ասում է, սրբերի, մեր հայրապետի,  վարդապետների,  քահանաների,  հանգուցյալ  հոգիների  համար  և  այլն: Ամեն մեկին ժողովուրդը (դպիրները) պատասխանում է. «Տէր, ողորմեա՛»-ով: Սույն քարոզը  վերջանում  է  մի  հրավերով,  որ  ամեն մարդ աղոթի իր համար և, նաև` ամեն մեկը մյուսների համար` անկեղծ ու եղբայրական սիրով տոգորված:

Քահանայի բազկատարած, կարճ աղոթքից հետո կրկին լսվում է սարկավագի «Օրհնեա, Տէր»-ը:  Քահանան  այս  անգամ  բարձր ձայնով  գոչում  է. «Զի ողորմած եւ մարդասէր ես Աստուած գոլով, եւ քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ…»: (Որովհետև` Աստված լինելով, ողորմած և մարդասեր ես, և քեզ վայելում է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ…):

 

Երգերը և շարժումները ընդհատվում են: Սովորաբար դպիրներից մեկը գալիս է դասի մեջտեղը և գրակալի վրա դրված մեծ գրքի միջից  (որ  կոչվում  է  Ճաշոց)  հատվածներ  է կարդում  այդ  օրվա  հատուկ  մարգարեներից և Պողոս առաքյալի թղթերից (նամակներ): Այդ  ժամանակ  ժողովուրդը  նստում  և  լսում է:

Մարգարեներից  և  առաքյալներից  ընթերցումներ են լինում, նախ` որպեսզի ժողովուրդը  լսի  բարի  հորդորներ  ու  խրատներ, բայց նաև` որպեսզի Հիսուս Քրիստոսի նախագուշակները և, ապա վկաները հիշվեն: Որովհետև, ինչ որ մարգարեները գուշակեցին,  առաքյալները  ճշմարտապես  տեսան  ու լսեցին, և, հետևաբար, նրանք Հիսուսի կյանքի  ու  խոսքի  կենդանի  վկաները  դարձան:

Դպիրի  ընթերցումը  ավարտվելուց  հետո նախասարկավագը  ուժեղ  ձայնով  գոչում  է. «Օրթի»,   այսինքն`   ոտքի   ելեք   (հունարեն բառ):

Պատարագիչ քահանան «Խաղաղութիւն ամենեցուն»-ով խաչակնքում է ժողովրդին, իսկ դպիրները (ժողովուրդը) պատասխանում  են.  «Եւ ընդ հոգւոյդ քում»-ով,  այսինքն` թե այդ խաղաղությունը, որ տալիս ես մեզ, նաև քո հոգու համար թող լինի: Նախասարկավագը կրկին պատվիրում է. «Երկիւղածութեամբ լուարուք»: (Երկյուղածությամբ լսեցեք):

Սարկավագը,   Ս.   Ավետարանը   ձեռքին, դառնում է ժողովրդի կողմը և հայտնում, թե  որ  ավետարանիչից  պիտի  կարդա,  օրինակ` «Սրբոյ Աւետարանիս Յիսուս Քրիստոսի որ ըստ Մատթէոսի»: (Հիսուս   Քրիստոսի   Սուրբ   Ավետարանից,   որ գրվել է Մատթեոսի կողմից):

Դպիրները, որպես ժողովրդի կողմից գոհունակության արտահայտություն, փառք են տալիս այս վայրկյանին ձայնելով. «Փառք քեզ, Տէր Աստուած մեր»:

Նախասարկավագը կրկին հրավիրում է ժողովրդի ուշադրությունը «Պռօսխումէ»-ով, որպեսզի ամեն մարդ պատրաստ լինի աստվածային   խոսք   լսելու,   իսկ   դպիրները   ժողովրդի կողմից պատասխանում են. «Ասէ Աստուած»,  այսինքն  թե`  Աստված  հիմա  կարող է խոսել, պատրաստ ենք, մոտ ենք նրան ու լսում ենք:

Չմոռանանք  ասել,  որ  Ավետարանը  կարդալու ժամանակ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի. չէ՞ որ նախասարկավագը նախապես ասել էր` Ոտքի ելեք: Ավետարանի  ընթերցումը  նպատակ  ունի հիշեցնելու   ժողովրդին   այն   առատ   ու   անչափ սերը, որ Աստված ունեցավ մարդկանց հանդեպ և աշխարհ առաքեց իր կենդանի խոսքը` իր Որդուն, որ մեզ բերեց հոգու խաղաղություն:  Եվ  իր  տեսակ-տեսակ  տնօրինություններով, իր խոսքերով, իր վարդապետություններով, իր կատարած գործերով, բայց,    մանավանդ,    իր    խաչելությամբ    ու հրաշափառ   հարությամբ   մեզ   անհունորեն երախտապարտ թողեց:

Իսկ այդ բոլորը մեզ պատգամողը Ավետարանն է. որից հատվածներ են կարդացվում  ամեն  պատարագի: Ահա  դրա  համար  է,  որ,  Ավետարանի  ավարտին, ժողովուրդը իր երախտագիտությունն է հայտնում դպիրների հաղթական երգով. «Փառք քեզ, Տէր Աստուած մեր»: Սարկավագը,   Ս.   Ավետարանը   ձեռքին, դառնում է դեպի խորանը, պատարագիչ քահանայի կողքին ու բարձր ձայնով արտասանում է «Հաւատոյ Հանգանակը»: Հոգեկան ոգևորյալ  այս  պահին  է,  որ  հավատացյալը խոստովանում է իր ուղիղ և ճշմարիտ հավատքի  դավանությունը:

Չմոռանանք,   միաժամանակ,   որ   արարողությունների ընթացքը մեզ ավելի է մոտեցնում պատարագի Ս. Խորհրդին, և, հետևաբար,  ներելի  չէր  լինի,  որ  հավատացյալները ներկա  գտնվեին  այդ  աստվածային  խորհրդին` առանց նախապես քրիստոնեական հավատքի հանգանակը ընդունած և խոստովանած լինելու: Եվ  ահա  այդ  է,  որ  կատարվում  է  այժմ «Հաւատամք»-ի բարձր և հանդիսավոր արտասանությամբ, որպես մի սրբազան ուխտ, երդում,   որին   բոլոր   ներկաները   մասնակցում են ձեռնամած:

«Հաւատոյ  Հանգանակը»   կոչվում   է   նաև «Նիկիական հանգանակ», որովհետև խմբագրված է Նիկիայի (Nicea) մեջ տեղի ունեցած առաջին եկեղեցական տիեզերական ժողովի ընթացքին,   325   թվականին:   Այդ   ժողովին մասնակցել   է   նաև   Հայաստանյայց   Եկեղեցին`  պատգամավոր  ուղարկելով  Ս.  Գրիգոր Լուսավորչի որդուն` Ս. Արիստակես կաթողիկոսին, երբ Գրիգոր Լուսավորչի որդուն` Ս. Արիստակես կաթողիկոսին, երբ Գրիգոր Լուսավորիչը տակավին ապրում էր խոր ծերության մեջ` եկեղեցու ղեկավարությունը Արիստակեսին փոխանցած լինելով:

«Հաւատամքի» մեջ Եկեղեցին հայտարարում է քրիստոնեական հավատքի հիմնական դավանանքը` Աստուծո, Աստուծո Որդի Քրիստոսի  և  Սուրբ  Հոգու  մասին,  այսինքն` Սուրբ Երրորդության նկատմամբ: Ուրիշ եկեղեցիներ, հետագայում, սույն հանգանակը փոփոխությունների և կրճատումների են ենթարկել:  Հայ  Եկեղեցին,  որպես  ավանդապահ  Եկեղեցի,  այն  պահել  է  նույնությամբ` վերջավորությունը   միայն   ավելացնելով   Ս. Գրիգոր Լուսավորչի. «Իսկ մեք փառաւորեսցուք…»-ը:

Մեր  Եկեղեցին  էլ  «Հաւատամքի»  ավելի երկար մի ձև ունի, որ գործածվում է ուրիշ առիթներով,    սակայն    բուն    «Նիկիական» խմբագրությունը Ս. Պատարագի մեջ կարդացվածն է, որ ստորև արտահայտում ենք ամբողջությամբ: Ուրեմն, «Փառք քեզ, Տէր Աստուած մեր»-ից անմիջապես հետո սարկավագը Ավետարանը բարձրացրած, երեսը դեպի խորանը, արտասանում է «Հաւատոյ Հանգանակը», մինչ ժողովուրդը  հոտնկայս  և  ձեռնամած  ունկնդրում է:

«Հաւատամք ի մի Աստուած, ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց և աներեւութից: Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս, յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ միածին, այսինքն` յԷութենէ Հօր: Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ` ծնունդ եւ ոչ արարած: Նոյն ինքն ի բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք: Որ յաղագս մեր` մարդկան, եւ վասն մերոյ փրկութեան իջեալ յերկնից` մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ Կուսէն` Հոգւովն Սրբով: Որով էառ մարմին, հոգի եւ միտք եւ զամենայն, որ ինչ է ի մարդ ճշմարտապէս եւ ոչ կարծեօք: Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնովն` նստաւ ընդ աջմէ Հօր: Գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր` ի դատել զկենդանիս եւ զմեռեալս, որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան: Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին, յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրէնս եւ ի Մարգարէս եւ յԱւետարանս: Որ էջն ի Յորդանան, քարոզեաց զԱռաքեալսն եւ բնակեցաւ ի սուրբսն: Հաւատամք եւ ի մի միայն Ընդհանրական եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի: Ի մի մկրտութիւն, յապաշխարութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց, ի յարութիւն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից` հոգւոց եւ մարմնոց, յարքայութիւնն երկնից եւ ի կեանսն յաւիտենականս: Իսկ որք ասենն` էր երբեմն, յորժամ ոչ էր Որդին, կամ` էր երբեմն, յորժամ ոչ էր Սուրբ Հոգին, կամ թէ` յոչ էից եղեն, կամ յայլմէ Էութենէ, ասեն, լինել զՈրդին Աստուծոյ եւ կամ զՍուրբ Հոգին. եւ թէ փոփոխելիք են կամ այլայլելիք, զայնպիսին նզովէ Կաթողիկէ եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի»:

(Հավատում ենք մեկ Աստուծո, ամենակալ Հորը, որ արարիչն է երկնքի և երկրի, տեսանելիների և անտեսանելիների: Եվ մեկ Տեր Հիսուս Քրիստոսի, Աստուծո Որդուն, ծնված Հայր Աստծուց միածին, այսինքն Հոր էությունից: Աստված Աստծուց, լույս` լույսից, ճշմարիտ Աստված, ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ արարած: Նույն ինքը Հոր բնությունից, որով եղավ ամեն ինչ, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա` տեսանելի և անտեսանելի: Որ մեր` մարդկանց և մեր փրկության համար իջնելով երկնքից` մարմնացավ, մարդացավ, կատարելապես ծնվեց սուրբ Կույս Մարիամից` Սուրբ Հոգով: Որով առավ մարմին, հոգի և միտք և ամեն ինչ, որ կա մարդու մեջ, ճշմարտապես և ո՛չ կասկածով: Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով բարձրացավ երկինք և նստեց Հոր աջ կողմում: Պիտի գա նույն մարմնով և Հոր փառքով` դատելու կենդանիներին և մեռածներին, որի թագավորությունը վախճան չունի: Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն, անստեղծ և կատարյալ, որ խոսեց Օրենքի, Մարգարեների և Ավետարանների մեջ: Որ իջավ Հորդանանում, քարոզեց առաքյալներին և բնակվեց սրբերի մեջ: Հավատում ենք նաև միակ, Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Մեկ մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության և թողության, մեռելների հարության, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանի, երկնքի արքայության և հավիտենական կյանքի: Իսկ նրանք, ովքեր ասում են, թե կար ժամանակ, որ Որդին չկար, կամ կար ժամանակ, որ Սուրբ Հոգին չկար, կամ թե ոչնչից ստեղծվեցին, կամ ասում են թե` Աստուծո Որդին և Սուրբ Հոգին ուրիշ էությունից են եղել և կամ փոփոխական են կամ այլայլելի, այնպիսիներին նզովում է Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցին):

«Իսկ մեք փառաւորեսցուք, որ յառաջ քան զյաւիտեանս, երկիրպագանելով Սրբոյ Երրորդութեան եւ Միոյ Աստուածութեան` Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժ եւ միշտ եւ յաւտեանս յաւիտենից: Ամէն»: (Իսկ մենք ժամանակներից առաջ եղածին փառավորում ենք երկրպագելով Սուրբ Երրորդությանը և մեկ Աստվածությանը Հոր և Որդու և Սուրբ Հոգու, այժմ և միշտ հավիտյանս հավիտենից: Ամեն):

«Նիկիական հանգանակը» արտասանելով`  ժողովուրդը  խոստովանած  է  լինում  ուղիղ    հավատքի    դավանանքը,    և,    ուրեմն, այժմ  կարող  է  արժանի  լինել  աստվածային խորհրդին մոտենալու, Սուրբ Պատարագի մատուցմանը  ներկա  գտնվելու: «Հաւատամք»-ից հետո նորից սարկավագն  է,  որ  սկսում  է  «Խաղաղականք»  կոչված երկար քարոզը, որով ժողովրդին պատվիրում  է,  այժմ  ինչ  պետք  է  խնդրի  Աստծուց: Միաժամանակ պատարագիչ քահանան էլ աղոթում է ծածուկ և ժողովրդի համար    խնդրում    այն,    ինչ    որ    սարկավագը հանձնարարում է խնդրել ժողովրդին:

Ահա սարկավագի խոսքերը` ուղղյալ ժողովրդին. «Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք», այսինքն` և խաղաղության համար ևս աղաչենք Տիրոջը, որին ժողովուրդը (դպիրները) պատասխանում է «Տէր, ողորմեա՛»-ով:

Սարկավագը շարունակում է. «Եւ եւս հաւատով աղաչեսցուք եւ խնդրեսցուք ի Տեառնէ Աստուծոյ եւ ի Փրկչէն մերմէ Յիսուսէ Քրիստոսէ ի ժամուս պաշտաման եւ աղօթից, զի արժանի ընդունելութեան արասցէ, լուիցէ Տէր ձայնի աղաչանաց մերոց, ընկալցի զխնդրուածս սրտից մերոց, թողցէ զյանցանս մեր, ողորմեսցի ի վերայ մեր: Աղօթք մեր եւ խնդրուածք յամենայն ժամ մտցեն առաջի մեծի Տէրութեան Նորա: Եւ Նա տացէ մեզ միաբան միով հաւատով եւ արդարութեամբ վաստակել ի գործ բարիս, զի զողորմութեան զշնորհսն իւր արասցէ ի վերայ մեր: Տէրն ամենակալ կեցուսցէ եւ ողորմեսցի»: (Եվ ևս հավատքով աղաչենք և խնդրենք Տեր Աստծուց և մեր Փրկչից` Հիսուս Քրիստոսից այս պաշտումի և աղոթքի ժամին, որ ընդունելության արժանի անի, Տերը լսի մեր աղաչանքները, ընդունի մեր սրտի խնդրանքները, թողություն տա մեր հանցանքներին և ողորմի մեզ: Մեր աղոթքներն ու խնդրանքները ամեն ժամանակ մուտք գործեն նրա Տերության առաջ: Եվ Նա շնորհք կտա մեզ միաբան մեկ հավատքով և արդարությամբ բարի գործեր կատարելու: Որպեսզի իր ողորմության շնորհները բերի մեզ վրա: Ամենակալ Տերը թող ապրեցնի և ողորմի):

Ժողովուրդը (դպիրները) պատասխանում է. «Կեցո՛, Տէր» (Ով Տեր, ապրեցրու մեզ):

Սարկավագը շարունակում է քարոզը. «Զժամ սուրբ պատարագիս եւ զառաջիկայ օրս խաղաղութեամբ անցուցանել ի Տեառնէ խնդրեսցուք»: (Տիրոջից խնդրենք, որ այս սուրբ պատարագի ժամը և գալիք օրը խաղաղությամբ անցկացնենք):

Ժողովուրդը խնդրում է. «Շնորհեա՛, Տէր» (Ո՜վ Տեր, շնորհի՛ր):

Սարկավագը` «Զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք»: (Մեր հանցանքների քավությունն ու թողությունը խնդրենք Տիրոջից):

Ժողովուրդը խնդրում է. «Շնորհեա՛, Տէր» (Ո՛վ Տեր, շնորհի՛ր):

Սարկավագը` «Զսրբոյ խաչին մեծ եւ կարող զօրութիւնն յօգնութիւն անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք»: (Սուրբ խաչի մեծ ու կարող զորությունը մեր անձերի օգնության համար խնդրենք Տիրոջից):

Ժողովուրդը խնդրում է. «Շնորհեա՛, Տէր» (Ո՜վ Տեր, շնորհի՛ր):

Սարկավագը` «Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք»: (Նաև մեր ճշմարիտ ու սուրբ հավատքի համար միաբանության աղաչենք Տիրոջը):

Ժողովուրդը աղոթում է. «Տէր, ողորմեա՛» (Ո՜վ Տեր, ողորմի՛ր):

Սարկավագը` «Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք»: (Մեր անձերն ու իրար հանձնենք ամենակալ Տեր Աստծուն):

Ժողովուրդը հաստատելով նույն գաղափարը կրկնում է. «Քեզ Տեառնդ յանձն եղիցուք»: (Քեզ, Տիրոջդ ենք հանձնվում):

Սարկավագը` «Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուած մեր, ըստ մեծի ողորմութեան քում, ասասցուք ամենեքեան միաբանութեամբ»: (Մեր Տեր Աստվա՛ծ, ողորմիր մեզ քո մեծ ողորմությամբ, բոլորս ասենք միաբանությամբ):

Ժողովուրդը (դպիրները) պատասխանում է. «Տէր, ողորմեա՛, Տէր, ողորմեա՛, Տէր, ողորմեա՛»: (Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր):

Սույն երկար քարոզից հետո քահանան էլ, որ իր ծածուկ աղոթքը վերջացրել է արդեն,  բարձր  ձայնով  ասում  է. «Որպէսզի արժանաւոր եղիցուք գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Հօր եւ Սուրբ Հոգւոյդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն»: (Որպեսզի արժանավոր լինենք գոհությամբ փառավորելու Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն):

Եվ ժողովրդին դառնալով` «Խաղաղութիւն ամենեցուն»:

Այնուհետև հաջորդում է քահանայի ամենից ոգեշունչ և գեղեցիկ աղոթքներից մեկը.

«Խաղաղութեամբ քով, Քրիստո՛ս Փրկիչ մեր, որ ի վեր է քան զամենայն միտս եւ բանս. ամրացո՛ զմեզ եւ աներկիւղ պահեա յամենայն չարէ: Հաւասարեա՛ զմեզ ընդ ճշմարիտ երկրպագուս քո որք հոգւով եւ ճշմարտութեամբ քեզ երկիրպագանեն, վասնզի ամենասուրբ Երրորդութեան վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Օրհնեա՛լ Տէր մեր Յիսուս Քրիստոս: Ամէն: Տէր Աստուած օրհնեսցէ զամենեսեան»: (Քո խաղաղությամբ, ով Քրիստոս Փրկիչ մեր, որ ամեն մտքից և խոսքից վեր է, ամրացրու մեզ և անվախ պահիր ամեն չարից: Հավասարեցրու մեզ քո ճշմարիտ երկրպագուների հետ, որ հոգով և ճշմարտությամբ երկրպագում են քեզ: Որովհետև ամենասուրբ Երրորդությանդ վայելում է փառք, իշխանություն և պատիվ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Օրհնեալ Տեր մեր Հիսուս Քրիստոս: Ամեն: Տեր Աստված թող օրհնի բոլորիդ):

Այս  աղոթքից  հետո  քահանան  հանում  է իր գլխի սաղավարտը, իսկ եթե եպիսկոպոս է պատարագիչը` խույրը, եմիփորոնը և մյուս զարդերը: Մինչև   հիմա   պատարագիչը   փառավորված էր գլխին դրած սաղավարտով կամ թագով  և  այլ  զարդերով  և  խորհրդանշում  էր Քրիստոսի   անձը:   Բայց   հիմա,   երբ   պատրաստվում է Հիսուսի մարմինն ու արյունը սեղանի վրա ընդունել, այլևս հրաժարվում է իր  մինչև  հիմա  ունեցած  ձևական  դիրքից  և ինքն էլ, իբրև խոնարհ մի սպասավոր, պատրաստվում է կատարել Աստուծո Որդու պատարագի ահագին խորհուրդը:

Սրանից հետո քահանան ինքն էլ մի սպասարկու է և սարկավագի օգնությամբ կատարում է պատշաճ արարողություններն ու խորհուրդները:  Սարկավագը  հետ  այսու  էլ ժողովրդին քարոզում և սովորեցնում է աղոթել ու խնդրել, իսկ քահանան աղոթում է ժողովրդի համար և Աստուծո առաջ ներկայացնում է նրա խնդրանքները:

 

 

Նախորդ գլուխը՝

ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ՍԿԻԶԲԸ

Հաջորդ գլուխը՝

ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻ ՊԱՏԱՐԱԳ